«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2002-06-07 | #106, 2002-06-08 | #107, 2002-06-11


«ԽԻԶԱԽ ԿԱՆԱՅՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԼՂՀ-ՈՒՄ

1999 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելության ընթացքում ֆրանսահայ բարեգործ, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Լեւոն Քեբաբջյանի կինըՙ Նադյան, ցավով արձանագրեց, որ արցախցի զոհված ազատամարտիկների ընտանիքները թշվառ պայմաններում են ապրում։ Թեեւ պատերազմական գործողությունների ավարտից 5 տարի էր անցել, բայց լեռնային գյուղերի խարխուլ տներում այրիներն անասելի դժվարություններով ընտանիք էին պահում կառավարական չնչին նպաստներով, որոնք անբավարար էին նույնիսկ հաց գնելու համար։ Տեսածից ցնցվածՙ Նադյան որոշեց օգնության ձեռք մեկնել եւ գտավ բազմանդամ ընտանիքներին օժանդակելու եղանակ։

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում լույս տեսնող «Ազադ մեգզին» եռամսյա հանդեսին տված հարցազրույցում Նադյա Քեբաբջյանը պատմում է, որ ինքը խուսափել է բարեգործության այն ձեւերից, որոնք մշտական կախման մեջ են պահում օգնություն ստացողներին։ Նա ջանացել է զոհված ազատամարտիկների ընտանիքների համար ապահովել ինքնուրույն գոյատեւման հնարավորություն։ Պարզելով, որ այդ բազմանդամ ընտանիքների հիմնական սնունդը կաթնեղենն է, նա ճիշտ համարեց նրանց կաթնատու կովեր նվիրելը։ Բայց անձնվեր այրիներին առավել պատասխանատու դարձնելու եւ համերաշխության ոգին ամրապնդելու նպատակով Նադյա Քեբաբջյանը մշակեց «Խիզախ կանայք» ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի, նախ գյուղապետարանները կազմում են առավել կարիքավոր ընտանիքների ցուցակներ։ Դրանց հիման վրա բարեգործներն առաջին հերթին ընտրում են այն ընտանիքները, որտեղ առավել շատ երեխաներ կան։ Այդ ընտանիքներից յուրաքանչյուրն ստանում է 2 կով եւ 2 հորթ (դրանք գնվում են տեղումՙ 678 եվրո ընդհանուր գնով)։ Կովերից մեկի կաթը օգտագործում է ընտանիքը, իսկ մյուսինը կարելի է վաճառել եւ եկամուտ ստանալ։ Մեկ տարի անց, երբ երկու կովերը հորթեր են ծնում, ընտանիքը պարտավոր է վերադարձնել մեկական կով եւ հորթ։ Դրանք նախատեսված են ուրիշ ընտանիքի համար, որը միեւնույն պայմանով ստանում է 2 կով եւ 2 հորթ։ Մինչեւ վերադարձնելը ընտանիքներն իրավունք չունեն վաճառել կամ մորթել անասունները։ Ընտանիքն անասունների սեփականատեր է համարվում պայմանագրի ժամկետի ավարտից հետո միայն։ Հանդեսի տվյալներով, մինչեւ օրս Մարտակերտի շրջանի 20 գյուղերի 55 եւ Նորաշենի 8 ընտանիքներ արդեն օգտվել են «Խիզախ կանայք» ծրագրիցՙ բարելավելով իրենց կենսապայմանները։ Ոմանք խոստովանում են, որ վաճառել չկարողանալու պատճառով կաթնեղենը կիսում են մերձավորների հետ։

Հարյուրավոր ուրիշ ընտանիքներ ապրում են ծրագրում ընդգրկվելու հույսով։ Սակայն զոհված ազատամարտիկների ընտանիքները շատ են, իսկ Նադյա Քեբաբջյանի միջոցներըՙ սահմանափակ։ Այդուհանդերձ, նրա նպատակն է ծրագրի գործողությունը տարածել ԼՂՀ ամբողջ տարածքում։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4