ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հեղինակությունը վերջին ժամանակներս զգալիորեն բարձրացել է։ Դրա վկայությունն են ոչ միայն բազմաթիվ նորագիրները, Հայաստանի տարբեր տեղերում բացվող ակումբները, այլեւ կուսակցության ղեկավարների հետ հանդիպումների բազմաթիվ հրավերները։
Այս անգամ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետ հանդիպման ցանկություն էին հայտնել Հայաստանի մշակույթի ֆոնդից։ Երեկ կայացավ այդ հանդիպումը, որը կարեւորեց ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը։
¬ Մեր կուսակցությունը շատ ու շատ այլ կուսակցությունների նման չի աշխատում հսկայական թվեր ապահովել,¬ ասաց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հանդիպման սկզբում։¬ Մեզ համար անչափ կարեւոր է կուսակցության որակական կազմը։ Ուստի բնավ պատահական չէ, որ մշակութային գործիչներով ու ձեռներեցներով է համալրվում կուսակցությունը։ Նկարիչ Կարեն Աղամյանի, պատմաբան Լավրենտի Բարսեղյանի, ազգային ակադեմիայի աշխատակից Գեւորգ Բաղդասարյանի, կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի հետ վերջին մեկ ամսում Ռամկավար Ազատական կուսակցությանն են անդամագրվել շատ ու շատ գործարարներ, ձեռներեց մարդիկ։
ՀՌԱԿ ատենապետը բացատրեց, որ, այո, մշակույթի գործիչները Հայաստանի, հայ ժողովրդի հարստությունն են։ Բայց մի՞թե մեր ժողովրդի եւ մեր երկրի համար հարստություն չեն այն մարդիկ, ովքեր նյութական արժեքներ են ստեղծում։
Հանդիպման մասնակիցներըՙ նկարիչ, ճարտարագետ, փիլիսոփա, ազատ լրագրող, պատմաբան, շատ հարցեր, տագնապներ ունեին։ Նրանց, իհարկե, առաջին հերթին մտահոգում են ազգային գերխնդիրներըՙ արտագաղթ, աշխատատեղերի ստեղծում։ Անշուշտ, դրանց միանշանակորեն պատասխանել դժվար է։ Սակայն ՀՌԱԿ ատենապետը համոզված է, որ տնտեսական նորմալ պայմանների դեպքում սոցիալական ու տնտեսական հարցերը կլուծվեն։ Իսկ այդպիսի պայմաններ կստեղծվեն ոչ միայն պետական, այլեւ հովանավորների ներդրումների շնորհիվ։ «Այդպիսի ներդրումներ եղան ժամանակին,¬ ասաց ՀՌԱԿ ատենապետը,¬ երբ ռամկավար շատ գործիչներ, նաեւ ռամկավար-ազատական գաղափարախոսության համակիրները զգալի ներդրումներ կատարեցին Հայաստանում։ Ավաղ, նախկին իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ ներդրումները որեւէ արդյունք չունենան։ Վերջին երկու-երեք տարվա ընթացքում, փառք Աստծո, ներդրումների վստահելիության դաշտ է ստեղծվել»։
ՀՌԱԿ ատենապետը, փաստորեն, նաեւ սրանով է պայմանավորում նախագահական գալիք ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը։
Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը կարեւորում է զուտ մշակութային մի հեռուստածրագրի ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր կլինի անկողմնակալ ու լիովին ազգային մշակույթի պրոպագանդումը։ «Մենք հայրենասիրական ու հայասիրական մշակույթի պրոպագանդման կարիքն ենք զգում,¬ ասաց նա,¬ որպեսզի մեր մեջ փտախտ չառաջանա»։
Անշուշտ, սա կարեւոր հանգամանք է այսօրվա հեռուստաալիքների շատ հաճախ ապազգային քարոզչության պայմաններում։ Բայց պետք է հաշվի առնել շուկայական այսօրվա իրավիճակը եւ հնարավորություններ գտնել հենց ազգային մշակույթը պրոպագանդելու համար։
Երեկ կայացած հանդիպումն, անշուշտ, շատ կարեւոր էր, որովհետեւ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, լինելով մշակույթի ոլորտի մարդ, լավ էր հասկանում մշակույթի գործիչների այսօրվա տագնապները։ Բոլորս միասին հզոր ու զարգացած երկիր ենք ուզում տեսնել։ Այդ երազած երկրին հասնելու ճանապարհները պետք է ճշգրտվեն։
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի կարծիքով, այդ ճանապարհի սկիզբն այսօր դրվում է, եւ պետք է սատար լինել այսօրվա ծրագրերի իրականացմանը։
Ս. Մ.