Ազգային ժողովը «գործ է անում»
«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը երեկ շարունակվեց գրող, ԱԺ պատգամավոր, տուժող Դավիթ Հովհաննեսին ուղղված հարցերով, որոնք այնքան էլ շատ չէին։ Հետաքրքրական էր, որ հարցադրումների սակավությամբ անելիքը կարծես թե շուտ ավարտվեց։
Բացակայող փաստաբաններ Աշոտ Սարգսյանին եւ Էդուարդ Աղաջանյանին հարցեր տալու իրավունքն ապահովելու համար դատարանը ընդմիջեց նիստը։
Երբ դատական նիստը շարունակվեց, փաստաբան Աշոտ Սարգսյանն իր բացակայությունը պատճառաբանեց, թե ԿԸՀ անդամ լինելով, ընտրական գործերով գտնվում էր Կոտայքի մարզում, ուստի չէր կարող ներկայանալ առավոտյան։ Նրա եւ փաստաբան Էդուարդ Աղաջանյանի մի քանի հարցերով էլ ավարտվեց տուժողի հարցաքննությունը։
Վերջում Դավիթ Հովհաննեսը եզրափակեց, թե ինքը վրեժխնդրության հարց չունի, այլ ցանկանում է, որ լինեն օբյեկտիվ դատավարություն եւ արդարացի դատավճիռ։
Ըստ տուժողի, «27»-ի դեպքերի ահաբեկիչների համար մահապատիժն ամենածանր պատիժը չէ։ Ավելի ծանր պատիժ է ցմահ բանտարկությունը, բայց, ինչպես հայտնեց Դավիթ Հովհաննեսը, Հայաստանում «ցմահ բանտարկություն» պատժատեսակ չունենք։
Գրողի կարծիքով, ամբաստանյալների համար ամենամեծ պատիժն այն կլինի, որ նրանք կմոռացվեն, կջնջվեն պատմությունից։ Ըստ ԱԺ պատգամավորի, նրանք անգամ հույսեր կարող են չունենալ, քանի որ Հերոստրատի փառքը նույնիսկ հեռու է նրանցից։
Այսքանով դատական նիստն, ըստ էության, ավարտվեց, քանի որ հայտարարված ընդմիջումից հետո ոչ մի տուժող չներկայացավ։
Սա, թերեւս, հասկանալի էր այնքանով, որ Ազգային ժողովը երեկ զբաղված էր «կարեւոր գործով», իսկ դատարանն էլ, ըստ էության, որոշեց իզուր տեղը չսպասել տուժողների ներկայանալուն։
Ա. Հ.