«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2002-07-03 | #124, 2002-07-04 | #125, 2002-07-05


ԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՄԻԱՅՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Է

Ինչը հաճախ մնում է անհետեւանք

«Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը շարունակում է հանդիպումները «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներումՙ «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ։ Հյուրը ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանն էր։ Նա նշեց, որ նման հրապարակային հանդիպումները վերահսկիչ պալատի աշխատանքի համար կարեւոր են։ Օրենսդրորեն ԱԺ վերահսկիչ պալատն անկախ էՙ հաշվետու լինելով ԱԺ-ին։ Չունենալով խախտումներ նկատելու կամ բացահայտելու դեպքում պատժելու (թեկուզ վարչական) իրավասություն, վերահսկիչ պալատը կատարում է ախտորոշում։

Անդրադառնալով իր ղեկավարած կառույցի աշխատանքը դժվարացնող հանգամանքներին, պրն Թավադյանը նշեց, որ բարդություններ են առաջանում, որովհետեւ պետական պաշտոնյան հստակ չի վերահսկում, վարձատրվում է բավականին ցածր, տնտեսության մեջ մեծ է կանխիկ շրջանառությունը եւ այլն։ Այս ամենը զգալի են դարձնում սուբյեկտիվ գործոնի դերը։ Եվ իզուր չէ, որ, օրինակ, շատ դեպքերում կանխիկ շրջանառությունը նույնացվում է ստվերային տնտեսության հետ։

Ըստ Աշոտ Թավադյանի, սուբյեկտիվիզմը մեծանում էր նաեւ նրանով, որ մինչեւ 2001 թ. բյուջեի եռամսյակային համամասնությունները չէին սահմանվում։ Կոռուպցիոն երեւույթներով լի են նաեւ վարկային գործողությունները։ Որոշ վարկեր չունեն հստակ ձեւակերպված նպատակ, դրանց զգալի մասը նախատեսված է լինում խորհրդատվությունների համար, ինչը դժվար վերահսկելի է։

Վերահսկիչ պալատի նախագահը խոսեց նաեւ կառույցի անկախ լինելու դեպքում ակնկալվող ռեալ արդյունքներից։ Ըստ նրա, ոչ մի երկրում չկա ԱԺ վերահսկիչ պալատ։

Որպեսզի կառույցը վերահսկի ԱԺ-ն, ուժային կառույցները, դրա համար անհրաժեշտ է ԱԺ որոշում։ Բայց քանի որ ոչ ոք վերահսկելի լինելուց գոհ չի լինի, հետեւաբար նման կարգը գոնե տարօրինակ է. ԱԺ-ն պետք է որոշիՙ վերահսկվի՞ արդյոք, թե՞ ոչ։

«Ազգի» այն հարցին, թե վերահսկիչ պալատի կողմից անօրինականությունների բացահայտման դեպքում արդյոք դրանք շարունակություն ունեցե՞լ են եւ եղե՞լ են պատասխանատվության ենթարկելու դեպքեր, պրն Թավադյանը պատասխանեց, որ այդ մասին երկար ժամանակ խոսվել է եւ կարծես թե որոշ արդյունքների հասել են։ Բայց քանի որ ԱԺ վերահսկիչ պալատը ոչ օրինազանցությունը կասեցնելու իրավունք ունի, ոչ էլ դրա կապակցությամբ միջնորդագիր ներկայացնելու, ուստի կարող է 2001 թ.-ի համար իրենց եզրակացության հիման վրա հարուցված ընդամենը 2 քրեական գործի օրինակ բերել։ Մեկը «Սեւան» ազգային պարկի, մյուսըՙ անտառտնտեսության մասով է։ Որոշ բացահայտումներ էլ եղել են աղետի գոտու շինարարական աշխատանքների հետ կապված հարաբերություններում։

Ա. Հ.

Հ. Գ. Վերջերս անընդհատ լուրեր են պտտվում, թե վերահսկիչ պալատի նախագահին, մեղմ ասած, ուզում են ազատել զբաղեցրած պաշտոնից։ Այս առնչությամբ Աշոտ Թավադյանը պարզաբանեց, որ վերահսկիչ պալատը լրջությամբ է վերաբերվում օրենքներին եւ արձագանքում է միայն պաշտոնական տեղեկությանը։ Պաշտոնն ազատելու որեւէ պաշտոնական փաստաթուղթ պրն Թավադյանը չի ստացել, իսկ անստորագիր կամ անկնիք թուղթը ոչինչ չի նշանակում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4