Հավաստիացնում է պետեկամուտների նախարարը
Երեկ 2002 թ.-ի առաջին կիսամյակի բյուջետային մուտքերի տվյալներն ամփոփեց պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանը։ Հիմնականը, որ նա ընդգծեց, հարկային եւ մաքսային մարմինների նախատեսած առաջադրանքի գերակատարումն է։ Նախատեսված 88,7 մլրդ դրամի փոխարեն հավաքվել է 89,1 մլրդ դրամ։ Հարկային մարմինների հավաքած գումարը կազմել է 47 մլրդ դրամ, որն ընդհանուր տարեկան 104,2 մլրդ դրամի մուտքերի 45 տոկոսն է։ Երկրորդ կիսամյակում պետք է հավաքվի մնացած 57,2 մլրդ դրամը կամ ընդհանուրի 55 տոկոսը։ Տեղեկացվեց նաեւ, որ առաջին կիսամյակում համախառն ներքին արդյունքի աճը Հայաստանում կկազմի 10¬11 տոկոս։
Ընդհանուր պատկերը ներկայացնելուց հետո Երվանդ Զախարյանը կանգ առավ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի եւ հարկային եկամուտների ավելացման խնդրի վրա։ Համաձայն նախարարության ուսումնասիրությունների, Հայաստանում ՀՆԱ աճի միայն 30¬35 տոկոսն է առաջացնում հարկային եկամուտներ։ Մնացած 65¬70 տոկոսը հարկային մուտքեր չի բերում։ Այսպեսՙ շինարարության ծավալների (ճանապարհաշինություն, մշակութային օբյեկտների նորոգում) աճը, որը կատարվում է Լինսի հիմնադրամի միջոցներով, չի հարկվում։ Աճ արձանագրած մյուս ոլորտըՙ գյուղատնտեսությունը, նույնպես ազատված է հարկերից։ ՀՆԱ-ի մեջ զգալի կշիռ ունեցող օտարերկրյա ներդրումները 2 տարով ազատվում են շահութահարկից, իսկ հետո հարկվում 50 տոկոսի չափով։ Հարկերից ազատված է նաեւ թանկարժեք քարերի մշակումն ու արտահանումը, որը դարձյալ կարեւոր նշանակություն ունի ՀՆԱ-ի մեջ։ Այս բոլոր ոլորտներում աճ ունենում է միայն եկամտահարկը, որը 2001 թ. առաջին 6 ամիսների համեմատ ավելի գանձված 9 մլրդ դրամ հարկային մուտքերից կազմել է 3 մլրդ դրամը։ Մնացած 6 մլրդ դրամը, պետեկամուտների նախարարի հավաստմամբ, ստվերային տնտեսությունից բերված գումարներ են։
Դա, նախարարի կարծիքով, արդյունք էր Ազգային ժողովի անցյալ տարվա դեկտեմբերին ընդունած հարկային օրենսդրության փոփոխությունների, նախագահիՙ հարկային մուտքերի գործընթացին ամենօրյա ուշադրության, կառավարության աշխատանքի։
Իսկ թե որքա՞ն է կազմում ստվերային շրջանառությունն ընդհանրապես, հարցին Երվանդ Զախարյանը պատասխանեցՙ մոտ 40 տոկոս։ Այսինքն, եթե դա արտահայտվի գումարային առումով, ապա այս տարվա 154 մլրդ դրամ հարկային եւ մաքսային մուտքերի 40 տոկոսը կկազմի 60¬70 մլրդ դրամ։ Դա բարձր տոկոս է եւ, ըստ Երվանդ Զախարյանի, նախարարությունը դեռ շատ անելիքներ ունի այստեղ։
Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց նաեւ 3 մլրդ դրամի գերավճարների վերադարձման մասին։ Իսկ ապառքներ ունեցող ձեռնարկությունների խնդրի վերաբերյալ նշվեց, որ դրանց հիմնական մասը չաշխատող ձեռնարկություններ են։ Պետեկամուտների նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում 500¬600 ձեռնարկություններին սնանկ ճանաչելու հայցով դիմել է դատարան։
Հայաստանում շարունակվում է լուրջ խնդիր մնալ հարկային վնասների հավելագրումը։ 2000 թ.-ին մեր ձեռնարկությունների ներկայացրած հաշվետվությունների մեջ ընդհանուր առմամբ ցույց է տրվել 149 մլրդ դրամի հարկային վնաս։ 2001 թ.-ին այդ հաշվետվությունների նկատմամբ նախարարությունն ավելի խստորեն է վերաբերվել, որի շնորհիվ էլ, Երվանդ Զախարյանի կարծիքով, նվազել են ինչպես հարկային վնասները, այնպես էլ դրանք ցույց տված ձեռնարկությունների թիվը։ Հարկային վնասները նվազել են ավելի քան 50 մլրդ դրամով եւ կազմել 95¬96 մլրդ դրամ։
Պատասխանելով լրագրողների այլ հարցերին, պետեկամուտների նախարարը կարեւորեց «Հարկային ծառայության մասին» օրենքի ընդունումը։ Դա հնարավորություն կտա խուսափել կադրային անհարկի եւ հաճախակի փոփոխություններից։ Նույն օրենքի համաձայն, 2003 թ. հունվարի 1-ից պետեկամուտների նախարարություն որպես այդպիսին չի լինի, այլ կլինի հարկային ծառայություն։
Երվանդ Զախարյանը ողջունեց «Գովազդի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները, ընդգծելով, որ դա մոտակա 1¬2 տարիներին բյուջետային մուտքերի վրա էական փոփոխությունների չի բերի։ Նախարարը, անդրադառնալով հարկային դրույքաչափերի ընդհանուր իջեցման մասին հարցին, չբացառեց, որ 2004¬2005 թթ. դա տեղի կունենա։ Նա տեղեկացրեց նաեւ, որ մոտ ժամանակներս անպայման կփոխվի պարզեցված հարկի շեմը։
Երվանդ Զախարյանը նշեց նաեւ խոշոր հարկատուների հարկային վճարումների ավելացման փաստը։ Աճն այստեղ կազմել է 37¬38 տոկոս։ Իսկ սովորաբար խոշոր հարկատուների վարչությունը, որտեղ հաշվառված են 320 խոշոր հարկատուներ, ապահովում է ամսական մուտքերի 50¬55 տոկոսը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ