Համոզված է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը
Մ. Նահանգների հայկական ազդեցիկ երկու կազմակերպություններից Ամերիկայի հայկական համագումարի (Armenian Assembly of America) տնօրենների խորհրդի նախագահ Պիտր Ոսպիկյանըՙ պատասխանելով «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» (ԹՀՀՀ) մասին Նյու Յորքում լույս տեսնող «Արմինյն ռիփորթըր» շաբաթաթերթի հարցին, ասում է. «Համագումարն իր առնչությունը ԹՀՀՀ-ի հետ վերջացրել է անցյալ դեկտեմբերին, եւ այդ կացությունը փոփոխություն չի կրել։ Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը սարսափելի վիճակում է, եւ գործազրկությունը երկրից դուրս է վանում շատ փայլուն եւ կարող ուժերի։ Վաղուց արդեն մեր հավատամքն է, որ եթե Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները սկսեն խոսել, որպեսզի բարելավվի տնտեսական կացությունը, ապա Համագումարը վստահորեն կողջունի եւ կաջակցի դրան»։
Համագումարի գործադիր տնօրեն Ջոն Ջամյանի կարծիքով, ԱՀՀ-ն Հայաստանի պետության շահերի դեմ քայլեր չի կատարել, իսկ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որին այսօր ձգտում է պաշտոնական Երեւանը, կարեւոր է Հայաստանի տնտեսության վերականգնման համար։ Համագումարի ղեկավար պաշտոնյաների կարծիքով, Թուրքիան մեղմացրեց Հայաստանի քաղաքացիներիՙ Թուրքիա այցելության այցագրային կարգն առաջին հերթին «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» հայ անդամների ջանքերով։ Եթե մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի շրջափակումը վերացվի, ապա դա Հայաստանին վնաս չի բերի, ասում է Ջոն Ջամյանը։
Մ. Նահանգների հայկական ազդեցիկ մյուս կազմակերպությանՙ Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի (Armenian National Commettee of America) կամ, ինչպես ընդունված է անվանել, Վաշինգտոնի Հայ դատի ղեկավարության կարծիքով, ԹՀՀՀ-ն ոչ միայն դրական ազդեցություն չի թողել, այլեւ դավադրություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհինՙ կազմակերպված Անկարայի իշխանությունների եւ ԱՄՆ պետքարտուղարության համատեղ ջանքերով։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է ԹՀՀՀ-ն համարել անցյալ եւ այն այլեւս չի՞ վերակենդանանա, Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը համոզմունք հայտնեց, որ միշտ էլ կգտնվեն 4¬5 հայեր, ովքեր պատրաստ կլինեն ծառայել թուրք-հայկական կամ այլ անունով հանձնաժողովի։ Արամ Համբարյանը ԹՀՀՀ-ի գործունեությունը խիստ վնասակար է համարում նախ եւ առաջ այն պատճառով, որ հանձնաժողովի ստեղծմամբ խոչընդոտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհի տարբեր պետությունների խորհրդարաններում։
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը հետեւողականորեն կշարունակի լոբբիստական աշխատանքները, որպեսզի միջազգային հանրությունը, առաջին հերթին ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Մինչդեռ Ամերիկայի հայկական համագումարում այն կարծիքն է գերիշխում, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վաշինգտոնը դժվար թե ձեռնարկի քայլեր, որոնք կարող են վշտացնել Թուրքիային. վերջինիս դերը եւ նշանակությունը հակաահաբեկչական պատերազմում առավել կարեւոր են ԱՄՆ-ի համար։
Արամ Համբարյանի համոզմունքը, թե կգտնվեն 4¬5 հայեր, ովքեր պատրաստ կլինեն ծառայել թուրք-հայկական ինչ-որ հանձնաժողովի, հեռու չէ իրատեսությունից։ Եթե վստահենք Կ. Պոլսում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթին, ապա արդեն հուլիսի 10¬13-ը Էգեյան ծովի ամառանոցային Բոդրում քաղաքում տեղի կունենա ԹՀՀՀ-ի հերթական հանդիպումը նախկին կազմով։ ԹՀՀՀ-ի հայ անդամներից մեկը ԱՀՀ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Վան Գրիգորյանն է, որը, հիշենք, դեռ 1991¬92 թթ. մաս էր կազմել ձախողված «Ալաթոնի ծրագրին»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վաշինգտոն-Երեւան