Համոզված է Գալուստ Սահակյանը
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստը սկսվեց Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի հայտարարությամբ եւ միջնորդությամբ։ Նա հայտարարեց, որ իրեն շատ քաղաքացիներ են դիմելՙ ցանկություն հայտնելով լինել դատարանում, բայց նման հնարավորություն նրանց չի տրվում, թեեւ նիստերը դռնբաց են։ Յունոշեւը միջնորդեց դատարանին «վերացնել նման անօրինական գործողություններն ու խոչընդոտները»։ Նա պարզաբանեց, որ անօրինականություն ասելով նկատի ունի հրապարակայնության սկզբունքի խախտումը։
Դատավորը, գնահատելով այլ երկրի քաղաքացի փաստաբանի մտահոգությունը, նշեց, որ դատարանն էքսկուրսիայի վայր չէ, եւ ինքն, առաջին հերթին, պարտավոր է ապահովել 91 տուժողների եւ զոհերի հարազատներիՙ դատարանում ներկա լինելու իրավունքը։ Պրն Ուզունյանը նշեց նաեւ, որ դահլիճը փոքր է, եւ եթե ինքը Յունոշեւի առաջարկած սկզբունքով առաջնորդվի, մարզահամերգային համալիրն էլ չի բավարարի։
Ինչ վերաբերում է հրապարակայնությանը, ապա մամուլն ազատ լուսաբանում է դատավարությունը։
Դատական նիստին ներկայացել էր ԱԺ պատգամավոր, տուժող Գալուստ Սահակյանը։ Ըստ նրա, ահաբեկչության օրն ահաբեկիչները շատ ինքնավստահ էին եւ ունեին ուղղորդողներ։ Նրանք զենքին վարպետորեն էին տիրապետում։ Գալուստ Սահակյանի կարծիքով, նրանք հոգեբանական պատրաստվածության դպրոց էին անցել։
Շարունակելով իր գնահատականներն ու կարծիքներըՙ տուժողը նշեց, որ բացի Միքայել Քոթանյանի եւ Հենրիկ Աբրահամյանի սպանություններից, մյուսներինը եղել է դիտավորությամբ։ Ըստ տուժողի, ահաբեկիչներն ավելի թշնամաբար են տրամադրված եղել «Միասնություն» դաշինքի նկատմամբ։
Պատասխանելով դատավարության մասնակիցներից ոմանց հարցերինՙ Գալուստ Սահակյանն ասաց, որ իր ստացած տպավորությամբ դրսից ահաբեկիչներին աջակցող ուժեր կային, բայց չէին կարողանում գալ, քանի որ ճանապարհները փակ էին։ Եվ դա է եղել պատճառը, որ ահաբեկիչները հեռախոսով փորձել են հորդորել չգիտես ում, թե մի կերպ եկեք, եթե ճանապարհները փակ ենՙ եկեք ոտքով։ Տուժողը համոզմունք հայտնեց, որ դրսում մարդիկ կային, որոնք պիտի գային։
«Նրանց ամբողջ նպատակն այն էր, որ չլինի «Միասնությունը», ասաց տուժող Սահակյանը, ավելացնելով, որ թեեւ այժմ էլ «Միասնության» գաղափարներն իրականացնողներ կան, բայց ղեկավարների կենդանի մնալու դեպքում ամեն ինչ կարվեր ավելի արագ եւ բարձր մակարդակով։
Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը փորձեց իրենց կողմից արված, վերը հիշատակված զանգի բովանդակությունը վերաիմաստավորելՙ հասցեագրելով այն ոչ թե դրսում գտնվող ինչ-որ մարդկանց, այլ դահլիճ գալու պատրաստվող բժիշկներին։ Նա տուժողին հարցրեց, թե վերջինս չի՞ հիշում, որ ինքն ասել է. «Սպիտակ խալաթներ կհագնեք»։
Հարցին հարցով արձագանքեց դատավոր Ուզունյանը. «Ի՞նչ է, բժիշկներն առանց խալաթի՞ պիտի գային»։
Երեկ դատարան էր ներկայացել նաեւ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Ենգոյանը։ Նա նկարագրեց Կարեն Հունանյանի դահլիճ ներխուժելը, նշեց, որ մինչեւ պառկելը նկատել է նաեւ 2-րդ ահաբեկչինՙ Նաիրի Հունանյանին, որը բարձրանում էր բեմ։ Տուժողը տեսել է Վազգեն Սարգսյանի սպանությունը, իսկ Կարեն Դեմիրճյանի եւ Յուրի Բախշյանի ընկնելը չնկատելով մտածել է, որ վերջիններս հասցրել են թաքնվել։
Ըստ տուժողի, ահաբեկիչները մթագնած ուղեղով էին գործում, նրանցից ոչ ոք չի զղջացել, ամեն ինչ եղել է լավ կանխամտածված ու մշակված։
Ռոբերտ Ենգոյանն ահաբեկիչներից «խեղճուկրակ» համարեց Էդիկ Գրիգորյանին, որն առավոտյան կողմ սկսել է դիմել պատգամավորներին, խնդրելով, որ վերջիններս հետագայում վկայություն տան իր ոչ մի սպանությանը չմասնակցելու եւ անսարք զենք ունենալու մասին։
Նիստը կշարունակվի երկուշաբթի օրը։ Այդ ժամանակ դատարան կներկայանան Աղվան Վարդանյանն ու Մարտուն Մաթեւոսյանը, ապա դատարանը կքննարկի, թե նիստերին չներկայացած տուժողներից ում կենթարկի բերման կամ կհրապարակի նրանց նախաքննական ցուցմունքները։ Կքննարկեն նաեւ վկաներիՙ դատարան ներկայանալու հարցեր։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ