«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՈՒՄ

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամբիոնը երեկ անցկացրեց մարդու իրավունքների ուսումնասիրմանը նվիրված երկու ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը եւ «Մարդու իրավունքները նոր աշխարհայացքի ձեւավորման գործընթացում» սեմինարը։

Սահմանադրական դատարանի անդամ, համալսարանի մարդու իրավունքների ամբիոնի վարիչ Վալերի Պողոսյանի «Մարդու իրավունքներ. հասկացություններ, սկզբունքներ, մոտեցումներ» ուսումնական ձեռնարկը խմբագրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը։ Ձեռնարկում լուսաբանվում են բնական ու դրական իրավունքների փոխհարաբերությունը, մարդու իրավունքների հիմնական հայեցակարգերը, մասնավորապես ազգային հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը։ Կառլեն Միրումյանի «Մարդու իրավունքներ. պատմաքաղաքական ակնարկ» ուսումնական ձեռնարկը լուսաբանում է մարդու իրավունքների ձեւավորման ու զարգացման պատմական հայեցակարգերը եւ առաջին անգամ ներկայացնում հայ քաղաքագետների եւ իրավագետների հայացքներն ու տեսակետները։ Ուսումնական երկու ձեռնարկները նախատեսված են ուսանողների, ասպիրանտների, դասախոսների եւ առհասարակ արդիական խնդիրներով հետաքրքրվողների համար։

Սեմինարում ելույթ ունեցողներըՙ Սահմանադրական դատարանի անդամներ Վալերի Պողոսյանը, Ալինա Գյուլումյանը, Ռաֆայել Պապայանը, անդրադարձան մարդու իրավունքների նոր աշխարհայացքի ձեւավորմանը, իրավունքների սահմանափակումներին եւ դրանց սահմաններին, մարդու իրավունքների քրիստոնեական պատկերացումներին։

Սեմինարի երկրորդ նիստում հրավիրվեց կլոր սեղանՙ քննարկելու մարդու իրավունքները Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում», մարդու եւ ազգի իրավունքների ըմբռնումը XIX դարի երկրորդ կեսի հայ լուսավորականության մեջ, մարդու իրավունքներն արեւմտահայ սահմանադրական գաղափարախոսության մեջ եւ այլ հարցեր։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4