«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2002-07-03 | #124, 2002-07-04 | #125, 2002-07-05


ՄԱՏԻՍ ԵՎ ՊԻԿԱՍՈՙ ԵՐԿՈՒ ՏԻՏԱՆՆԵՐ ՄԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Անգլիական «Ֆայնենշլ թայմս» թերթը հաղորդում է, որ Լոնդոնի «Թեյթ մոդեռն» պատկերասրահի դահլիճներում բացվել է «Մատիս-Պիկասո» բացառիկ նշանակության ցուցահանդեսը։ 20-րդ դարի երկու հսկա նկարիչների միասնական «ելույթը» թերթն անվանել է «տասնամյակի, եթե ոչ մի ամբողջ սերնդի շոու»։ Նկարչությունը որեւէ օգտակար արտահայտչական ապագա ունի՞, թե՞ ոչ հարցադրման առկայության ներկա ժամանակներում այս ցուցահանդեսը խրախուսական քայլ է հօգուտ այդ արվեստի, գրում է Ուիլյամ Պաքերը։

Երկու տիտաններից մեկըՙ ֆովիզմի պարագլուխ, իսկ հետագայում կուբիզմի ազդեցությամբ նկարած զուսպ ու խստաշունչ Անրի Մատիսը ծնվել է 1869-ին եւ մահացել 1954-ին, իսկ մյուսըՙ կուբիզմի, սյուրռեալիզմի եւ ավանգարդիզմի ամենածայրահեղ փորձարարությունների դիմող Պաբլո Պիկասոն ծնվել է 1881-ին եւ ապրել մինչեւ 1973-ը։ Չնայած երկուսի միջեւ առկա որոշակի մրցակցությանը, նրանք ընկերներ են եղել եւ այդ ընկերությունը փայփայել են մինչեւ իրենց կյանքի վերջը։

«Նրա (Պիկասոյի) կողքին ես միշտ նման եմ մի փոքրիկ աղջնակի», ասել է Մատիսըՙ ցուցահանդեսներից մեկի ժամանակ։ Իսկ Պիկասոն ուշ տարիքում նշել է. «Ոչ ոք Մատիսի նկարներին ավելի ուշադիր չի նայել, որքան ես եւ ոչ ոք իմ նկարներին ավելի ուշադիր չի նայել, որքան ինքըՙ Մատիսը»։

Թե երբ են հանդիպել երկու հանճարները պարզ չէ, բայց փաստ է, որ նրանց առաջին համատեղ ցուցահանդեսը բացվել է կտավների առեւտրով զբաղվող մի անհատի մասնավոր պատկերասրահում, 1902 թ.։ Նրանք իրար ճանաչել են ենթադրաբար 1904-06 թվերին Փարիզում, Գերտրուդ եւ Լեո Սթայնների միջոցով։ 1907¬ին նրանք նույնիսկ կտավներ են փոխանակել։ Ընտրությունը կատարվել է հաշվի առնելով գեղանկարչության հանդեպ «մրցակցի» ունեցած բնորոշ մոտեցումը։ Պիկասոն ընտրել է «Մարգարետի դիմանկարը», իսկ Մատիսըՙ կաթսայով եւ կիտրոնով մի նատյուրմորտ։ Մատիսը բնորդի մարմնաձեւերի միտումնավոր ձեւախեղումներ պատկերող Պիկասոյի տարօրինակ գլուխգործոցներից «Ավինյոնի աղջիկները» կտավի ուժգնությունը գնահատելով հանդերձ, բացասական վերաբերմունք է ունեցել դրա նկատմամբ։

Խառնվածքով հակադիր բեւեռներ են եղել նրանք։ Մատիսըՙ զուսպ, ինքնամփոփ եւ բանական։ Պիկասոնՙ սրտաբաց, ինտուիտիվ եւ զգացմունքային։ Ներկա ցուցահանդեսը, ըստ թերթի, արտահայտելով հանդերձ նրանց այս հիմնական տարբերությունները, փորձում է, այդուհանդերձ, գտնել նմանություններ, որոնք մինչ օրս անտեսվել են։ Անցյալում ցուցահանդեսներ կազմակերպողները փորձել են ամեն կերպ եւ մեծ ջանքերի գնով իրարից անջատել այս հսկաներին, կարծես մեկի մեծությունը խանգարում էր մյուսին։ Այս անգամ, բարեբախտաբար, կապեր, հարաբերություններ եւ նույնիսկ «ստեղծագործական երկխոսություններ» հաստատելու առիթ է տրվում նրանց, որից անկասկած շահելու են այցելուները։

Ջոն Գոլդինգի եւ նրա գործընկերների շնորհիվ ցուցադրված են ինչպես Մատիսի «Ջութակահարն» ու Պիկասոյի «Ստվերը», այնպես էլ նրանց մյուս գործերը, որոնք «Թեյթ» պատկերասրահում ի մի են բերվել Սանկտ Պետերբուրգից, Մոսկվայից, Փարիզից, Նյու Յորքից եւ մասնավոր հավաքածուներից։

Ցուցահանդեսը Լոնդոնում գործելու է մինչեւ օգոստոսի 18-ը, որից հետո տեղափոխվելու է Փարիզի «Գրան Պալե» պատկերասրահը, այնուհետեւՙ Նյու Յորքի «Ժամանակակից արվեստի թանգարանը»։

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ձախ կողմումՙ Մատիսի «Կարմիր ինտերիեր։ Նատյուրմորտ կապույտ սեղանի վրա» կտավը (1947), աջումՙ Պիկասոյի «Ստուդիան Կալիֆոռնիայում» (նկարված 1955-ինՙ ի հիշատակ իր մրցակցի եւ ընկերոջ մահվան տարելիցի)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4