«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2002-06-28 | #121, 2002-06-29 | #122, 2002-07-02


ԲԵՄԻ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ... ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

«Լյուչիայի խելագարության տեսարանը կատարելուց հետո Լիոնում ինձ մոտեցավ պատկառելի տարիքի մի երաժիշտ եւ արցունքն աչքերին ասաց.

¬ Տիկին, նայեք, մազերս երաժշտության մեջ են ճերմակել, հազար մեծերի եմ լսել։ Բայց դուք ինձ լացացրիք։

Բեմական բազում հաջողություններ, անակնկալներ, հույզեր, ուրախություններ, ծափեր, արցունքներ, ծաղիկներ, հանդիպումներ ու բաժանումներ... Շատ բան ունի պատմելու երգչուհի Էմմա Պապիկյանը, բայց նա հիշեց լիոնցի երաժիշտ, դերասան, դրամատուրգ Ռոբանին։

Բեմը ծաղկում է, երբ երգը թեւածում-տարածվում է, երբ կատարող-ունկնդիրը ձուլվում են, հնչյունները, մեղեդին զգացմունքի հետ անէանում-մեկտեղվում են։

Բեմը նվաճվում է, երբ կատարյալ է տաղանդը եւ անթերի է սերն ու նվիրումըՙ մեծ։ Իսկ արվեստը խանդոտ է ու պահանջկոտ. ինքնասիրահարումի աստիճան համառ ու ինքնամեծար, որ իր կողքին չի հանդուրժում ոչ մի սիրեցյալի։ Արվեստը յուրահատուկ զոհաբերում է, քանի որ ինքնայրումի ու ստեղծագործումի մեջ արտիստի հոգին բաշխվում-տրվում է շռայլորեն։ Տաղանդ, անհոգնաբեկ նվիրում, բավարա՞ր է այս ամենն արդյոք արվեստի խստապահանջ ճանապարհն անցնելիս։ Թերեւսՙ այո։ Բայց ամենից կարեւորը, «երբ հոգիդ ես դնում երգի մեջ»։

Այսպիսին նաեւ Էմմա Պապիկյանի արվեստն է։ Բնությունից իրեն առատորեն շռայլված ձայնային հարստություններով ու արտիստիկ հմայքներովՙ իր արվեստը վաղուց կատարելության հասցրած, հայրենի եւ եվրոպական բազում բեմեր եւ հանդիսասրահներ նվաճած, միջազգային հանրահայտ փառատոների դափնիներ վաստակած երգչուհին այսօր երազում է Երեւանը տեսնել իբրեւ միջազգային երաժշտական կենտրոն, որի համար մի քանի տարի էՙ հղացել է մայրաքաղաքում երաժշտական ակադեմիա հիմնելու գաղափարը. ինքնատիպ ճարտարապետական լուծումներով հին ոճի ամֆիթատրոն, վոկալ ակադեմիա եւ հյուրանոցային համալիր, լսարաններ, գրադարան, համերգային դահլիճներ։

Ակադեմիայի ստեղծման գաղափարը երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված գաղտնիքներն են, տեխնիկական եւ կատարողական մեթոդները վոկալ արվեստում, որ երգեցողությունը հասցնում են բնական կատարման բարձրագույն աստիճանի։ Այն էՙ անթերի վոկալ տեխնիկայի տիրապետում եւ կերպարների մեկնաբանման գաղտնիքների միացում։ Միջազգային վոկալ ակադեմիայի օգնությամբ շրջանառու կդառնա հայկական վոկալ դպրոց հասկացությունը, որը չի զիջի համաշխարհային ճանաչում ունեցող գերմանական, ֆրանսիական, իսպանական, ռուսական դպրոցներին։ Այս բոլոր դպրոցների առանձնահատկություններն ուսումնասիրելովՙ Էմմա Պապիկյանը գտել է բուն հայկական դպրոցին յուրահատուկը, որի կատարյալ մեթոդները բոլորովին նոր եւ անսպասելի արդյունքներ են տալիս։ Ակադեմիան կպատրաստի միջազգային մակարդակի երգիչ-դերասաններ, ինչպես նաեւ համապատասխան մեթոդով դասավանդող դասախոսական կազմ։ Այստեղ կուսանեն ոչ միայն տեղացիներ, այլ նաեւ ուսանողներՙ արտերկրից։ Երգչուհին 1987 թ.-ից տարվա մեծ մասը լինում է արտասահմանում, հանդես գալիս համերգներով ու անցկացնում կատարելագործման դասընթացներ։ Տարբեր օպերային թատրոնների սոլիստները 1987¬88 թթ.-ից դասեր են վերցնում նրա մոտ, հաճախ այցելում Երեւանՙ ամռանն իրենց կատարելագործման դասընթացները շարունակելու։

Ակադեմիան, լինելով մշակութային կենտրոն, նաեւ տնտեսական որոշակի շահ կապահովի Հայաստանին (միջազգային փառատոներ, զբոսաշրջիկների, արտերկրի ուսանողների հոսք)։ Այս ծրագիրն իրականացնելու ընթացքը կախված է իշխանություններիՙ արվեստի նկատմամբ ունեցած վերաբերմունքից եւ գնահատումից, իսկ ամենակարեւորըՙ ֆինանսական ներդրումներից։

Երգչուհին այս վերջին տարիներին ավելի շատ զբաղվել է երաժշտագիտությամբ։ Ուսումնասիրելով եւ գտնելով հայկական վոկալի առանձնահատկություններն ու առավելություններըՙ հույս է փայփայում իր նվիրական գաղափարներն իրականացնել այստեղ։ «Երաժշտական քաղաքի իմ երազը պատահական չէ, ասում է Էմման, սա բնավորություն է, մտածողությունՙ գործելու, ստեղծելու, հիմնելու, որ ժառանգել եմ հորիցս»։

Բեմից դուրս էլ նա արտիստի իր հմայքի մեջ է, թեթեւ, թափանցիկ, մեղեդային, նա միաժամանակ անչափ համակրելի է իր պարզ ու անպաճույճ խոսքով, խառնվածքի ազնիվ պոռթկումով, որ արվեստի ներքին գունագեղության միջից կյանքը նաեւ սովորական, մերկ իրականության մեջ տեսնելու կարողություն ունի։ «Հայրսՙ Թորգոմ Պապիկյանը, Կարսից, ազնվական ընտանիքից է։ Կորցնելով ծնողներինՙ գաղթում է Երեւան, ընդունվում գյուղատնտեսական ինստիտուտ։ Առաջին շրջանավարտներից է եղել եւ բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Մայրսՙ Լուսիկը, շատ գեղեցիկ ձայն ուներ, զգայուն, քնքուշ, անչափ բարի կին էր։ Մեծ նշանակություն ունիՙ ինչ ընտանիքում ես մեծացել», հիշում է երգչուհին, ծոցատետրից հանում ծնողների հին լուսանկարը, որից երբեք չի բաժանվում։ «Վեց քույր ենք, մեկ եղբայր, բոլորը հիմնականում իրավաբաններ են։ Դժվար է, պատասխանատվության մեծ զգացում է առաջանում, երբ դաստիարակվում ես մի ընտանիքում, որտեղ ամեն ինչ կարգ ու կանոնի մեջ է»։

Իր ճակատագիրը երգն է, եւ ինքը գտավ այդ ճանապարհը դեռեւս մանկուցՙ իր ելույթներով, աշակերտեց հմուտ ու հոգատար մանկավարժ Մելանյա Չոլախյանինՙ Առնո Բաբաջանյանի անվ. երաժշտական մանկավարժական ուսումնարանում, ապա փայլուն ավարտեց Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիանՙ Տ. Նովիչենկոյի մոտ, ու արվեստն իր համար եղավ անմնացորդ նվիրում, կյանքի իմաստավորում, սեր։ «Շատ հաճախ կյանքն այլ բան է նկատել տալիս։ Ասենք, փառքը, որ շատերը ստեղծում են կուլիսների հետեւում, սարքովի ճանապարհով գնում։ Ես միշտ ցածր եմ դա համարել, ընդվզել եմ դրա դեմ, իմ տաղանդին եմ ապավինել, ինձ խորթ է այդ ճանապարհը, իմ ճանապարհը ինքս եմ հարթել։

¬ Արտիստը բեմում հմայիչ է, սքանչելի, խորհրդավոր, իսկ բեմից դո՞ւրս։

¬ Շատ անգամ եմ ականատես եղել, թե ինչպես մարդիկ կարող են կերպարանափոխվել։ Նույնը չեն կյանքում եւ բեմում, տարբեր են հոգեբանությամբ, ինչը երբեմն վարպետորեն քողարկվում է։

Երբ ես բեմում եմ, պարզ եմ, անում եմ այն, ինչ պահանջում է դերը։ Զգացական վիճակ է, պետք է կարողանալ ըմբռնել սա, խաղ է, որ համահունչ է ոչ թե իմ ներքինին, այլ դերի կատարմանը։ Իսկ համոզիչ լինելու համար պետք է վերապրել դա, քո միջով անցկացնել։ Երաժշտությունը հոգեւոր սնունդ է, այստեղ չպետք է կեղծել։ Գուցե ուրիշ ոլորտներում (քաղաքականություն, դիվանագիտություն) դա անխուսափելի է, որովհետեւ մարդու բնույթը կատարյալ չէ, բայց երաժշտության մեջ պետք է մաքուր լինել։

Յուրաքանչյուր ժողովուրդ իր արժանապատվությունը պահում է իր մշակույթով եւ հոգեւոր արժեքներով։ Իշխանավորները պիտի հասկանան եւ գնահատեն ճշմարիտ տաղանդներին, որ մնայուն են բոլոր ժամանակների մեջ։

¬ Ունի՞ արդյոք հայ արվեստագետը դրսում հնարավորությունների ավելի լայն ասպարեզ։

¬ Չկարծեք, թե այդքան տարբեր են դուրսը եւ ներսը։ Մարդկությունն ամենուր նույնն է, քաղաքակրթությունները կարող են տարբեր լինել, անշուշտ, բայց բնազդային, բնույթի առումով մարդը հիմնականում միատեսակ է։

Ամեն տեղ էլ իրենցից մեծի առավելությունը չեն ընդունում։ Այստեղից գնացածներից շատերը կարող են երգել տարբեր բեմերում։ Սա բավական հեշտ է, ինչպես այստեղ։ Ասում են չէՙ տաղանդներին օգնել է պետք, անտաղանդներն իրենք կգտնեն իրենց ճանապարհը։ Իհարկե, միջին, միջինից բարձր մակարդակ ունեցողներն աշխատունակ են եւ կարող են օգտագործվել։ Չէ՞ որ նրանք մեծ վտանգ չեն ներկայացնում իրենց աստղերին խամրելու առումով։ Իսկ նրանց առաջ, ովքեր իրենց աստղերից բարձր են, ճանապարհները փակվում են, ինչպես ամենուրեք է, եւ սա քաղաքական հարց է, որովհետեւ իրենք են ուզում հզոր լինել, իսկ հզոր են իրենց ունեցածով, գիտությամբ, մշակույթով, տնտեսությամբ։

Լինում են պատահական բացառություններ, ինչպես միջազգային ճանաչում գտած մեներգչուհի Մարիա Գուլագինան (զարմանալի է, որ այդ բնատուր ձայնով, հոյակապ դրամատիկ սոպրանոյին 1983 թ.-ին մերժեց մեր օպերային թատրոնը)։

Յուրաքանչյուր ժողովուրդ իր արժանապատվությունը պահում է իր մշակութային-հոգեւոր արժեքներով։ Եվ մենք էլ պետք է ունենանք մեր տեղը համաշխարհային մշակույթում։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4