«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


«6-7 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍԱ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՀԱՄԱՐԵԼ»

Ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ազգային ժողովի երեկվա նիստին, ինչպես նախորդ օրը, ամբիոնը «բռնագրավված» էր մի խումբ քաջամարտիկ պատգամավորների կողմից։ Նրանց պահանջը միեւնույնն էրՙ արտահերթ կարգով քննարկել ընդդիմադիր 6 պատգամավորի կողմից ներկայացված «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու մասին եզրակացություն ստանալու համար ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծը։

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի եւ այլոց հորդորները ազդեցություն չգործեցին, ընդդիմադիր պատգամավորներն ամբիոնը չզիջեցին։ Նրանց մոտեցան հարցը քննարկելու հակառակորդ մեծամասնությունից մի քանի պատգամավոր, եւ սկսվեց քաշքշուկ, իսկ պատգամավոր Հակոբ Հակոբյանը շպրտեց մանդատը եւ լքեց դահլիճը։ Նիստը երկու անգամ ընդմիջվելուց հետո ԱԺ նախագահն ստիպված եղավ փակել այն։

Ավելի ուշ, Երեւանի կոնյակի գործարան տված այցելությունից դուրս գալու պահին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին երկրի խորհրդարանում ծավալվող իրադարձություններին։

¬ Ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդարանի իրադարձություններին եւ ի՞նչ եք ձեռնարկելու։

¬ Այն, ինչ կատարվում է, թերեւս բոլորի համար տհաճ տպավորություն է թողնում։ Չեմ կարծում, թե խորհրդարանը կարող է մի քանի, մեղմ ասած, անկարգապահ պատգամավորների գերին դառնալ։ Համոզված եմ, որ խորհրդարանում կան առողջ ուժեր, որոնք ի վիճակի են իրենք կարգավորել ստեղծված իրավիճակը։ Եթե տեսնենք, որ այս իրավիճակը շատ է ձգձգվում եւ եթե դիմում լինի խորհրդարանից, ապա, իհարկե, միջամտելու ենք եւ ցույց ենք տալու, որ կարգը պարտադիր է նաեւ պատգամավորի համար։ Եթե շատ ձգձգվի, կմիջամտենք նաեւ առանց դիմումի, բայց, կրկնում եմ, կան առողջ ուժեր, որոնք ի վիճակի են այդ հարցը լուծել։

¬ Չե՞ք կարծում, որ պետք է լուծարել այս խորհրդարանն ընդհանրապես։

¬ Կարող է թվալ, թե ամենակարճ լուծումն է, բայց եթե փորձենք մի քիչ անձնավորված տեսնել այս վիճակը, ապա պարզ է, որ ընդամենը այս երկու օրվա ընթացքում 6¬7 պատգամավորի ագրեսիվ կեցվածքն է ստեղծել այս պատկերը։ Չեմ կարծում, որ այդ 6¬7 կամ 10 պատգամավորի պատճառով պետք է ամբողջ խորհրդարանի վարկանիշն ընկնի։ Երկիրը ճանաչվում է իր կարեւոր ինստիտուտներովՙ խորհրդարան, նախագահ, կառավարություն։ Մարդիկ, ովքեր իրենց այդպես են պահում, ուղղակի չեն մտածում երկրի վարկանիշի մասին։ Կառաջարկեի այդ մի քանի հոգու կեցվածքը չտարածել ամբողջ խորհրդարանի վրա։ Փորձենք պահպանել այդ կարեւոր ինստիտուտի հեղինակությունը, բայց մեծամասնությունըՙ խմբակցությունները, սա պետք է գնահատի եւ ակտիվ ու ավելի համառորեն պաշտպանի խորհրդարանի վարկանիշըՙ թույլ չտալով այն խուլիգանությունը, այլ բառ ես դժվարանում եմ գտնել, որ այս երկու օրը տեղի ունեցավ։

¬ Օրինակա՞ն էր հարցը Արմեն Խաչատրյանի կողմից օրակարգ չմտցնելը։

¬ Անօրինական կլիներ, եթե հարցը մտներ օրակարգ։ Դա հնարավորություն կտար մինչ խորհրդարանական ընտրությունները, մինչեւ 2003 թ.-ի մայիս, ամեն ամիս նման առիթներ ստեղծել եւ օրենսդրական աշխատանքով զբաղվելու փոխարեն, անընդհատ ինչ-որ թեմաներ հարուցել։ Սա սկզբունքային հարց է։ Ստեղծված է հանձնաժողով, որի իրավասությունները շատ հստակ ընդգծված են։ Եզրակացության մեջ, ինչ-որ տեղ խախտումներով ինչ-որ մի նախադասություն գնաց, որ կապ չունի այն լիազորությունների հետ, ինչի համար ստեղծված է հանձնաժողովը։

¬ Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթե հարցն ինքնըստինքյան չլուծվի։

¬ Ես արդեն պատասխանեցի այդ հարցին։ Իսկ հարցն ինքնըստինքյան չի լուծվելու, որովհետեւ կան մարդիկ, որոնք այլ մասնագետի, չեմ ասումՙ որ, կարիք ունեն։ Մի քանի հոգու պատճառով ես չեմ ուզում սա անվանել խորհրդարանական ճգնաժամ։

¬ Ինչպե՞ս եք վերաբերվում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի պարտությանը։

¬ Ճիշտ կլիներ, որ Երեւանի կոնյակի գործարանում այդ հարցը չտայիք։ Քանի որ լավ առիթով ենք այստեղ, փորձեցինք ֆրանսիացիների տրամադրությունը չգցել։ Այս առաջնությունում ընդհանրապես մեծ անակնկալներ կային։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4