«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ ԴՐԱՄԸ

Եվ արժեզրկվում դոլարը

Ընդամենը 1 ամիս առաջ արտարժույթի շուկայում հայկական դրամը սրընթաց անկում էր արձանագրում։ Ամերիկյան 1 դոլարի փոխարժեքը հասավ 583¬584 դրամի։ Կենտրոնական բանկի խոստովանությամբ, առաջին 5 ամիսների սղաճի մակարդակը գերազանցեց նախապես ծրագրված 2,6-ի սահմանըՙ անցնելով 5 տոկոսից։ Այս օրերին տեղի է ունենում հակառակը։ Փոխանակման կետերում 1 դոլարը գնվում եւ վաճառվում է 560¬563 դրամով։ Ի պատասխան դրա պատճառների մասին մեր հարցմանը, Կենտրոնական բանկից երեկ մի քանի փաստարկներ թվարկեցին։

Առաջինն այն էր, որ բնակլիմայական պայմանների պատճառով դեֆլյացիոն սեզոնն ուշ է սկսվել։ Այսինքնՙ գյուղմթերքների ուշ հասունացումը եւ շուկայում իրացումը փոքր-ինչ հետ ընկան։ Ուստի դրամի կայունացումն էլ այդ չափով ուշացավ։ Երկրորդ պատճառը Կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումներն էին։ Հունիսին ԿԲ էին հրավիրվել առեւտրային բանկերի ղեկավարները, եւ որոշվել էր դրամական բազան «պահպանել թույլատրվող տատանումների ներքին սահմանում»։ Եվ որ առավել կարեւոր է, հունիսի վերջին ԿԲ-ն 3 մլն դոլար է վաճառել դրամի կայունացման նպատակով։

Թերեւս վերոնշյալին կարող ենք ավելացնել նաեւ միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքները։ Ամերիկյան 3 խոշոր ընկերությունների հետ կապված վերջին գայթակղությունները որոշակի անվստահություն են առաջացրել ամերիկյան դոլարի նկատմամբ, ինչի հետեւանքով վերջինիս նկատմամբ որոշակի կայունացում են ունեցել եվրոն, ճապոնական իենը եւ այլ դրամական միավորներ։

Հետեւաբար, այս օրերին դրամի կուրսի կայունացումը հետեւանք էր մի քանի գործոննների համատեղ ազդեցության։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4