Օրերս ֆրանսիական կինոթատրոններում առաջին անգամ ցուցադրվեց մարսելցի կինոբեմադրիչ Ռոբեր Կետիկյանի նոր ֆիլմը, որը կոչվում է «Մարի-Ժոն եւ իր երկու սերը»։ Գլխավոր հերոսուհին շտապօգնության սանիտար Մարի-Ժոն է, որի կերպարը մարմնավորել է Կետիկյանի կինըՙ դերասանուհի Արիան Ասկարիդը։ Մարսելցի Մարի-Ժոն սիրում է իր ամուսին Դանիելին (Ժան-Պիեռ Դարուսեն) եւ դուստր Ժյուլիին (Ժյուլի-Մարի Պարմանտիե), բայց միաժամանակ անդիմադրելիորեն կապված է իր սիրեկան Մարկոյի հետ, որի դերը կատարում է Ժերար Մեյլանը։ Մարի-Ժոն ուզում է անել անկարելինՙ լինել ամենագո եւ երջանկացնել ամենքին։ Բայց սիրային եռանկյունու դժոխային պայմաններում Մարկոյի հանդեպ կիրքն առավել զորավոր է դառնում։ Ողբերգական սիրո այս պոեմում թե՛ Դանիելը եւ թե՛ Մարկոն հուզիչ կերպարներ են։ Ֆիլմում գրեթե մշտապես զգացվում է ծովի ներկայությունը. բաց դռներից ու լուսամուտներից շատ հաճախ երեւում են Միջերկրականի տեսարանները։ Կորելլիի, Շուբերտի, Մոցարտի եւ Վիվալդիի երաժշտության պատառիկներն իրենց հերթին նպաստում են, որ ֆիլմը դառնա սիրո, մարդկանց եւ ծովի պոեմ։
Պ. Ք.