«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2002-07-04 | #125, 2002-07-05 | #126, 2002-07-09


ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ

Կլոր սեղան Մեծամորում

Հուլիսի 5-ին ՀՌԱԿ «Մեծամոր» ակումբի նախաձեռնությամբ, սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ, Մեծամորում կազմակերպվել էր կլոր սեղան։ Մասնակցում էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՌԱԿ վարչականներ, Մեծամորի բնակիչներ։

Քննարկումը վերաբերում էր պետության համար սահմանադրական դերին ու նշանակությանը, պատրաստվող սահմանադրական բարեփոխումներին։

«Մեծամոր» ակումբի ատենապետ Արտյոմ Եղիշյանը ներկայացրեց հյուրերին եւ օրվա քննարկման նյութը։ Ապա ՍԴ փոխնախագահն ընդարձակ ներկայացրեց սահմանադրություն հիշեցնող պատմական փաստաթղթերից մինչեւ մեր հիմնական օրենքը։ Լինելով սահմանադրության համահեղինակներից մեկըՙ նա ներկայացրեց նաեւ դրա ստեղծման աշխատանքային ընթացքը, թույլ տրված թերացումներն ու ունեցած հաջողությունները։ Պրն Հովհաննիսյանն անդրադարձավ ՍԴ աշխատանքին, ՍԴ դիմելու իրավունք ունեցողների ցանկն ընդլայնելու եւ ՍԴ-ի կողմից օրենքներ մեկնաբանելու իրավունքի անհրաժեշտությանը։

Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց սահմանադրության եւ ՍԴ նշանակությունըՙ շեշտելով սահմանադրության անհրաժեշտությունը։ Խոսելով արդեն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունիցՙ ՀՌԱԿ ատենապետը կարեւորագույն խնդիր համարեց նախ եւ առաջ ե՛ւ սահմանադրության, ե՛ւ օրենքների գործուն լինելու նախապայմանը։

Սկզբում մի քանի հարցեր եղան, որոնք, ըստ էության, չէին վերաբերում ՍԴ փոխնախագահի իրավասության ոլորտին։ Մասնավորապես, սոցիալական մի շարք հարցերի, անբավարար ոռոգման, թոշակների հետ կապված խնդիրների մասին պրն Հովհաննիսյանը բացատրեց, որ թեեւ որոշ դեպքերում խախտվում են մարդկանց սահմանադրական իրավունքները, բայց նման հարցերում ինքն իրավասություններ չունի։

Որոշ հարցեր վերաբերում էին «Հոկտեմբերի 27»-ի դատավարության եւ մահապատժի վերացման խնդիրներին։ Ներկաներին հետաքրքրում էին նաեւ երկքաղաքացիության եւ Հայ դատին օրենսդրական ձեւակերպում տալու հարցերը։

Ընդհանուր առմամբ, ՍԴ փոխնախագահը պատասխանեց հարցերին, սակայն ակնհայտ էր, որ Մեծամորի բնակիչներից հանդիպմանը ներկա գտնվողների մի մասը, տարածված մոտեցմամբ, սխալ էր հասցեագրում իրեն հուզող հարցերը։

ՀՌԱԿ ատենապետն էլ, ուշադրություն հրավիրելով այս խնդրին, հիշեցրեց, որ նման հարցերը պետք է ուղղել նրանց, ովքեր նախընտրական շրջանում հենց այդ խնդիրների լուծման խոստումներ են տալիս տեղերում։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4