Համաձայն ԼՂՀ «Ընտրությունների մասին» օրենքի, այսօրվանից Արցախում սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը։ Այն կտեւի մինչեւ հուլիսի 12-ը, որից հետո, տասնօրյա ժամկետում, կավարտվի նաեւ թեկնածուների գրանցումը։ Հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 10-ը, ընտրությունների նախօրյակը, կընդգրկի քարոզչության ժամանակաշրջանը։
Ըստ օրենքի պահանջների, հանրապետության նախագահի թեկնածուն պետք է ապահովի առնվազն 1500 ստորագրությունՙ նվազագույնը չորս վարչատարածքային միավորներից։
Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Դավթյանը, արդեն կազմավորված են 265 ընտրական տեղամասեր։ Եվս մեկ ընտրատեղամաս գտնվում է Երեւան քաղաքում (ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում), որը նախատեսված է Երեւանում բուժման, ուսման կամ ծառայողական նպատակներով գտնվող ԼՂՀ քաղաքացիներիՙ ընտրություններին մասնակցությունն ապահովելու համար։
Պրն Դավթյանի խոսքերով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է աշխատանքային եւ օրացույցային պլաններին համապատասխան։
ԼՂՀ հաջորդ նախագահի ընտրության հարցում Արցախը խիստ բեւեռացված դիրքորոշումներ չունի, թեպետ նախագահական աթոռին հավակնողները, ամենայն հավանականությամբ, քիչ չեն լինի։ Գործող նախագահ Արկադի Ղուկասյանն արդեն իր թեկնածությունն առաջադրելու հայտարարություն արել է հունիսի 24-ին։ Ա. Ղուկասյանին սատարող ԺԱՄ հասարակական-քաղաքական կազմակերպության ակտիվությունը վկայում է, որ գործող նախագահն, ի դեմս վերոհիշյալ կազմակերպության, ունի հզոր հենարան։ Նախորդ օրը կայացած ԺԱՄ-ի քաղաքային կոնֆերանսը պարզ հասկացրեց այս մտայնությունը։
Անշուշտ, կազմակերպության քաղաքական նպատակադրումներն առավել կհստակեցվեն ու կմշակվեն ԺԱՄ-ի համագումարում, որը կկայանա մոտ ապագայում։ Բայց այժմ արդեն ուրվագծորեն ենթադրելի է, որ ԺԱՄ-ը չի ունենա այս խնդրում ինչ-ինչ հակազդեցություններՙ ԼՂՀ-ում գործող ծանրակշիռ քաղաքական ուժերի կողմից։ Համենայն դեպս, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Սերգեյ Շահվերդյանի հայտարարության համաձայն, Դաշնակցությունը նախագահական ընտրություններում իր անդամների կազմից թեկնածու չի՛ առաջադրելու։ Միեւնույն ժամանակ, նա չի հայտնել, թե իրենց կուսակցությունն ում է պաշտպանելու։ Դժվար թե սա քաղաքական լոյալություն համարվի, որովհետեւ ընտրություններում ՀՅԴ ազդեցությունը բոլոր դեպքերում շոշափելի է լինելու, իսկ թե կոնկրետ սլաքի որ ուղղությամբՙ սպասենք դեպքերի ընթացքին։
Ընտրություններում իր կուսակցության թեկնածուին չի առաջադրի նաեւ ԼՂՀ-ում գործող մյուս ծանրակշիռ քաղաքական կազմակերպությունըՙ Կոմկուսը։ Այդ մասին «Ազգի» թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂ Կոմկուսի ԿԿ քարտուղար Հրանտ Հայրիյանը։ Տիրող վարչակարգի հանդեպ ունեցած որոշ դժգոհություններով հանդերձ, ըստ երեւույթին, կոմունիստներն աջակից կմնան Ա. Ղուկասյանին, որովհետեւ առավելապես նրա հետ են կապում Արցախի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հույսերը։
Ի՞նչ մարտավարական կեցվածք կընդունեն ԼՂՀ մյուս հասարակական-քաղաքական ուժերը։ Առայժմ, այս առումով, զուսպ լռություն է։ Հակված չենք այն մտքին, թե դա լռություն է փոթորկից առաջ, որովհետեւ, եթե անգամ նախընտրական փուլում դրանցից ոմանք աննախադեպ ակտիվանան, ապա կլինի ընդամենը քաղաքացիական պարտքի կատարման պատեհ դրսեւորում։
Սերգեյ Դավթյանը հավաստեց, որ կապահովվեն ընտրությունների թափանցիկությունն ու տեղեկատվական մատչելիությունը։ Հավատարմագրվելու համար, առանձնապես լրատվամիջոցների ներկայացուցիչների, սահմանափակում չի լինի։ Ընդ որում, պրն Դավթյանի խոսքերով, հավատարմագրման ժամկետը ԿԸՀ հատուկ որոշմամբ երկարաձգվել է մինչեւ օգոստոսի 10-ը։
Իսկ բուն հավատարմագրումն արդեն սկսված է։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ