Մեծ չէ Տիգրան Մեծի երկարությունը, նկատի ունեմ փողոցը, ավելի ճիշտՙ փողոցի այն հատվածը, որն սկսվում է Հանրապետության փողոցի հատույթից եւ երկարում մինչեւ Խանջյանի խաչմերուկ։ Երկար չէ, բայց հավանաբար Երեւանի ամենաբանուկ հատվածն է, թեկուզ կատակով արժանի «Ուոլ Սթրիթ» կոչվելու։ Դրամի փոխանակման բազում կետեր, մեկ բանկ, նպարեղենի եւ հագուստեղենի խանութներ, երեք խաղատուն, մեկ սրճարան¬հասարակաց տուն, մի մեծ, շքեղ դեղատուն, ավիատոմսերի վաճառման կետեր եւ այլն։ Այստեղից է բացվում Ֆիրդուսին, ժողովրդային անվանակոչմամբՙ պարսկական շուկան, ուր տասնյակ հազարավոր մարդիկ են ամեն օր ներս ու դուրս անում։ Հա, քիչ էր մնում մոռանայիՙ այստեղ է գտնվում նաեւ կենտրոնական գրասենյակը «Հզոր հայրենիք» կուսակցության, որի նախագահը Երեւանի փոխքաղաքապետն է։
Այս օրերին Տիգրան Մեծն էլ, ավելի շուտՙ փողոցի այս հատվածը, քանդված տեսք ունի, ինչպես Երեւանի կենտրոնի ուրիշ շատ փողոցներՙ Խանջյանը, Կորյունը, Մաշտոցը, Տերյանը եւ մյուսները։ Քանդված-հանված է փողոցի երկու կողմերի մայթը, բացի դեղատան հատվածից, որի սեփականատերն իր եւ իր հաճախորդների համար ժամանակին մտածել-հոգացել է բարեկարգ ու գեղեցիկ մայթ սարքել։ Մնացածը... Մնացածի հոգը չէ։ Անձրեւ լինի, ձյուն թե փոշի, հաճախորդները գալու են, մարդիկ անցնելու են այդ տանջահար, քայքայված մայթերով։ Իրենց պարտականությունը փող հաշվելն է, դրամ շահելը, նաեւ տարածքների տզրուկներին կերակրելը։ Մանավանդ որ ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ թաղապետարանից իրենց ոչ ոք չի ասել, չի պարտադրել մի քիչ փող տրամադրել մայթերն ու մայթեզրերը կարգի բերելու։
Հիմա ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամն է եկել, սարքում է իրենց փոխարեն։ Սարքում է իրենց համար, իրենց հաճախորդների։ Փող է ծախսում, որպեսզի սրանք փող աշխատեն։ Մինչդեռ այդ գումարները հիմնադրամը կարող էր ծախսել Երեւանում նոր ճանապարհների, նոր կամուրջների, նոր անցումների շինարարության համար, անվճարունակ թաղամասերի, ոչ վաճառաշահ փողոցների ու մայթերի համար։
Իսկ Երեւանի կենտրոնում այս օրերին վերակառուցվող քանի՞ հատվածներ կան, որոնք Լինսի գումարների կարիքը չունեին վերակառուցվելու համար։ Պարզապես մի փոքր թասիբ էր պետք։
Հ. Ա.