10 տարուց ի վեր Հայաստանում
Շուրջ 10 տարի Հայաստանում գործում է Մ. Նահանգների «Հովարդ Կարագյոզյան հիշատակի» ընկերակցությունը, որն իր գործունեությունն սկսել է 1921 թ. Նյու Յորքում։ Երջանկահիշատակ Միհրան եւ Զապել Կարագյոզյաններն իրենց վաղամեռիկ որդուՙ Հովարդի հիշատակը հավերժացնելու համար հիմնում են «Հովարդ Կարագյոզյան հիշատակի» ընկերակցությունըՙ հայ որբ եւ կարիքավոր մանուկների խնամքի, բուժման եւ կրթության կազմակերպման նպատակով։ Ընկերակցության գործունեության առաջին շրջանը սկսվում է Կ. Պոլսում, ուր 1921 թ. օգոստոսին բացվում է «Հովարդ Կարագյոզյան տունը», որն իր խնամակալությանն է վերցնում 100 դեռատի որբերի։ Երեք տարի անց, քաղաքական աննպաստ պայմանների հետեւանքով, «Հովարդ Կարագյոզյան տունը» տեղափոխվում է Փարիզ, 1937 թ.ՙ Հունաստան, 1939 թ.ՙ զուգահեռաբար գործունեություն ծավալում նաեւ Սիրիայում եւ Լիբանանում։ Ավելի քան 60 տարիների ընթացքում խնամել, բուժել եւ կրթել է հազարավոր հայ մանուկների ու պատանիների եւ այսօր էլ շարունակում է իրականացնել իր նվիրական գործը։
1988 թ. Սպիտակի ահավոր երկրաշարժն առիթ դարձավ, որ ընկերակցությունը լայնածավալ ծրագրեր իրականացնի նաեւ հայրենիքում։ 1988¬91 թթ. Հայաստան է առաքում դեղորայք, սնունդ եւ հագուստ, մեկ միլիոն դոլար տրամադրումՙ հիմնելու Երեւանի վերականգնողական վիրաբուժության կենտրոնը։ 1922 թ. հոկտեմբերին հիմնադրվում եւ պաշտոնական գրանցում է ստանում Հայաստանում որպես բարեգործական հասարակական կազմակերպություն։ Կարճ ժամանակամիջոցում աննախադեպ առաջընթաց է արձանագրվում «Կարագյոզյան» ընկերակցության հասարակական գործունեության մեջ, տնօրեն Կամո Տեր¬Պետրոսյանի ղեկավարությամբ Մեկը մյուսի հետեւից բացվում են Գյումրու, Գորիսի եւ Վանաձորի «Կարագյոզյան» մանկական ատամնաբուժարանները։ Այս ընթացքում Հայաստանի եւ Արցախի ավելի քան 88 հազար երեխաներ անվճար ատամնաբուժական եւ կանխարգելիչ օգնություն են ստացել «Կարագյոզյան» մանկական ատամնաբուժարաններում։ 1993¬2002 թթ. «Կարագյոզյան», «Նորք» կենտրոնում եւ մասնաճյուղ կլինիկաներում կազմակերպվել են մասնագետների վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ։ 1993 թ. «Նորք» կենտրոնում կազմակերպությունը նախաձեռնում է կրթամշակութային ծրագիր։ Սկզբում բացվում են ձեռագործի եւ փայտարվեստի խմբակները, հետագայում նաեւՙ նկարչականը։ 1992¬2001 թթ. ընթացքում «Կարագյոզյան» ընկերակցությունը հայաստանյան իր կազմակերպության ծրագրերի համար ներդրել է ավելի քան 3 մլն դոլար, իսկ 2002 թ. նախատեսված է 1 մլն 14 հազար դոլար։
Այս ծրագրերը կընդգրկեն նոր ոլորտներ ու բնագավառներՙ ի նպաստ հայ մանուկների առողջության պահպանման եւ առողջ սերնդի դաստիարակման։
«Հովարդ Կարագյոզյան հիշատակի» ընկերակցության հայաստանյան գործունեության 10-ամյակին նվիրված երեխաների ձեռքի աշխատանքների եւ նկարչության հոբելյանական ցուցահանդեսը կբացվի այսօրՙ հունիսի 12-ին, ժամը 13։30-ին «Նորք» կենտրոնում, իսկ հանդիսավոր երեկոնՙ հունիսի 14-ին, ժամը 17։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Ռ. Պ.