Կառավարության նախորդ նիստերից մեկում հաստատվեց եւ Ազգային ժողովին ներկայացվեց ծխախոտի գովազդն արգելող օրենքի նախագիծ, ինչի դափնիներն անմիջապես վերագրվեցին ՀՀ առողջապահության նախարարությանն ու նախարարին։ Մինչդեռ մեզ բոլորովին այլ բաներ պատմեցին խմբագրություն այցելած «Գրանդ տոբակո» ընկերության գովազդի բաժնի ղեկավար Արմեն Պողոսյանը եւ լրատվության հարցերի պատասխանատու Արման Վանեսքեհյանը, որոնց վրդովմունքըՙ նախարարի նման պահվածքից, նրանց հաղորդած տվյալներին ծանոթանալուց հետո միանգամայն հասկանալի դարձավ։
Ընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ շուրջ 2 տարի «Գրանդ տոբակոն» զբաղվել է այդ հարցով։ Ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանն ուղերձ է հղել ԱԺ պատգմավորներին, ծխախոտի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող ձեռնարկատերերին, դիմումՙ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ու վերջապեսՙ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանին, որոնցում կոչ է արել ընդհանրապես արգելել ծխախոտի գովազդը։ Առողջապահության նախարարին առաջարկվել է իրականացնել ծխելու դեմ պայքարի համատեղ ծրագրեր, որոնց ֆինանսավորումը պետք է ստանձներ ընկերությունը, իսկ նախարարությունից ակնկալվում էր ընդամենն աջակցություն եւ մասնագիտական խորհրդատվություն։ Սակայն այս ամենը մնացել է անարձագանք։ Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ իրենք էլ զրուցել են առողջապահության փոխնախարար Վլադիմիր Դավիդյանցի, նախարարի լրատվության հարցերով պատասխանատու Ռուսլանա Գեւորգյանի հետ։ Նախապես համաձայնելով, դրական համարելով առաջարկը, այսՙ ժողովրդի առողջությամբ խիստ «մտահոգված» նախարարի ենթակաները գործն արդեն կոնկրետ քայլերին հասնելուն պես լիակատար անտարբերություն ու անգործություն էին դրսեւորում։
Այս ամենը տեսնելով, սեփական ուժերով «Գրանդ տոբակոն» պատրաստեց ծխելու վնասակարության մասին տեսահոլովակներ, «Ասթմայով հիվանդների պաշտպանության եւ ծխելու դեմ պայքարի» հիմնադրամ։ Թվում էր, թե առողջապահության նախարարության կողմից ընկերությունն առնվազն բանավոր քաջալերանքի կարժանանա, քանի որ «Գրանդ տոբակոն», այնուամենայնիվ, իր տեսահոլովակներում մշտապես նշում էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է ծխելու վնասակարության մասին։ Մինչդեռ այդ հոլովակների ցուցադրումից հետո տեղի ունեցավ բոլորովին այլ բանՙ Արմեն Պողոսյանի եւ Արման Վանեսքեհյանի հավաստմամբ, առողջապահության փոխնախարարը եւ լրատվության հարցերով պատասխանատուն (որն, ի դեպ, բացի իր գիտությունների դոկտոր լինելը վկայակոչելուց, առանձնապես որեւէ լրատվություն չի տալիս¬ Ա. Մ.) անմիջապես իրենց բուռն զայրույթն են հայտնել նախարարության անվանումը հիշատակելու համար։ Դա, ըստ նրանց, կարող է պատճառ դառնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) տրվող գումարների դադարեցման, քանի որ այս կազմակերպությունն արգելում է նախարարությանը համագործակցել ծխախոտ արտադրողի հետ։ Պարզվում է, որ ծխելու դեմ պայքարին նվիրված գովազդային տեսահոլովակները վտանգում են նախարարության «սուրբ սրբոցը»ՙ դրսից ստացվող ֆինանսական օժանդակությունը։ Իրականում հենց դա է նախարարի եւ նրան ձայնակցողների մտահոգության առարկան, թե չէ որոշ միամիտներ դեռեւս շարունակում էին հավատալ, որ նրանք մտածում են բնակչության առողջության մասին։ Դեռ լավ է, որ նախարարությունը հակածխախոտային արշավի համար դատի չի տալիս «Գրանդ տոբակոյին» կամ գուցե դեռեւս դատի չի տվել։ Ի դեպ, չի կարելի դա բացառել, քանի որ մարդկանց ամենաթույլ տեղինՙ գրպանին դիպչելիս, նրանց մտածմունքի միակ առարկան (տվյալ դեպքում) դադարում է բնակչության առողջությունը լինելը։ Իսկ եթե ըստ էության անդրադառնանք ԱՀԿ-ից ֆինանսական օժանդակության դադարեցման հնարավորության հարցին, ապա նախՙ դա պետք է ստորադաս լինի նախարարության հիմնականՙ բնակչության առողջության պահպանման պարտականությանը, երկրորդՙ «Գրանդ տոբակոյից» ֆինանսավորումը հնարավոր էր ձեւակերպել ծխախոտի հետ կապ չունեցող «Գրանդ» հոլդինգի մյուս ընկերություններիՙ «Գրանդ քենդիի» կամ «Գրանդ սանի» կողմից։ Սա եւս առաջարկվել է նախարարին եւ մյուս պաշտոնյաներին, բայցՙ ապարդյուն։ Թերեւս այլ բան չէր էլ կարելի սպասել, քանի որ այս դեպքում համատեղ հանդես են գալիս չինովնիկի անձնական շահն ու անտարբերությունը որեւէ նախաձեռնության նկատմամբ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ