«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


«ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԷԻՆ ՍՊԱՍՎԱԾԻՑ»

Նշեց հանքարդյունաբերության վարչության պետը

Երեկ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ոլորտում առկա ցուցանիշներն ամփոփեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը։ Ըստ նրա, այս տարվա առաջին հինգ ամիսների ցուցանիշները փոքր-ինչ ավելի են սպասվածիցՙ լեռնամետալուրգիայում աճը կազմել է 13 տոկոս, իսկ շինանյութերի արդյունաբերությունումՙ 89 տոկոս։ Լեռնամետալուրգիայում ունեցած աճի մեջ էական դեր են ունեցել «Արմենալը» (նախկին «Կանազը») եւ Ararat Gold Recovery Company-ն (Էյ Ջի Առ Սի)։ Վերջինիս հիմնադիրը FDM ընկերությունն է, որը ձեռք է բերել «Հայոսկու» բաժնետոմսերըՙ Սոթքի, Մեղրաձորի եւ Արարատի հանքավայրերով ու կորզման ձեռնարկություններով։ Այս ընթացիկ ամիսը, վարչության պետի հավաստմամբ, հեղափոխական է լինելու «Արմենալի» համար, որը պետք է 3 անգամ ավելացնի իր արտադրանքի ծավալները։

Պղնձամոլիբդենային արդյունաբերության մեջ արտադրության գործընթացը կայուն է։ Այստեղ դրական երեւույթ է միջազգային շուկայում մոլիբդենի եռօքսիդի գնի բարձրացումըՙ 1 տոննան 5,5 հազար դոլարից (նախորդ տարվա գինը) 7 հազար դոլար։ Դրա շնորհիվ մեր երկու խոշոր ձեռնարկություններըՙ մաքուր երկաթի գործարանը եւ Էյ Սի Փին (նախկին «Մանես եւ Վալեքսը») շահեկան վիճակում են հայտնվել։ Պղնձի գները նույնպես աճել ենՙ հասնելով 1 տոննա 1600 դոլարի։ Այս գինը նվազագույնն է, որը թույլ է տալիս մեր կոմբինատներին աշխատել առանց վնասի։ Ըստ ձեռնարկությունների, անցած հինգ ամիսներին պատկերը հետեւյալն էՙ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն ունեցել է 3 տոկոս աճ, Ագարակինըՙ ընդհակառակը, անկում է ունեցել, նույնը նաեւ Ղափանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան։ Ագարակի կոմբինատի արտադրության ծավալների նվազումը Արթուր Աշուղյանը պայմանավորեց անընդհատ շարունակվող անձրեւներով, ինչը խնդիրներ է առաջացնում հանքարդյունահանման գործընթացի համար։ Ղափանի ֆաբրիկայի ծավալների շուրջ 20 տոկոս անկումը պայմանավորված է կուտակված խտանյութի հետ։ Անցյալ տարի իրացում գրեթե չի եղել։ Փոխարենն այս տարի իրացման աճ է արձանագրվել (մոտ 30 տոկոսով)։

Հանքարդյունաբերության մյուսՙ շինանյութերի արտադրության մեջ առավել մեծ աճ է ունեցել ցեմենտի արտադրությունը։ Այստեղ առաջատարն է «Միկա-ցեմենտը»ՙ 624 մլն դրամի թողարկած արտադրանքով։ «Արարատցեմենտը» սկսել է ավելի ակտիվ աշխատել։ Այս տարվա հինգ ամիսներին նրա թողարկած արտադրանքի ծավալները, սակայն, կազմել են ընդամենը 94 մլն դրամ։ Պատճառը դարձյալ եղել է անցյալ տարվանից կուտակված արտադրանքը։

Շինանյութերի արտադրությունն այս տարի դուրս է եկել 1998 թ.-ի մակարդակին, իսկ անցյալ 2000 եւ 2001 թթ.-երին այստեղ նվազում է արձանագրվել։

Անդրադառնալով ոլորտի նպատակներին, հանքարդյունաբերության վարչության պետն առանձնացրեց դրանցից մի քանիսըՙ արտադրանքի ինքնարժեքի նվազեցումըՙ էներգախնայողության հաշվին, խտանյութի մեջ պղնձի բարձր տոկոսը պահպանելը, մոլիբդենի եռօքսիդի ծավալների ավելացումը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4