«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2002-06-25 | #118, 2002-06-26 | #119, 2002-06-27


ՏՈՒՐԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

1976-ից գործող գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տունն իր հարուստ եւ հետաքրքրական «կենսագրությունը» շարունակել է 1991¬92-իՙ Հայաստանի համար դժվարագույն տարիներին, որ առանց չափազանցության կարելի է խորշակաբեր համարել, երբ զարմանալի անգթությամբ եւ ճարպկությամբ փոշիացվեց հանրային ունեցվածքը, կողոպտվեցին գործարաններ, գիտական, մշակութային հաստատություններ։

Գրողների ստեղծագործական տունն այն քչերից էր, որ այս տարիներին ոչ միայն չտրվեց դրանց, այլեւ ավելի կատարելագործեց իր ծառայությունները, սպասարկման մակարդակը, նորոգեց եւ արդիականացրեց շենքային պայմանները։ Այստեղ ամենուր զգացվում են խնամք եւ հոգատարություն, վերահսկող աչք։ Մեր զրույցը Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանի հետ, տուրիզմի զարգացման հարցերի շուրջ, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

¬ 1999 թ. գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տունն արժանացել էր ՀՀ կառավարության «Արտադրանքի եւ ծառայությունների մատուցման որակի» մրցանակի, իսկ այժմ Ձեր ղեկավարած հյուրանոցային համալիրն արժանացել է նմանօրինակ միջազգային հավաստագրի։

¬ Այո, օրերս Կանադայից (QMI կազմակերպություն) ստացանք նամակ, որով տեղեկացնում են, որ մեկամյա ուսումնասիրություններից հետո որակի համակարգեր գրանցող այդ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը որոշում է կայացրել գրողների «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրն արժանացնել սպասարկումների ոլորտում «ISO-9002» որակի միջազգային հավաստագրի։

Սա նաեւ պարտավորեցնող է, որովհետեւ, որքան ինձ հայտնի է, ISO համակարգի որակի միջազգային հավաստագրեր ստացած կազմակերպությունների թիվը Հայաստանում չի անցնում մեկ տասնյակից, իսկ սպասարկումների ոլորտում թերեւս մենք առաջիններից ենք։

¬ Այս փաստը պետք է դիտել Հայաստանում տուրիզմի զարգացման գործընթացի մեջ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ հաջողություններ կամ ձախողումներ ունենք այս ասպարեզում։

¬ Տուրիզմի զարգացումը Հայաստանում հսկայածավալ գործընթաց է։ Այդ ոլորտում ISO համակարգի չափանիշներով գործող հյուրանոցը իրոք հաջողություն կարելի է նկատել, քանի որ արտասահմանյան կազմակերպություններն արտադրանք կամ ծառայություններ գնելիս, ընտրության նախապատվությունը տալիս են ISO հավաստագրերով գործող կազմակերպություններին։ Սակայն մեզ մոտ նման պահանջարկ որակի խնդիրների հանդեպ դեռեւս արմատավորված չէ։

Տուրիզմի զարգացման բնագավառում հանրապետությունում վերջին շրջանում, անշուշտ, հաջողություններ կան, սակայն դրանք ավելին չեն, քան տնտեսության մնացած ճյուղերում։ Թերեւս առաջանցիկ են հյուրանոցաշինության տեմպերը։ Բայց մտահոգություն է առաջացնում կառուցվող հյուրանոցների բիզնես-պլանների մարկետինգային ուսումնասիրությունների արժանահավատությունը։

Զբոսաշրջության զարգացումը համակարգի տարբեր ոլորտներում համակարգված չէ, ինչի պատճառով փոշիանում են եղած միջոցները։ Օրինակ, անցյալ տարի մեկը մյուսի հետեւից բացվեցին միջազգային տարբեր կազմակերպություններից ֆինանսավորվող տուրիզմի աջակցման ինֆորմացիոն կենտրոններ, որոնք բոլորը կոչված են լուծելու միեւնույն խնդիրըՙ մեր երկրով հետաքրքրվողներին տրամադրել պատշաճ տեղեկատվություն։

Զբոսաշրջությունը տնտեսության զարգացման առաջնային ճյուղ նկատող մեր կառավարության մտահոգությունը պետք է լինի ստեղծել մի ինֆորմացիոն ամբողջական ցանց, որի հետ, կարծում եմ, սիրով կհամագործակցեն ոչ միայն Հայաստանում գործավարող տուր-օպերատորները, տուր-գործակալները, հյուրանոցներն ու ռեստորանները, մշակույթի օջախներն ու հուշանվերներ արտադրողները, այլեւ աշխարհի ցանկացած անկյունից Հայաստան այցելել ցանկացող որեւէ մեկը։

Եթե ուշադիր հետեւենք բնագավառին, կնկատենք միջոցների, հնարավորությունների եւ մարդկային ներուժի նմանօրինակ մանրացման, փոշիացման միտում տուրիզմի ոլորտի կադրերի պատրաստման, տուրիստական կազմակերպությունների, միությունների ստեղծման եւ դրանց գործունեության բնագավառներում։

Տակավին լուծված չեն տուրիզմի ոլորտին առնչվող այլ կարեւոր հարցեր եւս։ Օրինակՙ ում միջոցով եւ ինչ կարգով պետք է դասակարգվեն գործող հյուրանոցներն ու ռեստորանները (մի շարք երկրներում դրանք դասակարգվում են աստղերով, թագերով եւ այլն), ով պետք է իրականացնի դրանց դասակարգման ընթացիկ վերահսկողության ու իրենց դասին շարունակական համապատասխանության գործընթացը, ինչպես պետք է ընթանա այս ծառայությունների պետական գնումների քաղաքականությունը։ Պետական գնումների մասին օրենքն այս հարցը կարգավորում է, սակայն պատկան մարմինը հյուրանոցային ծառայություններ գնելու համար երբեւէ մրցույթ չի հայտարարել։ Այս եւ տուրիզմի զարգացումը խրախուսող մյուս բոլոր հարցերը պետք է կանոնակարգվեն տուրիզմի օրենքով, որը, սակայն, քանի տարի դուրս է մնում մեր օրենսդիրների ուշադրությունից, քանզի խորհրդարանի օրակարգում քանիցս քննարկվում են Երեւան քաղաքից խաղատների հեռավորությունը կանոնակարգող օրենքի նման այլեւայլ «հրատապ» օրենքներ։

¬ Ծաղկաձորն ակտիվ հանգստի գոտի է, եւ հյուրանոցային բիզնեսը մրցակցություն է ենթադրում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին։

¬ Միանգամից ասեմ, որ ցանկացած ոլորտում առողջ մրցակցությունը տնտեսության զարգացման հիմքն է։

Այո, Ծաղկաձորում հյուրանոցային բիզնեսում այսօր ձեւավորվել է լուրջ մրցակցություն, եւ դա, ի զարմանս շատերի, ինձ անչափ ուրախացնում է։ Թերեւս նաեւ այդ մրցակցության շնորհիվ վերջին 1¬2 տարում գրողների ստեղծագործական տունը որակական լուրջ վերելք արձանագրեց։ Գործարկվեցին թենիսի կորտը, երեխաների հեքիաթային խաղահրապարակը, ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մի քանի «ապարտամենտ» տիպի սենյակներ, խորհրդակցությունների դահլիճները համալրվեցին անհրաժեշտ աուդիո-վիդեո, համընթաց թարգմանության եւ կազմակերպչական սարքավորումներով, ընթացքի մեջ է ամառային լողավազանի շինարարությունը։

Կցանկանայի այս առիթն օգտագործելով շնորհավորել մեր 50 մարդուց բաղկացած աշխատանքային անձնակազմին, TACIS-ի հայաստանյան գրասենյակին, որի ֆինանսական օժանդակությամբ հնարավորություն ունեցանք ձեռնարկելու սույն գործընթացը, եւ անշուշտ CSP-Կովկաս խորհրդատվական ընկերությանըՙ որակի կառավարման համակարգը մեզ մոտ ներդնելու համար։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4