«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2002-06-27 | #120, 2002-06-28 | #121, 2002-06-29


ՕՐԵՑՕՐ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՀՌԱԿ-Ի ՀԱՄԱԿԻՐՆԵՐԸ

Անցած երկու օրը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության վարչության եւ Տավուշի շրջանակի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Տավուշի մարզի բնակիչների հետ։ Այս հանդիպումները սոսկ ճանաչողական նշանակություն չունեին, քանզի ռամկավար-ազատական գաղափարախոսությունը ծանոթ է մարդկանց, ավելինՙ համահունչ է նրանց այսօրվա իրավիճակին ու ձգտումներին։ Անշուշտ, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Մեսրոպ Հարությունյանը եւ Հանրապետական վարչության գործիչ Կարեն Կակոյանը, ինչպես նաեւ ՀՌԱԿ Տավուշի շրջանակի ատենապետ Հովիկ Հակոբջանյանը մեծ աշխատանք կատարեցին այս երկու օրվա ընթացքում, որովհետեւ հատկապես Հայաստանի ծայրամասային տարածքների բնակիչներն այնքան սուտ ու պատիր գաղափարախոսություններ են կլլել, որ խճճվել են ու չգիտեն, թե որին, որ մեկին, ինչին հավատան։ Եվ մարդիկ անչափ շատ հարցեր էին տալիսՙ ակնկալելով ավելի ճշգրիտ որոշել իրենց տեղը Հայաստանի քաղաքական դաշտում։

Դիլիջան քաղաքի կարի ֆաբրիկայում ստեղծվեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության «Դիլիջան» ակումբը, որին անդամագրվեցին 10 նորագիրներ։ Ատենապետ ընտրվեց մանկավարժ Էլֆիկ Եսայանը։ Նա այն կարծիքին է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր նկատվող անօրինականությունները, տնտեսական դժվարությունները կուտակվել են տարիների ընթացքում։ Եվ երկար ջանքեր են պետք երկիրը երկիր դարձնելու համար։ «Այսօր Դիլիջան քաղաքում մարդիկ աշխատանք չունեն, թոշակները չեն բավականացնում տարրական կարիքները հոգալու համար։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն ի վիճակի է լուծել նաեւ տեղային հարցերը»։

Հաջորդ հանդիպատեղին Կողբ գյուղն էր, գյուղ, որտեղ բազմաթիվ հիմնահարցեր են կուտակվել վերջին տասնամյակի ընթացքում։ Գտնվելով երկրի սահմանային գոտում, դրանից բխող բոլոր հետեւանքներն անմիջապես զգացվում են նաեւ Կողբ գյուղում։ Այս ամենին գումարվեց նաեւ երկու տարի առաջ այստեղ արձանագրված երկրաշարժը, որի հետեւանքները մինչ օրս դժվարությամբ են վերացվում։ Մի շարք վթարված տներ կան, որոնց տերերը չեն կարողանում լուծել իրենց կենցաղային հարցերը։ Հարցեր, հարցեր, հարցեր, որոնք իրենց պատասխաններին են սպասում։ «Ինչպես եւ Հայաստանի սահմանամերձ բոլոր գյուղերում, Հայաստանի բոլոր բնակավայրերում, մեզ մոտ եւս հավատի պակաս է զգացվում», ասաց գյուղի թանգարանի տնօրեն, այսուհետ ՀՌԱԿ անդամ Սուրեն Աբովյանը։ «Ես կարծում եմ, համոզված եմ, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը կարող է եւ կլուծի շատ ու շատ հիմնահարցեր։ Այդ իսկ պատճառով, ես, կյանքի երկար ճանապարհ անցած շատ մարդիկ այսօր առանց երկմտելու անդամագրվում ենք ՀՌԱԿ-ին»։ Այսպես էին մտածում «Կողբ» ակումբի նորագիրները, բոլորը։

Նոյեմբերյան քաղաքում կուսակցությանն անդամագրվեցին 10 նորագիրներ, ձեւավորվեց «Նոյեմբերյան» ակումբը, որի ատենապետ ընտրվեց Սիրակ Մարգարյանը։

Իջեւան քաղաքում արդեն կային Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ակումբներ։ Այս այցելության ընթացքում ոչ միայն 10 նորագիրներով համալրվեցին ՀՌԱԿ «Ազատամուտ», «Սեւքար», «Իջեւան» ակումբները, այլեւ ՀՌԱԿ 15 անդամների հանձնվեցին կուսակցական տոմսեր։

Անշուշտ, դժվար է մեկ նյութում տեղավորել բոլոր այն տպավորությունները, որ ստացանք Տավուշի մարզ այս այցելության ընթացքում։ Սակայն մեկ բան բնորոշ է բոլոր հանդիպումներին. հատկապես Երեւանից հեռու գտնվող բնակիչները, գյուղի մարդիկ ցանկանում են իրական նպատակաուղղվածություն երկրի տնտեսական իրավիճակը շտկելու համար, ռեալ նախադրյալներ, այլ ոչ թե հրապարակային ճառեր։ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը հավատ է ներշնչում իր գաղափարախոսությամբ ու ծրագրերով, երկրի կառուցմանն ուղղված իր նպատակամետությամբ։ Ուստի օրեցօր ավելանում է ՀՌԱԿ-ի անդամների եւ համակիրների թիվը։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4