«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ՀՈՒՆԻՍԻ 14-Ը ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

1999-ից ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 14-ը նշվում է որպես բռնադատվածների հիշատակի օր։

Ինչպես տեղեկացանք «Հուշամատյան» իրավապաշտպան եւ բարեգործական ընկերություն» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղի նախագահ Գրիգոր Այդինյանիցՙ մեր մարզում այսօր ապրում է 1400 բռնադատված։

Հանրապետությունից 1949-ին, Ստալինի կարգադրությամբ, 12 հազար հայ ընտանիքներՙ մեծ մասամբ 1946¬48-ին ներգաղթածներ, աքսորվեցին Սիբիր, հիմնականումՙ Ալթայի երկրամաս։

Սփյուռքահայ մամուլի տվյալներովՙ 1920¬53 թթ. Հայաստանից աքսորվել, համակենտրոնացման ճամբարներ են ուղարկվել կամ գնդակահարվել շուրջ 180 հազար հայ եւ մոտ 20 հազար այլազգի։

ՀՀ ազգային անվտանգության նախարարության արխիվներում փաստացի պահպանվել է մոտ 42 հազար բռնադատված անձի վերաբերյալ գործ։

Իսկ 1921 թ. հունվարին հայկական բանակի մոտ 1400 սպա եւ զինվորՙ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի հերոսներ, քշվեցին Աղստաֆա, ապաՙ Ռուսաստանի մահվան ճամբարներ եւ բանտեր։

«Հուշամատյանի» մարզային մասնաճյուղիՙ քաղաքական բռնաճնշումների պատմության թանգարան-գրադարանում հավաքվում եւ պահպանվում են բռնադատված անձանց փաստաթղթեր, հուշեր, լուսանկարներ։ Գործընթացը շարունակվում է, ի հայտ են գալիս նորանոր փաստեր, որոնք պահպանվում են համակարգիչում։ Իրականացվում է պատմալուսավորչական ծրագիրՙ գրքույկների հրատարակմամբ, սեմինարների, կլոր սեղանների, բաց դասերի, դասախոսությունների կազմակերպմամբ, լրատվամիջոցներով այս ամենի մասին տեղյակ է պահվում հասարակությանը։ Իսկ քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձան-կոթողը (քանդակագործՙ Գերասիմ Թումանյան), որը տեղադրված է Վանաձորի երկաթուղայինների զբոսայգում, եզակի է հանրապետությունում։ (Հիշեցնենք, որ այդ գաղափարն իրագործվել է քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, 2001 թ.-ին, քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործուն նախաձեռնությամբ)։

Ինչպես արդեն ավանդույթ է դարձել, այս տարի եւս, հունիսի 14-ին, ժամը 13-ին, հուշակոթողին ծաղիկներ կդրվեն Լոռու մարզային եւ Վանաձորի քաղաքային իշխանությունների, հասարակայնության ներկայացուցիչների, բռնադատվածների, նրանց ժառանգների կողմից։ Հարգանքի տուրք կմատուցվի զոհերի հիշատակին։

Այսօր էլ քիչ չեն մարդիկ, ովքեր տառապում են այն ժամանակների, «ուժեղ բռունցքի» կարոտախտով։ Այսինքնՙ անցյալը, պատմությունը զուտ դասագրքային նշանակություն չունի եւ որպես համոզմունք դեռեւս շարունակում է մնալ այսօրվա մարդկանց մի մասի կարծրացած հիշողությունում եւ գործողություններումՙ խոչընդոտելով ժողովրդավարական գործընթացներին ու պետության հզորացմանը։

Ուրեմն, ինչպես «Հուշամատյանի» կարգախոսում է ասվածՙ պետք է հիշել ճիշտ ապրելու համար։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4