«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ՄԵԾԱՐՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՄԱՐԻ ԲՐՈՍԵՆ

Ֆրանսիացի անվանի հայագետ-վրացագետ ակադեմիկոս Մարի Բրոսեի ծննդյան 200-ամյակին էր նվիրված ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում երեկ կայացած գիտաժողովը։ Բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանը, որը բարձր գնահատեց Մարի Բրոսեի վաստակը հայ-վրացական պատմագիտության մեջ։ Պատմական գիտությունների դոկտոր Պարույր Մուրադյանն իր ելույթում անդրադարձավ Բրոսեի գիտական ժառանգությանն ու մերօրյա հայագիտության մի քանի խնդիրների։ Հունարեն, լատիներեն, եբրայերեն, արաբերեն, չինարեն եւ մի քանի այլՙ արեւմտյան լեզուների մեջ հմտացած Մարի Բրոսեի ուսուցչապետըՙ հայագետ Սեն-Մարտենն իր սանին խորհուրդ է տալիս նախ հայագիտություն ուսանել, ապա անցնել վրացերենինՙ Վրաստանի պատմությունը հայոց պատմիչների վկայություններով ուսումնասիրելու համար։ Հայոց պատմությունն ու մատենագրությունը, մշակույթը լիարժեք գնահատելու համար Բրոսեն այցելում է Կովկաս եւ Ռուսաստանի ակադեմիայի եւ փոխարքա կոմս Վորոնցովի հովանավորությամբ ստանում է տեղում աշխատելու հնարավորություն։ Նրա այդ տարիների աշխատանքն ամփոփված է «Զեկույցներ» նշանավոր աշխատության նյութերում։ Նոր ծանոթությունների ու հայթայթած նյութերի հիման վրա նա գրեց «Անիի ավերակները» երկպրակ աշխատությունը։ Բրոսեն մեկ տասնյակից ավելի հրապարակումներ նվիրեց հայոց միջնադարյան ձեռագրերի ցուցակագրմանը, ուսումնասիրեց հայոց գրչության օջախներից մի քանիսի պատմությունը, ճանաչեց ստեղծված մատենագրությունը։ Նա ձեռագրագետ, աղբյուրագետ էր, որի վաստակի ծավալը հայագիտության եւ վրացագիտության մեջ դժվար է այսօր կշռել, նա եղավ այդ երկուսի խնդիրները համադրողը։

Մի շարք ելույթներից հետո գիտաժողովն ամփոփեց արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանըՙ անչափ կարեւորելով հայ եւ վրաց գիտնականների գիտաժողովներըՙ նվիրված հայագետ-վրացագետ ակադեմիկոսին, որը նրանց կապող յուրօրինակ կամուրջ դարձավ։ Պրն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ նախնյաց հիշատակը հարգելու եւ նրանց արժանին մատուցելու ավանդույթը մշտապես կուղեկցի հայագետներին եւ կզորացնի նրանց մտավոր ու հոգեւոր աշխարհը։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4