Երեկ կառավարության նիստում քննարկվել եւ ընդունվել է տնտեսական հարաբերություններում կարեւոր նշանակություն ունեցող օրենքի նախագիծՙ «Դրամարկղային գործառնությունների մասին»։ Այն կոչված է լեգալացնելու այդ հարաբերությունները եւ կարգավորելու դաշտը։ Ինչպես տեղեկացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, այս փաստաթղթի համաձայն, որոշակի սահմանափակումներ են մտցվելու կանխիկ գործարքների մեջ։ Մասնավորապեսՙ 2003 թ.-ի հունվարի 1-ից 500 հազար դրամից ավելի արժեցող գործարքը պետք է լինի անկանխիկ։ 2004 թ. հունվարի 1-ից անկանխիկ պետք է լինի 300 հազար դրամից ավելի, իսկ 2005 թ. հունվարի 1-իցՙ 100 հազար դրամից ավելի արժեցող գործարքը։ Ինչ վերաբերում է 1 ամսվա ընթացքում կատարվող ընդհանուր գործարքներից կանխիկի եւ անկանխիկի հարաբերակցությանը, ապա օրենքի նախագծով այստեղ նույնպես պարբերականություն է սահմանված։ 2003 թ. հունվարի 1-ից ամսական կանխիկ գործարքների չափը չպետք է գերազանցի 5 մլն դրամը, 2004 թ. հունվարի 1-իցՙ 3 մլն դրամը եւ 2005 թ. հունվարի 1-իցՙ 1 մլն դրամը։
Փոխնախարարը հայտնել է նաեւ, որ գումարների փոխանցումը կազմակերպությունների դրամարկղներից բանկային հաշվիներ եւ հակառակ ուղղությամբ պետք է իրականացվի 1 օրվա ընթացքում։
Ա. Մ.