«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Ամերիկայի հայկական համագումարի հասարակական կազմակերպությունների ուսուցման եւ տեղեկատվական միջոցների կենտրոնը նպատակաուղղված է աջակցելու սոցիալական եւ առողջության պահպանման ոլորտների հիմնախնդիրներով զբաղվող ոչ առեւտրային կազմակերպություններին, ինչպես նաեւ օժանդակելու համայնքային զարգացման նախաձեռնություններին աղետի գոտում։ Կենտրոնը մարտին սկսեց «Ոչ առեւտրային կազմակերպությունների կարողությունների զարգացման» ծրագիրը, որի ավարտական շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ։ Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանի ոչ առեւտրային այն կազմակերպությունների հզորացմանը, որոնց գործունեությունն ուղղված է սոցիալական եւ առողջության պահպանման հիմնախնդիրների լուծմանը։ Ավարտական շնորհանդեսին նախորդել էին ՀԿ-ների հզորացման համար նախատեսված մի շարք ծրագրային միջոցառումներ. «Ոչ առեւտրային կազմակերպությունների կառավարում» թեմայով եռամսյա դասընթացներ, «Ռազմավարական պլանավորման» հարցերով խորհրդատվություն, արտագնա սեմինարՙ նվիրված ՀԿ-ների միջեւ տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության հարցերին, ինչպես նաեւ երկխոսություն ծրագրում ընդգրկված ՀԿ-ների եւ շահագրգիռ կազմակերպությունների միջեւ։

Ավարտական հանդիսության ժամանակ «Երեխաների առողջության պահպանման ասոցիացիան», «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան», «Լուսածիր», «Կանաչ ճանապարհ սերունդներին», «Հայկական հաբիթաթ» հասարակական կազմակերպությունները եւ «Շնորհալի երեխաներ» հիմնադրամը ներկայացրին իրենց գործունեության հիմնախնդիրներն ու առաջիկա տարիների ռազմավարական պլանի նախագիծը եւ ստացան ավարտական վկայականներ։

Ընտանեկան բժիշկների ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանը շնորհակալական կարճ ելույթում խոստովանեց, որ մինչ կենտրոնի հետ անմիջականորեն շփվելը չէր պատկերացնում նրա գործունեության կարեւորությունը, մինչդեռ այսուհետեւ դժվարանում է պատկերացնել իր աշխատանքն առանց կենտրոնի հետ մշտական շփման ու համագործակցության։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4