«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2002-07-02 | #123, 2002-07-03 | #124, 2002-07-04


ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԵՐ ԻՏԱԼԱԿԱՆ ՕՊԵՐԱՅՈՒՄ

Լիոնում լույս տեսնող «Ֆրանս¬Արմենի» հանդեսը տեղեկացնում է, որ Փարիզի Սեն Կլու արվարձանի մշակութային կենտրոնում ապրիլի 11-ին երկու հայեր գլխավոր դերակատարներն են եղել Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում։ Ջիլդայի դերում սոպրանո Շուշիկ Բյուլբյուլյանն էր, Ռիգոլետտոյի դերումՙ բարիտոն Բապտիստ դը Հայքը (իսկական անունըՙ Մկրտիչ Մկրտչյան)։ «Ռիգոլետտոն» ներկայացրել է «Օպերան ամենքի համար» ընկերությունը, որի նպատակն է օպերաները մատչելի դարձնել լայն հասարակայնությանը։

Շուշիկ Բյուլբյուլյանը ծնվել է Լիբանանում, 1967 թ.։ Հայաստանում 3 տարի ուսանելուց հետո կատարելագործվել է Փարիզի արվարձան Օբերվիլյեի կոնսերվատորիայում, որտեղ 1990 թ. միաձայն առաջին մրցանակ է ստացել։ Նա Գիշերային թագուհու դերակատարն է եղել Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում, Նորինայի դերն է կատարել «Դոն Պասկուալե» օպերայում։ Աշխատում է Բաստիլի օպերային երգչախմբում եւ հաճախ օպերային երկրորդական դերերգեր կատարում Փարիզի շրջանում։

Բապտիստ դը Հայքը ծնվել է 1957 թ. Երեւանում։ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում օպերային հայտնի մեներգչուհի Մարիամ Չմշկյանի նախկին սանը երգիչ է եւ խմբավար։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգիչն է եղել։ «Նարեկ» արական երգչախմբի հիմնադիրն է։ Կոմիտասի, հայկական միջնադարյան խազագրության մասնագետ է։ Մոցարտի «Ռեքվիեմի», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի, Վերդիի, Շուբերտի, Բրամսի ստեղծագործությունների կատարումներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում։ Վերջին երկու տարիներին բնակվում է Ֆրանսիայում։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4