Այն, որ գրական կյանքն Արցախում վերջին տարիներին նկատելիորեն աշխուժացել է, անվիճելի իրողություն է։ Գրողների միության «Իրիկնաժամ» դահլիճում կազմակերպվող «Գրական ուրբաթները» պարբերաբար դահլիճ են հրավիրում ոչ միայն հանրապետության գրչի մշակներին, այլեւ տեղի գրասեր հասարակայնությանը։ Իսկ կազմակերպվող միջոցառումները տարաբնույթ ենՙ անտիպ եւ հրատարակված գրքերի քննարկումներից մինչեւ հոբելյանական հանդիսություններ ու թեմատիկ բանավեճեր։
Եվ ահա հունիսի առաջին տասնօրյակում անցկացված Մուրացանի արվեստի օրերը Արցախի մշակութային ակտիվության մի նոր որակական արտահայտությունն էին։
Պետք է ասել, որ Մուրացանի արվեստի օրեր Արցախում առաջին անգամ չեն անցկացվում, սակայն ավանդույթի վերականգնումը նշանավորվեց առավելապես նրանով, որ այս անգամ միջոցառումն ավելի ներկայացուցչական էր։ Մուրացանյան օրերին մասնակցելու նպատակով Արցախ էր ժամանել Հայաստանի գրողների միության պաշտոնական պատվիրակությունըՙ միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ։
Միջոցառման շրջանակներում, հունիսի 7-ի երեկոյան, տեղի ունեցավ ՀԳՄ եւ Արցախի գրողների միությունների նախագահության համատեղ նիստՙ «Գրականությունը մեր հոգեւոր կյանքում» թեմայով։
Ողջունելով հյուրերին, Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը նշեց, որ գրական-մշակութային կապերի ամրապնդումը կենսական անհրաժեշտություն է դարձել, որովհետեւ միասնական հոգեւոր դաշտը կարող է միայն համազգային նշանակության արժեքներ ապահովել։
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն իր ընդարձակ ելույթում կանգ առավ մի քանի կարեւոր հարցերի վրա։ Մասնավորապես, նա անդրադարձավ գրահրատարակչական, գրողի նյութական պաշտպանվածության, գրական սերնդափոխության եւ հարակից խնդիրներին, շեշտելով պետության միջամտության անհրաժեշտությունը։ Նա կարեւորեց նաեւ հոգեւոր անջրպետները վերացնելու հարցը։
Մյուս ելույթ ունեցողներըՙ գրականագետներ Ազատ Եղիազարյանը, Ավիկ Իսահակյանը, Սոկրատ Խանյանը, գրողներ Զորի Բալայանը, Լեւոն Խեչոյանը, Հովիկ Հովեյանը եւ Հրաչյա Բեգլարյանը, իրենց ելույթներում եւս արժեքավորեցին գրողի հասարակական դերն ու մշակութային սերտացման նշանակությունը։
Նիստի վերջում ԱրԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը պատվիրակության անդամներին հանձնեց հուշամեդալներ, իսկ ծնունդով արցախցի գրող-հրապարակախոս Զորի Բալայանը ստացավ նաեւ Արցախի գրողների միության պատվավոր նախագահի վկայական։ Պատվավոր կոչում, որին նա արժանացել է ԱրԳՄ վարչության որոշմամբՙ գրականությանն ու արվեստին ունեցած իր ծառայությունների համար։
Մուրացանի արվեստի օրերի հանդիսություններն սկսվեցին հունիսի 8-ին։ Առավոտյան գրողների պատվիրակությանն ընդունեց նախ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Գեներալը ընդգծեց գրողների ու մշակույթի գործիչների անուրանալի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։
Իսկ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ հյուրերը հետաքրքրվեցին հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքով ու բնակչության տեղաշարժերով։ Վարչապետը գրչի մշակներին ծանոթացրեց Արցախում կատարվող այն գործընթացներին, որոնք արդյունք են այստեղ իրականացվող բարեփոխումների։ Կարեւորվեց նաեւ Արցախում պետական գրահրատարակչություն ունենալու խնդիրը։
Մուրացանյան արվեստի տոնախմբությունը ծրագրված էր անցկացնել գրողի ծննդավայր Շուշիում։ Իսկ մինչ այդ, Շուշի հասնելու ճանապարհին, պատվիրակությունը ծաղիկներ դրեց Ստեփանակերտի հուշահամալիրում, Շուշի մտնող առաջին տանկի հուշարձանին, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի հուշարձանի պատվանդանին։
Շուշիում պատվիրակությանն ընդունեց Հայաստանյան առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որի հետ կայացած կարճատեւ զրույցը հոգեւոր արժեքների վերակերտման շուրջ էր։
Բուն հանդիսությունների վայրը Շուշիի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի բակն էր։
ԱրԳՄ եւ ՀԳՄ նախագահությունների անունից Լեւոն Անանյանը դպրոցի տնօրինությանն իբրեւ նվեր հանձնեց Մուրացանի մեծադիր յուղաներկ նկարը։ Այնուհետեւ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ու դպրոցի աշակերտների ուժերով ներկայացվեցին թատերականացված դրվագներ մեծ վիպասանի ստեղծագործությունների մոտիվներով, տրվեց ճոխ համերգ։
Մուրացանյան արվեստի օրը շարունակվեց երեկոյան, ԳՄ «Իրիկնաժամ» դահլիճում։ Ծրագրով նախատեսված այդ միջոցառումը գիտական կոնֆերանս էրՙ նվիրված Մուրացանի ստեղծագործությանը։ Այն վարողՙ Երեւանի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը նշեց, որ ներկա գիտկոնֆերանսը նախաքայլ կարելի է համարել մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների, որոնք պիտի տեղի ունենան երկու տարի հետո, ամենայն հավանականությամբՙ դարձյալ Արցախում։
Մուրացանյան արվեստի օրերի ավարտից հետո «Ազգի» թղթակիցը խնդրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին պատմել եռօրյա հանդիսություններից ստացած իր տպավորությունները։
ՀԳՄ նախագահն ասաց.
¬ Առաջին անգամն է, որ գրողների երկու միությունները նախագահությունների համատեղ ընդլայնված նիստ են անցկացնում, այն էլՙ Ստեփանակերտում։ Սա լավ ավանդույթի սկիզբ է, որովհետեւ ցրիվ հանդիպումներն այն արդյունքը չեն տալիս գործնական նկատառումով։ Արցախի գրողների միության հետ համատեղ ձեռնարկումներ շատ կունենանք։ Մեր այցը հնարավորություն տվեց ծանոթանալ ԱրԳՄ հնարավորություններին։ Պետք է ասել, որ տպավորիչ շատ բան կաՙ փառք աստծո, այստեղ թերթ են հրատարակում, շենքային պայմանները վատ չեն, առկա է պետական հոգածություն։ Եթե գրահրատարակչության հարցն էլ լուծվի, կարելի է ասել, ստեղծագործելու բարվոք պայմաններն ապահովված կլինեն։
«Ազգի» թղթակցի խնդրանքով ՀԳՄ նախագահը անդրադարձավ նաեւ Մուրացանյան արվեստի օրերի տոնակատարություններին.
¬ Միջոցառումները կազմակերպված էին մայրաքաղաքային մակարդակով։ Շատ լավ էր պատրաստված մանավանդ Շուշիում։ Մեզ հիացրեց այն փաստը, որ անգամ կիսավեր վիճակում Շուշին այդպիսի մշակույթ ունի։ Միջոցառման սցենարը ճաշակով էր պատրաստված, տպավորիչ էր հատկապես Շուշիի Մուրացանի անվան դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանի ելույթը։ Ի դեպ, հենց տեղում խորհրդակցելով նախագահության անդամների հետ, որոշեցինք դպրոցը վերցնել ՀԳՄ շեֆության տակ։ Կօգնենք մեր հնարավորության սահմաններում։
Ինչ մնում է Մուրացանի ստեղծագործությանը նվիրված գիտաժողովին, ապա առանց վերապահման կարող եմ ասել, որ անցկացվեց շատ բարձր մակարդակով։ Այն տպավորությունը կար, թե գիտաժողովը տեղի է ունենում ոչ թե «Իրիկնաժամ» սրահում, այլ ակադեմիայի դահլիճում։ Եվ դա պատահական չէր, որովհետեւ գիտաժողովը նախաձեռնել էին հինգ հեղինակավոր կազմակերպություններ ու հաստատություններ Երեւանից եւ Արցախից։ Ես ասել ու կրկնում եմՙ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի միջեւ հոգեւոր կամուրջները պիտի ամրապնդել։ Ստեփանակերտյան միջոցառումը դրա սկիզբն էր։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ