Մեծ Բրիտանիայի Aid Armenia բարեգործական կազմակերպությունը, որը հիմնադրել է Վանաձորի «Սուրբ Նարեկ» մանկական հիվանդանոցը, անցած տարիներին եւ այժմ էլ շարունակում է իր առաքելությունը։ Հիվանդանոցն այսօր գործում է որպես թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական բաժանմունք։ Համալիրի տնօրեն Յուրի Բաբլումյանի հետ մեր զրույցի թեման վերջին շրջանում բրիտանացիների նոր բարեգործությունների շնորհիվ իրականացվող բարեփոխումներն էին։
¬ Վերջերս համալիրում ստեղծվել է ախտորոշիչ եւ խորհրդատվական բաժանմունք, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներովՙ լաբորատոր անալիզատորներով, գերձայնային, ռենտգենյան ապարատներով,¬ ասաց նա։¬ Այստեղ կատարվում են այնպիսի ախտորոշիչ հետազոտություններ, որպիսիք հնարավոր չէ անել մարզի մյուս բուժհաստատություններում։ Գործում է նաեւ պաթոհիսթոլոգիական (ախտահյուսվածքաբանական) լաբորատորիան։ Նման ծառայություն արդեն 15 տարի չի մատուցվում մեր տարածաշրջանում։
Բաժանմունքը ղեկավարում է մարզկենտրոնում ճանաչված սոնոգրաֆիստ, բժշկուհի Այծեմնիկ Օհանյանը։
¬ Լաբորատորիան օրեցօր հզորանում է, որում մեծ դեր ունի Aid Armenia-ն,¬ ասաց նա։¬ Նրանք օժանդակում են ժամանակակից սարքավորումներով։ «Նարեկի» հիմնադրման ժամանակ մեզ նվիրաբերել էին անալիզատոր, որը որոշում էր իոնային փոխանակությունն օրգանիզմում։ Սարքն աշխատեց մինչեւ 1996-ը, ապա ֆինանսական խնդիրների, անսարքությունների, ռեակտիվների պակասի պատճառով դադարեցրինք ախտորոշումը։ Այժմ արդեն բոլոր հարցերը լուծված են, բերվել են նաեւ ռեակտիվներ։ Aid Armenia-ն նվիրել է նաեւ հորմոնների անալիզատոր։ Հայտնի է, որ մարզում տարածված են վահանաձեւ գեղձի եւ կանացի հիվանդությունները, որոնք պայմանավորված են հորմոնային փոփոխություններով։
Օրերս բրիտանացիները նոր բարեգործության հեղինակ դարձան։
¬ Ամիսներ առաջ Լոնդոն կատարած իմ այցելության ժամանակ ներկայացրել էի լուծում պահանջող ամենահրատապ խնդիրները, որոնցից առաջնայինը մանկական վիրաբուժական բաժանմունքի ջեռուցման կազմակերպումն է,¬ գոհունակությամբ տեղեկացրեց Յուրի Բաբլումյանը։¬ Արձագանքը չուշացավ։ Aid Armenia կազմակերպությունն օրեր առաջ պայմանագիր կնքեց «Ջեռուցում» ՍՊԸ-ի հետ։ Ձեռք են բերվում համապատասխան սարքավորումներ, շինմոնտաժային, եւ նախապատրաստական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 1-ին։ Երկրաշարժից հետո այս ձմեռն առաջինը կլինի, որը մանկական բուժհիմնարկը կդիմավորի նորմալ ջեռուցման պայմաններում։ Այս նպատակով Aid Armenia-ն կտրամադրի 13 հազար 400 ԱՄՆ դոլար։
Ըստ պայմանավորվածության, միաժամանակ լուծվել է նաեւ ներքին արտազատման գեղձերի հորմոնների ուսումնասիրման անալիզատորի ձեռքբերման հարցը։
Շուրջ 5 հազար դոլար արժողությամբ սարքավորման հետ ստացել ենք նաեւ համապատասխան ռեագենտներ (հակազդակ)։ Առաջիկայում դարձյալ մեր բարերարների աջակցությամբ լաբորատորիայի բժշկուհի Նարինե Հովհաննիսյանը կմեկնի Լոնդոնՙ վերապատրաստվելու։ Վերադառնալուց հետո միայն կշահագործենք այդ անալիզատորը։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ