«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻՑ

Իսկ ինչո՞վ է զբաղված տեսչությունը

Անպատասխանատվությունն ու անհետեւողականությունը կարծես թե մեզանում կարգախոս են դարձել։ Եվ նման կարգախոսն անշուշտ հատուկ է նաեւ պետական ապարատի մեծ ու փոքր օղակներին, որոնք երբեք «չեն տառապում» պարտականություններն անբասիր կատարելու մղումով։

Այս ամենի շարքում իր առանձնահատուկ տեղն ունի պետավտոտեսչությունը, որը համառորեն լռություն է պահպանում «Ազգում» հրապարակված մի շարք հոդվածների կապակցությամբ։ Մասնավորապես, «Ազգը» վերջին 2 շաբաթում հոդվածներ էր հրապարակել Բարեկամության հրապարակից դեպի Կիեւյան կամուրջ, Բաղրամյան պողոտա եւ Կոմիտաս գնացող հատվածների ավտոկանգառներում տիրող խիստ վթարային իրավիճակների մասին։ «Ազգը» հրապարակել էր նաեւ Խանջյան փողոցի որոշ խաչմերուկներում լուսազդանշանների չաշխատելու կապակցությամբ հոդվածներ։

Եվս մեկ հոդված «նվիրել» էինք պետավտոտեսուչների կողմից խիստ շահութաբեր տուգանքների իրագործմանը։

Չաշխատող կամ անընդհատ անիմաստ թարթող լուսազդանշաններով խաչմերուկներն, իհարկե, միայն Խանջյան փողոցի «մենաշնորհը» չեն։ Նման երեւույթի ականատես կլինեք քաղաքի տարբեր մասերում, որտեղ, սակայն, ոչ մի պետավտոտեսուչ չի աշխատում կարգավորել երթեւեկությունը։ Սա մի պարզ պատճառ ունի. նման աշխատանքի դեպքում պետավտոտեսչության աշխատակիցը կմնա աշխատավարձի հույսին. տխո՜ւր բան է ապրել աշխատավարձով։

Ինչեւէ, բարվոք եւ անվտանգ վիճակից հեռու է նաեւ երթեւեկությունը կենտրոնական մի շարք զուգընթաց փողոցներով. Սարյան, Տերյան, Աբովյան, Նալբանդյան, Խանջյան։ Մեծ մասամբ միակողմանի երթեւեկությամբ Աբովյան, Նալբանդյան, Խանջյան փողոցները գրեթե միշտ ծանրաբեռնված են, եւ դրանց վերահսկողությունը, որպես կանոն, բացակայում է։ Սարյան փողոցում էլ երթեւեկությունն այնքան արագ է, որ մի պահ մոռանում ես մայրաքաղաքում գտնվելդ։

Եվ սա դեռ խնդիրների մի չնչին մասն է։

Շարունակենք շրջել մայրաքաղաքում։ Այս անգամ փորձենք երթեւեկել Հանրապետության հրապարակից սկսվող Տիգրան Մեծի փողոցով։ Մինչեւ կինոթատրոն «Այրարատ» դուք զգալի րոպեներ կծախսեք, եւ այն պատճառով, որ առանց այն էլ նեղլիկ այդ հատվածի 2 կողմում մեքենաներ են շարված։ Գուցե թե պետք է արգելե՞լ այդ հատվածում ավտոկանգառներըՙ ես չգիտեմ, բայց գոնե պետավտոտեսչությունը որեւէ կերպ կարգավորի երթեւեկությունը։

«Ազգը» հոդված էր հրապարակել նաեւ քաղաքում այս ու այնտեղ հանդիպող բաց իջանցքերի (լյուկերի) վտանգավորության մասին։ Դավիթաշենի կամրջին հարակից կամրջակների վրա անկափարիչ իջանցքերն, իհարկե, եզակի չեն։ Հեռու չգնանք Հանրապետության հրապարակից, եւ հրապարկից Ամիրյան փողոց դեռ չմտած կարելի է նկատել էլի մեկ իջանցք, որը «պատրաստ» է իր «գրկում» ներառել ցանկացած «կարճատեսի»ՙ կլինի հետիոտն, թե վարորդ։

Իջանցքերնՙ իրենց զոհերով, բայց «զոհերի» ավելի մեծ, նույնիսկ չափազանց մեծ թիվ ունի պետավտոտեսչությունը, երբ զբաղված է անցնող-դարձող մեքենաները կանգնեցնելով։ Օրինակ, Տերյան փողոցից Տերյան-Թումանյան խաչմերուկից Թումանյանով դեպի աջ թեքվել ժամանակավորապես չի կարելի։ Եվ քանի որ ժամանակավորապես է, շատերը համապատասխան նշանը, սովորության համաձայն, չնկատելովՙ թեքվում են աջ եւ քիչ անց խաչմերուկից մի քանի տասնյակ մետր հեռու կանգնած պետավտոտեսուչն ինչով հարմար էՙ կանգնեցնում է մեքենան։ Կանոնները խախտողներին զգուշացնելը լավ է, բայց ոչ անպայման խախտում կատարելուց հետո։

Առանձին մի նյութ էլ պետավտոտեսչության աշխատակիցների աշխատանքի թերացումներն են։ Նախ, որպես կանոն, մեքենա են կանգնեցնում ցանկացած կողմից, միայն փայտիկով կամ էլ պարզապես ձեռքով։ Երեկոյան, իսկ առավելապես գիշերը պետավտոտեսուչները «թաքնված» են աշխատում։

Իհարկե, նման պահվածքն ինքնանպատակ չէ։ Դրա արդյունքում շոշափելի գումարներ են ուղղվում նոր հասցեատիրոջՙ պետավտոտեսուչի գրպանը։

Մի առանձնահատկություն էլ է նկատելի քաղաքում տրանսպորտային երթեւեկությանը հետեւելիս։ Պետավտոտեսուչները փայտիկ-սուլիչային գործողությունների չեն դիմում, երբ ճանապարհային երթեւեկության կանոններն ակնհայտորեն խախտող մեքենան «բարձրաշխարհիկ» մակնիշի է կամ «արտոնյալ» պետհամարանիշ ունի։ Սա էլ է արտառոց այնքանով, որ նման մեքենաների վարորդները հաստատապես ավելի «կաշառունակ» են։ Չնայած կարելի է հասկանալ, որ զրոներով կամ մեկ թվի անհրաժեշտ քանակությամբ կրկնություն ունեցող համարանիշներով մեքենաները պատահական քաղաքացիներ չեն, եւ նրանց կանգնեցնելու համար հոգու կամք եւ արիություն է պետք, նաեւ մաքուր ձեռքեր եւ անկաշառ անցյալ, որը շատ քչերին է հատուկ։

Ներկայացվածն առկա խնդիրների շարքը չի սպառում, բայց եթե պիտի արժանանա նախորդ հոդվածների անարձագանք «բախտին», ստիպված կլինենք պետավտոտեսչությանն ինքներս առաջարկել պատասխանների հնարավոր տարբերակները։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4