«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


ՊՈՒՏԻՆԻ «ԱՎՏՈԱՐՇԱՎՆԵՐԻ» ՄԻԱԿ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔԻ ԶՈՀ ՀԱՅԸ ԴԱՐՁԱՎ

Մոսկվայի Նովի Արբատ (նախկինՙ Կալինինսկի) պողոտան մոսկվացիները ոչ պաշտոնապես անվանում են նախագահական, որովհետեւ այս մայրուղիով է աշխատանքի գնում ու վերադառնում նախագահ Վլ. Պուտինը։ Սեփական փորձով գիտեմ, թե ինչպես է փողոցը մեքենաներից շրջափակվում բոլոր կողմերից, երբ ավտոշարասյունը բառացիորեն սուրում է դեպի Կրեմլ։ Ընտրություն չկա. խստադեմ զինված միլիցիոներների հսկողության ներքո նստած սպասում ես, թե երբ կավարտեն այդ յուրօրինակ շոուն։ Եվ ամենայն զարմանք է հարուցում, թե ինչպես մայիսի 31-ին նրբանցքներից մեկից ամայացած փողոց է ներխուժում մի «Ֆոլկսվագեն» եւ, ինչը սպասելի էր, բախվում է մեծ արագությամբ ընթացող առաջապահ միլիցիոներական «Ֆորդին»։ Հարվածն այնքան ուժգին է լինում, որ «Ֆոլկսվագենի» վարորդը նույն րոպեին կնքում է իր մահկանացուն։ Միլիցիոներներին փրկում են անվտանգության բարձիկները։ Պատահարն աննախադեպ է ու անմիտ իր վախճանով։

Բայց այս իրադարձությունը ողբերգական հնչեղություն է ստանում նաեւ մեզ համար, քանզի պարզվում է, որ զոհը... հայ էր։ Լավրենտի Գաբրիելյանը, 44 տարեկան, Ղարաբաղից մերձմոսկովյան Միտիշչե էր տեղափոխվել 70-ական թվականներին։ Այսօր արդեն հնարավոր չէ ասել, թե ինչն է նրան դրդել հայտնվելու անկենդան պողոտայումՙ անզգուշությո՞ւնը, անհամբերությո՞ւնը, թե մի ուրիշ պարագա։ Դա, թերեւս, կարեւոր էլ չէ, թեեւ նախագահ Պուտինը պահանջել է մանրամասն հետաքննել պատահարը։ Ուշագրավ ու զազրելի է մի այլ հանգամանք. մոսկովյան թերթերն առաջին հերթին «պարզել» էին, որ հանգուցյալը... ունեւոր մարդ է եղել։ Մեռնելուց հետո էլ Գաբրիելյանը մամուլի համար մնաց սոսկ կովկասյան ազգության անձ։

Նախագահ Պուտինի «ավտոարշավների» մեջ սա միակ ողբերգական դեպքն է, որի զոհն, ավա՜ղ, դարձավ մեր հայրենակիցը։

Հայի բախտ։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4