Եվրոպահայերի չորրորդ հավաքն անցկացվեց շվեդական Ուպսալա քաղաքում
Հունիսի 21¬23-ը շվեդական Ուպսալա քաղաքում հրավիրված Եվրոպայի հայկական միությունների ֆորումի չորրորդ համաժողովին մասնակցեցին 18 երկրների հայ համայնքներից ժամանած 55 ներկայացուցիչներ։ Ըստ էության, Հայաստան-սփյուռք երկրորդ համաժողովից հետո սա առաջին համաեվրոպական միջոցառումն էր, որ տեղի ունեցավ Եվրոպայում եւ նվիրվեց «Հայկական վերածննդի նախաբան» թեմայինՙ իր երկու հիմնական հարցադրումներով, սփյուռքում հայ կրթության վիճակին ու հայկական ազգային ծրագրերին։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի նախագահ Կարո Հակոբյանը ներկայացրեց շվեդահայ համայնքի համառոտ պատմությունը, որից հետո ԵՀՄՖ ընդհանուր քարտուղար Թորոս Սաղրյանի առաջարկով ընդունվեցին ժողովի նախագահություն եւ քարտուղարություն։ Այնուհետեւ վերջինս ներկայացրեց 2001¬2002 թթ. ԵՀՄՖ գործունեությունըՙ գնահատելով «ամենագործունն ու արգասաբերը». Փարիզում առաջին անգամ գումարվեց Եվրոպայի հայ իրավաբանների ֆորումը, Ժնեւում իր աշխատանքը շարունակեց Եվրոպայի հայ գործարարների երրորդ հավաքը, մեծ ծավալի աշխատանք կատարեց Բրյուսելում Եվրամիության մոտ բացված ԵՀՄՖ գրասենյակը, որն իր ուրույն դերը խաղաց ցեղասպանության ճանաչման հարցում, ինչի արդյունքը փետրվար ամսին պատգամավոր Գարտոնի ներկայացրած զեկույցի ընդունումն էր։ ԵՀՄՖ քարտուղարը կարեւորեց նաեւ Բրյուսելի գրասենյակի լոբբիստական աշխատանքը։ Խոսելով տարբեր համայնքների միջեւ կապերի հաստատման ու ամրապնդման գործում ֆորումի դերի մասին, Թորոս Սաղրյանը կարեւորեց նաեւ ԵՀՄՖ կառույցների ամրապնդման եւ ֆինանսական խնդիրների լուրջ քննարկման անհրաժեշտությունը։ Նրա ամփոփումը հետեւյալն էր. «Նախ եւ առաջ լուրջ աշխատանք ծավալելու համար անհրաժեշտ է ամրապնդել մեր որոշում կայացնող կառույցներըՙ ֆորումի զանազան ատյաններին ավելի լայն մասնակցություն եւ ավելի սիստեմատիկ աշխատանք իրականացնելու միջոցով։ Այդ կառույցները պետք է ավելի մեծածավալ վերլուծական աշխատանք կատարեն ռազմավարության ուղղությամբ եւ ավելի հստակ պլանավորեն ֆորումի անելիքները։ Հարկ է ամրացնել քարտուղարությունը եւ նրա տրամադրության տակ եղած աշխատանքի միջոցները, այն էՙ հաղորդակցության միջոցները, տվյալների բազան։ Ավելի արդյունավետ համագործակցել Հայաստանի կառավարության բարձրագույն օղակների հետ»։
Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Նիկոլա Դավիթյանն իր հերթին ծանոթացրեց մարտ ամսին կազմակերպված սեմինարի արդյունքներին, որի ժամանակ եվրոպահայ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անհատները ծանոթացել են Եվրամիութան հնարավորություններին, տրվել է այդ կազմակերպության միջոցներից օգտվելու մասին անհրաժեշտ տեղեկատվություն։
ԵՀՄՖ ֆինանսական հաշվետվությունը լսելուց հետո ներկաներից շատերը, այդ թվում հաշվետվությունը ներկայացնող Ավետիս Կիզիրյանը, պնդեցին, որ այսուհետեւ տարեկան անդամավճարները ժամանակին մուծեն։ Ոմանք ավելի առաջ գնալով նույնիսկ առաջարկեցին, որ պետք է այլեւս խստորեն մոտենալ ֆորումին անդամավճար չտված կազմակերպություններինՙ ընդհուպ նրանց զրկելով քվեարկելու իրավունքից։
ԵՀՄՖ տարեկան բյուջեն եւ աշխատանքային ծրագիրն ընդունվեցին միաձայն։ Հաստատվեց ԵՀՄՖ գործադիր մարմինըՙ Թորոս Սաղրյան, Նիկոլա Դավիթյան, Վահե Գաբրաշ, ինչպես նաեւ ԵՀՄՖ 9 հոգուց բաղկացած խորհուրդ հիմնելու մասին որոշումը։ Խորհրդի կազմում ընտրվեցին Շվեյցարիայի, Ռումինիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Խորհրդի ատենապետ ընտրվեց Ռումինիայի համայնքի ղեկավար Վարուժան Ոսկանյանը։ Բրյուսելի գրասենյակին կից ընտրվեց 3 հոգուց բաղկացած խորհրդատվական մարմինՙ Վազրիկ Բազիլ (Գերմանիա), Աննա Աբրահամյան (Հունաստան), Հրաչ Բունդարջյան (Անգլիա)։
Իսկ ֆորումին անդամակցելու հայտ ներկայացրած ֆրանսահայ «Ազատագրություն» բարեսիրական կազմակերպությանը, հունահայ «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնին, Սլովակիայի հայերի միությանը հանձնարարվեց 3 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց գործունեության մասին հակիրճ տեղեկատվություն, որից հետո գործադիր մարմինը կորոշի նրանց անդամակցության հարցը։
Իրենց գործունեության մասին ծանոթություն տվեցին հայաստանյան երկու հասարակական կազմակերպություններՙ «Հայաստանի պետական ծառայողների միությունը» եւ «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան»։
Հավաքի քննարկմանը ներկայացված գլխավոր թեմայի քննարկումն ատենապետեց Րաֆֆի Պետիկյանը (Գերմանիա)ՙ շեշտելով հարցադրումը. ո՞րն է հայակերտումի հիմնական նպատակը, ինչպե՞ս կարելի է միջինարեւելյան կրթական փորձն օգտագործել եւ զարգացնել մյուս համայնքներում։ Վենետիկից հայր Հարություն Պզտիկյանն իր ելույթում շեշտեց, թե «Դաստիարակությունը պետք է հիմնվի գիտակցության վրա», իսկ հայր Լեւոն Զեքյանն ավելացրեց, թե հայ գաղութ գոյություն ունի, եթե կա հայ լեզունՙ գոնե իբրեւ խորհրդանիշ։ Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության ուսմասվար Կարապետ Դաքեսյանն էլ ներկաների ուշադրությունը հրավիրեց հայկական դպրոցի կարեւորագույն դերին։ «Դպրոցը ոչ միայն պետք է զարգացնի երեխաների առանձնահատկությունները, այլեւ նպաստի նրանց աշխարհընկալմանը, հայկական կենսափորձի տարածմանը», ասաց նա։ Այդ իմաստով հետաքրքրական էին Հայաստանի «Տաթեւ» գիտակրթական համալիրից Սոկրատ Մկրտչյանի եւ Ալբերտ Նալչաջյանի ներկայացրած ծրագրերն ու արդեն կատարած աշխատանքը, հատկապես ուսումնական գրահրատարակչության բնագավառում։ Ի վերջո, այս թեմայի քննարկման մասնակիցները համաձայնեցին, թե ընտանիքի մեջ է դրվում լեզվի սերը, ինչը ներկաներից շատերը հավաստեցին անձնական օրինակով։
Ավելի խորը եւ հետաքրքրական քննարկում գնաց հայ ազգային ինքնագիտակցության խնդրի շուրջ, որին մասնակցեցին Կարո Հակոբյանը (Շվեդիա), Արմեն Այվազյանը (Հայաստան), Աննա Աբրահամյանը (Հունաստան), Արմեն Աբրահամյանը (Հունաստան), Վազրիկ Բազիլը (Գերմանիա), Սպարտակ Տեր-Ավետիսյանը (Լատվիա), Գեւորգ Զեյթունցյանը (Կիպրոս) եւ ուրիշներ։
«Մեր ազգային ինքնագիտակցումը կարեւոր արմատներ ունի, եւ դա արեւմտյան ինքնագիտակցության հետ խաղաղությամբ պետք է գոյակցի», ասաց քննարկումը ատենապետող հայր Լեւոն Զեքյանը։ Ներկաներն անդրադարձան սփյուռքի այսօրվա վիճակին, հայ մարդու բարոյական եւ ազգային նկարագրին, սփյուռքի զարգացմանը, եկեղեցու դերին, օրենսդրական մեխանիզմների ստեղծմանը, ճշգրիտ վիճակագրություն ունենալու անհրաժեշտությանը։ Պատմաբան Արմեն Այվազյանն իր ելույթում մատնանշեց, թե սփյուռքը բացարձակապես ուսումնասիրված չէ։ Հայաստանում սխալ պատկերացում ունեն սփյուռքի մասին, իսկ սփյուռքումՙ Հայաստանի։ Այնուհետեւ արժեքավոր բանավեճ ծավալվեց զեկուցողների միջեւ։ Սպարտակ Տեր-Ավետիսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Ջավախքի խնդիրների վրա եւ կարեւորեց դրանց համահայկական լուծում տալու անհրաժեշտությունը։
Շվեդիայից խորհրդարանական Մուրադ Արթինը ներկայացրեց իր երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքի ընթացքը։ Նույն խնդրին անդրադարձան նաեւ Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Իտալիայի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները։
Ֆորումի աշխատանքներին մասնակցում էր եւ Հայաստան-սփյուռք երկրորդ համաժողովի մասին տեղեկատվություն հաղորդեց ՀՀ ԱԳՆ սփյուռքի վարչության պատասխանատու Ջիվան Մովսիսյանը։ Որոշում կայացվեց, որ հաջորդ տարեկան հավաքը տեղի կունենա Հունաստանում կամ Վենետիկում։
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Հատուկ «Ազգի համար, Ուպսալա-Պրահա