«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2002-06-21 | #116, 2002-06-22 | #117, 2002-06-25


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԾԻԾԵՌՆԱԿ» ԹԵՄԱՊԱՏԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ

Հունիսի 23-ին հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարը։

Եկեղեցաշինությանը զուգահեռՙ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, խիստ կարեւորելով մատաղ սերնդի ակտիվ հանգիստն ու հոգեւոր դաստիարակությունը, ձեռնամուխ է եղել վերականգնելու նաեւ ճամբարները։

Շուրջ երեք տարի տեւեցին ճամբարի կիսավեր շենքի վերանորոգումը, տարածքի բարեկարգման եւ կահավորման աշխատանքները։ Ճամբարը նախատեսված է մեկ հերթափոխում 120 երեխայի համար։ Ընդհանուր առմամբ ամռան ընթացքում կհանգստանա 600 երեխա։ Արդեն իսկՙ հունիսի 15-ից առաջին հերթափոխում այստեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում 90 դպրոցական Սպիտակից եւ Վանաձորից, զոհված ազատամարտիկների 15 երեխա։

Շենքում ստեղծված են ննջարանային, դասարանային, կենցաղային բոլոր պայմանները։

Ճամբարի վերակառուցմանն իրենց բարոյական եւ ֆինանսական աջակցությունն են ցուցաբերել Սուրբ Էջմիածինը, Գուգարաց թեմի առաջնորդարանը, Լոռու մարզային եւ Վանաձորի քաղաքային իշխանությունները, սփյուռքահայ եւ հայաստանաբնակ բարերարները։

Ճամբարի եռահարկ շենքի յուրաքանչյուր հարկ ունի իր առանձին բարերարը։ Առաջին հարկի վերանորոգումը ֆինանսավորվել է Ամերիկայի Արեւելյան թեմի (առաջնորդՙ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան) եւ Հայ օգնության ֆոնդի միջոցներով։ Երկրորդ հարկը վերանորոգվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) Կլոր սեղանի հայաստանյան գրասենյակի, երրորդ հարկըՙ կանադահայ բարերարներ Աշոտ եւ Էլիզ Խտրյան ամուսինների միջոցներով։ Կահավորման խնդիրները հոգացել է ԱՄՆ-ի «Հայրենիք միություն» կազմակերպությունը։

Այս տարվա համար ճամբարում նախատեսվող ընթացիկ ծախսերը հոգալու է Ամենայն հայոց հայրապետը, իրենց մասնակցությունն են բերել նաեւ կանադահայ եւ ԱՄՆ-ի Արեւելյան թեմերը, ԵՀԽ Կլոր սեղանը, «Ջինիշյան հիշատակի» ֆոնդը, Գուգարաց թեմը, Լոռու մարզպետարանը, քաղաքապետարանը։ Հաջորդ հերթափոխում ճամբարում կհանգստանան Վանաձորի եւ Լոռու մարզի տարբեր դպրոցների երեխաներ։

Ճամբարի բացման արարողությանը Վանաձոր էին ժամանել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի գործերի կառավարիչ, Վեհափառ հայրապետի ներկայացուցիչ Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց ժառանգավորաց վարժարանի տեսուչ Պարետ ծայրագույն վարդապետը, Գեղարքունյաց առաջնորդական տեղապահ Դենիկ վարդապետ Դավթյանը, միաբաններ Սուրբ Էջմիածնից, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ Կարեն եւ Ծովինար Նազարյանները, ՀՕՖ-ի երեւանյան գրասենյակի պատասխանատու Գրիգոր Թաթուլյանը, «Հայրենիք միություն» կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Հացմանյանը, ՀՀ կառավարության հումանիտար օգնության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, բարերարներ Աշոտ եւ Էլիզ Խտրյանները, «Ջինիշյան» հիմնադրամի նախագահը։

Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիսավոր տողանով ներկաներին ողջունեցին ճամբարի երեխաներն ու մանկավարժները։ Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապաՙ «Հայր մեր» տերունական աղոթքը։ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, մեծապես կարեւորելով Վանաձորում Մայր եկեղեցու, հայորդաց տան, ծննդատան ու բարեգործական ճաշարանի կառուցումը, երախտագիտություն հայտնելով Վեհափառ հայրապետին ու բարերարներին, նշեց, որ պակաս կարեւոր չէ նաեւ ճամբարի ստեղծումը։

Գերաշնորհ տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, բարեմաղթանքի խոսքեր հղելով երեխաներին ու մանկավարժներին, մասնավորապես ասաց. «Մենք երջանիկ ենք, որ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ջանքերով, բարերարների աջակցությամբ կարելի եղավ այս ճամբարը կառուցել»։

Մարզպետ Հենրիկ Քոչինյանը նշեց. «Սա եւս ակնառու մի արտահայտություն է եկեղեցու եւ պետության համագործակցության. թող հավերժ լինի այդ համագործակցությունը»։

Պարետ ծայրագույն վարդապետի մաղթանքի խոսքերից հետո ճամբարի շենքը երիզող կարմիր ժապավենը կտրելովՙ հյուրերը մուտք գործեցին բարենորոգված շենքՙ ծանոթանալով պայմաններին։

Գեղարվեստական, պարային կատարումներով հանդես եկան Վանաձորի արվեստի դպրոցի սաները, այլ համույթներ եւ կատարողներ։

Ներկաներին բաժանվեց մատաղ։ -

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4