Մինչդեռ մեքենաշինության եւ էլեկտրատեխնիկայի համալիրն ընդգրկում է 150 ձեռնարկություններ
Երեկ մեքենաշինական եւ էլեկտրատեխնիկական համալիրի վիճակը ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության համանուն վարչության պետ Ալեքսանդր Նազարյանը։ Համաձայն նրա ներկայացրած տեղեկանքի, այս ոլորտում, որն ընդգրկում է նաեւ սարքաշինությունը, հաստոցաշինությունը եւ ռադիոէլեկտրոնիկան, առկա են որոշակի դրական ցուցանիշներ։ Առաջ անցնելով նշենք, որ այդ ցուցանիշներին պետք է մեծ վերապահումով մոտենանք, քանզի ոլորտի ավելի քան 150 ձեռնարկություններից արտադրության աճ են ապահովել ընդամենը մի քանիսը։ Մնացած բոլորը գտնվում են, եթե չասենք անհուսալի, ապաՙ ծանրագույն վիճակում։ Հզորությունների չնչին մասովՙ առավելագույնը մինչեւ 5 տոկոս, աշխատում են մոտ 40¬50 ձեռնարկություններ, ինչն, իհարկե, քիչ է տարբերվում չաշխատելուց։ Այդուհանդերձ, վարչության պետը նշեց, որ այս տարվա առաջին 5 ամիսներին առկա են արտադրության 20 տոկոս, իրացման 35 տոկոս եւ արտահանման 83 տոկոս աճ։ Համակարգում աշխատում է շուրջ 7 հազար մարդՙ 25 հազար դրամ աշխատավարձով։
Առաջընթաց արձանագրած ձեռնարկություններն են Աշտարակի «Տրանզիստորը», «Գրանդ սանը», «Հայէլեկտրաապարատը», վերջերս վերագործարկված Արմավիրի հաստոցաշինական գործարանն ու «Ալմաստը»։ Ի դեպ, վերջինիս սեփականատեր ընկերությունը («Բիզնեսի զարգացման կենտրոն») ձեռք է բերել նաեւ Դավիթաշենի «Արաքս» եւ Ապարանի «Արագած» ընկերությունները եւ բանակցում է Գյումրու քարհատ մեքենաների գործարանը գնելու համար։ «Արմենմոտորը» եւ «Շափյուղան» կսկսեն ջրաչափերի զանգվածային արտադրությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ազգում», դա հնարավոր է եղել շնորհիվ սլովակյան «Պրեմեքս» ընկերությունից ստացված շուրջ 3 մլն դոլարի ապրանքային վարկի։
«Ազգի» հարցին, թե ոլորտի նման վիճակի առկայությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկում նախարարությունն ու վարչությունը, Ալեքսանդր Նազարյանը պատասխանեց, որ եթե այս ձեռնարկությունները խնդիրներ են ունենում, որոնք չեն կարողանում լուծել, իրենք օժանդակում են նրանց։ Իսկ համալիր ծրագիրՙ ոլորտի հեռանկարների վերաբերյալ փաստորեն գոյություն չունի։ Այն պետք է մշակվի, երբ բոլոր ձեռնարկությունները ներկայացնեն իրենց առաջարկություններն ու մոտեցումները։ Վարչության պետի տեղակալ Վանիկ Հովսեփյանն ավելացրեց, որ մեքենաշինության եւ էլեկտրատեխնիկայի համալիրի ձեռնարկությունների վերագործարկման համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, իսկ իրենք ընդամենը ձգտում են առանձին ձեռնարկությունների մասնավորեցմամբ դրանք գործարկել։ Նշվեց նաեւ, որ 16 ընկերություններ գտնվում են լուծարման գործընթացում, 4-ը սնանկ են ճանաչվել։ Վարչության պետի ու նրա տեղակալի խոսքից դատելով, լավատեսական տրամադրվածություն նրանք չունեին։ Բնագավառն առայժմ չի արժանանում երկրի ղեկավարների առանձնահատուկ ուշադրությանը։
Առայժմ նման ուշադրության կենտրոնում, ըստ վերոնշյալ պաշտոնյաների, գտնվում են քիմիան, հանքարդյունաբերությունը։ Նրանք նշեցին նաեւ, որ վերջիններիս հաջող գործունեության դեպքում «խոստացել են զբաղվել մեքենաշինությամբ եւ էլեկտրատեխնիկայով»։ Մեր կողմից նշենք, որ նման խոստում հրապարակավ տվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նա խոստացել էր, որ 2002 թ. կլինի այս ոլորտին աջակցելու տարի։ Սակայն, դատելով այս տարվա առաջին 5 ամիսների պատկերից, կարելի է եզրակացնել, որ այդ խոստումն առայժմ օդում է մնացել։ Իհարկե, չենք ժխտում, որ այս բնագավառի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ դժվարություններն ու խոչընդոտները շատ ավելի են, քան արդյունաբերության այլ ճյուղերինը, ու հենց այս ճյուղն ամենածանր հարվածներ ստացավ բագրատյանական սեփականաշնորհման հետեւանքով։ Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ պետության անտարբերությունը մեր տնտեսության երբեմնի առաջատար ճյուղերից մեկի նկատմամբ պետք է շարունակվի։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ