«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ՞ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պրոմեթեւս» հեռուստատեսության «Սեկտոր-պրո» հաղորդաշարի կիրակնօրյա հյուրն էր Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը։ Մեկուկես ժամ տեւողությամբ հաղորդման ընթացքում տկն Վարժապետյանը ներկայացրեց համայնքի կյանքը, ցուցադրվեցին հայ-հրեա ամուսնական զույգերի մասին պատմող տեսաերիզները, ելույթ ունեցան կիրակնօրյա դպրոցի սաներըՙ բոլորն էլ խառը ամուսնություններից ծնված, ինչպես նաեւՙ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվա առթիվ Երեւանի թիվ 47 մանկապարտեզի սաների բեմադրած հրեական հարսանիքը։

Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենիՙ Հայոց ցեղասպանությունը սոսկ ողբերգություն որակելուց եւ դրանով այն հերքելուց հետո («Ազգ», 13 փետրվարի), որը դիվանագիտական միջադեպի առիթ դարձավ, Ռիմա Վարժապետյանը հույս հայտնեց, որ վաղ թե ուշ ոչ միայն Իսրայելը, այլեւ մյուս պետությունները կընդունեն պատմական ճշմարտությունը եւ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մինչ այդ նա կարեւորեց քարոզչական աշխատանք ծավալելու անհրաժեշտությունը։ Հաղորդման ավարտին, խոսելով հայ-հրեական փոխհարաբերությունների մասին, նա փաստեց, որ Հայաստանում երբեւէ չեն եղել հակահրեական տրամադրություններ, սակայն այժմ մտավորական ու քաղաքական որոշ շերտերում դրանք առկա են։

Հաղորդավարուհին որեւէ պարզաբանում չպահանջեց տիկին Վարժապետյանից, թե ի՞նչ դեպքեր են գրանցվել ցայսօր։ Ուստի «Ազգը» հանդիպեց հրեական համայնքի նախագահի հետՙ տեղեկանալու, թե ի՞նչ հիմքեր կան նման հայտարարություն անելու համար։ Տիկին Վարժապետյանը նախ հայտնեց, որ հակահրեական տրամադրությունները Հայաստանում սկիզբ առան Իսրայելի դեսպանի անզգույշ հայտարարությունից հետո, եւ նշեց հետեւյալ դեպքերը։ Այս տարվա ապրիլի 23-ին Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միությունը Թատերական հրապարակում այրել է Թուրքիայի դրոշը, որի անկյուններում նկարված է եղել Իսրայելի դրոշի վրա պատկերված Դավիթ թագավորի աստղը։ Նա ցույց տվեց համայնքի գրասենյակի ցուցանակը, որն անհայտ անձինք պոկել են եւ վրան նկարել նացիստական սվաստիկա։ Վերջերս սվաստիկա են նկարել նաեւ Հոլոքոսթի զոհերի հուշաքարի վրա։ Նրա կարծիքով, երիտասարդ սերնդի մեջ հակահրեական տրամադրություններ բորբոքելու վտանգավոր միտում ունի Ռոմեն Եպիսկոպոսյանիՙ ամիսներ առաջ հրատարակված «Ազգային համակարգեր» գիրքը։ Հասկանալով նրա մտավախությունը, ասենք, որ այդ գիրքը նախ ակադեմիական հրատարակություն չէ եւ ապա նմանատիպ հրեատյաց ռուսերեն գրքեր շատ են գրվել Ռուսաստանում, ուստի կրում է այդ գրքերի անմիջական ազդեցությունը։ Մեր ունեցած տեղեկություններով, ակադեմիական նման ուսումնասիրություն երբեւէ չի հրատարակվել եւ որեւէ հայ պատմաբան հակահրեական քարոզչությամբ հանդես չի եկել։ Հայ ժողովուրդն օտարին նսեմացնելու եւ իրեն գերագնահատելու հատկանիշներից զերծ է եղել միշտ։ «Հայաստանում հակահրեականություն չկա։ Ցեղասպանություն ապրած ժողովուրդը չի կարող ցեղապաշտ լինել եւ ատել այլ ժողովրդի», «Ազգի» հետ զրույցում ասացին դաշնակցության երիտասարդական միության ակտիվիստները։ «Մեր ակցիան ուղղված էր Իսրայելի դեսպանի հայտարարության դեմ, որը, փաստորեն, իր պետության անունից հերքեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մենք այրում ենք ոչ թե ցեղասպանությունը չընդունող, այլ հերքող պետության դրոշը»։

Այս ամենը հանգեցնում է այն մտքին, որ Իսրայելի պետական գործիչներն այսուհետեւ պարտավոր են զգոնություն ցուցաբերելՙ չվիրավորելու հայ ժողովրդի նվիրական զգացումները, որպեսզի ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չառաջանան։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4