Նախագահ Քոչարյանի այցերի կարեւոր եւ պարտադիր մաս են կազմում տվյալ պետության հայ համայնքի հետ հանդիպումները։ Բացառություն չկազմեց նաեւ Բելառուսը, որտեղ հունիսի 6¬7-ը պաշտոնական այցով գտնվում էր երկրի ղեկավարը։ «Ազգը», ինչպես խոստացել էր նախորդ համարում, փոքր ուշացումով, անդրադառնում է Ռ. Քոչարյանիՙ բելառուսահայ համայնքի հետ հանդիպմանը, կենտրոնանալով առանցքային երկու հարցերի վրաՙ Հայաստանի տնտեսության եւ արտաքին քաղաքականության։
«Պետության ղեկավարումը ստանձնելուց հետո խնդիր դրվեց սկզբունքորեն նոր տնտեսություն ձեւավորել»
Ուշադիր ընթերցողը նկատած կլինի, որ Ռոբերտ Քոչարյանիՙ սփյուռքի հայ համայնքի հետ հանդիպումների ելույթները սկզբունքորեն քիչ են միմյանցից տարբերվում։ Բացառություն չէր նաեւ բելառուսահայ համայնքի հետ հանդիպման ելույթը, որում երկրի նախագահն ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Մյուս կողմից, այս ելույթը նախորդներից առանձնանում էր շեշտադրումներով։ Առնվազն երեք անգամ, ճիշտ էՙ անուղղակի, Քոչարյանը քննադատեց Հայաստանի նախորդ կամ ՀՀՇ-ական իշխանությունների տնտեսական քաղաքականությունը։
Նախՙ Քոչարյանը նկատեց, որ 90-ական թթ. սկզբին տնտեսությունն այնքան էր անկում ապրել, որ խոսք չէր գնում Հայաստանի տնտեսական պոտենցիալի վերականգնման մասին։ «Պետության ղեկավարումը ստանձնելուց հետո խնդիր դրվեց սկզբունքորեն նոր տնտեսություն ձեւավորելու», ասաց երկրի ղեկավարը։ 2001 թ. արդյունքներով, նախորդ տարվա համեմատ, արտահանումն ավելացել է 15 տոկոսով, 2002 թ. հունվար-մայիս ամիսների արդյունքովՙ մոտ 50 տոկոսով։
Երկրորդՙ Քոչարյանը նշեց, որ վերջին 4¬5 տարիներին Հայաստանում չի եղել դեպք, երբ ներդնողը թողնի, հեռանա։ Հայաստանում, ի տարբերություն ԱՊՀ պետությունների, շորթում (ռեկետ) չկա։
Երրորդ, Հայաստանի նախագահն ասաց, որ աղետի գոտում վերականգնողական աշխատանքները սկսվել են 1998 թ.-ից, իսկ 2003 թ. աղետի գոտի չենք ունենա։
2001 թ. Հայաստանի առողջացող տնտեսությունում արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական աճ, այս տարվա ցուցանիշը կլինի 9¬10 տոկոս։
«Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, եւ ես որեւէ այլ լուծման հնարավորություն չեմ տեսնում»
Վերջին կես տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների, այդ թվումՙ նախագահ Քոչարյանի մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման առումով եղել է հետեւյալը. Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Բելառուսում Քոչարյանը որոշ «սրբագրումներ» արեցՙ հայտարարելով. «Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, եւ ես որեւէ այլ լուծման հնարավորություն չեմ տեսնում, այլապես Ղարաբաղում հայեր չեն լինի»։
Հայաստանի նախագահը, օրինակ բերելով Բալկանները, ավելի ստույգՙ Բոսնիա-Հերցեգովինայի դեպքը, նշեց, որ էթնիկ հակամարտություններն այլ կարգավորում չեն կարող ունենալ։ Մեր տպավորությամբՙ Քոչարյանի մոտեցումը ԼՂՀ կարգավիճակին մոտավորապես հետեւյալն է. ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը կազմում են ընդհանուր պետություն, ինչպես Բոսնիայի եւ Հերցեգովինայի պարագայում է, իսկ իրականումՙ Ղարաբաղը դե ֆակտո մնում է անկախ պետություն իր պետական կառույցներով, եւ Ստեփանակերտի ենթակայությունը Բաքվին բացառվում է։ Թերեւս մտածելու տեղիք է տալիս Քոչարյանի մեկնաբանության հետեւյալ հատվածը. «Ցանկացած լուծում իրականացնելը, հասարակությանը մատուցելը քաղաքական առումով բարդ է լինելու։ Այսօր առկա է ոչ պատերազմի, ոչ խաղաղության վիճակ։ Որքան ձգվի, այնքան բարդ է լինելու հակամարտության լուծում գտնելը, առավել բարդՙ իրականացնելը»։
«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների», ասաց Հայաստանի նախագահը, ընդգծելով, որ ԼՂ խնդրում Թուրքիան խիստ շահագրգռված է Ադրբեջանի համար, Թուրքիայում հասարակական կարծիք կա, ըստ որի Հայաստանի հետ հարաբերություններ ունենալը համարվում է դավաճանություն Ադրբեջանի նկատմամբ։
Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է մեր մյուս հարեւանիՙ Վրաստանի ներքին կայունությամբ. «Վրաստանի ղեկավարության հետ ունենք լավ հարաբերություններ, փորձում ենք ամեն ինչ անել, որ Վրաստանի սոցիալական խնդիրները չվերածվեն ազգամիջյան խնդիրների»։
Հայաստանի ղեկավարն Իրանի հետ հարաբերությունները որակեց «լավ», Ռուսաստանի հետՙ «փայլուն»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Մինսկ-Երեւան