Ասում է «Բրիտանական ավիաուղիների» տարածաշրջանային մենեջերը
Աշխարհի խոշորագույնՙ «Բրիտանական ավիաուղիներ» ավիաընկերությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների կապակցությամբ Երեւանում է ընկերության տարածաշրջանային (Ծոցի երկրների, Կենտրոնական Ասիայի եւ միջերկրածովյան երկրների) մենեջեր Ստիվ Ալենը։ Առիթից օգտվելով, հարցազրույց ունեցանք նրա հետ, որին մասնակցում էր նաեւ Կենտրոնական Ասիայի գծով մենեջեր Դագի Դուգլասը։ Նա մինչ վերջերս ղեկավարում էր Երեւանում գտնվող «Բրիտանական ավիաուղիների» տարածաշրջանային գրասենյակը, իսկ այժմ պրն Դուգլասի նոր նշանակման վայրն Ալմաթին է։ Պրն Ալենին ուղղված մեր առաջին հարցը հետեւյալն էր.
¬ Սեպտեմբերի 11-ի իրադարձությունները մեծ կորուստներ պատճառեցին բոլոր խոշոր ավիաընկերություններին։ Այդ առումով ինչպիսի՞ վիճակի առջեւ հայտնվեց «Բրիտանական ավիաուղիները» եւ ինչպիսի՞ն է կացությունը հիմա։
¬ Մենք նույնպես վնասներ կրեցինքՙ մոտ 25 տոկոսի չափով։ Ամենից շատ վնասվեցին մեր ամերիկյան եւ մերձավորարեւելյան չվերթները։ Սակայն դեկտեմբեր-հունվարից այդ վնասը սկսեց վերականգնվել։ Չնայած դեռեւս չենք հասել մինչ սեպտեմբերի 11-ը եղած ծավալներին։ Ներկայումս շատ մեծ մարտահրավերների առջեւ ենք կանգնած, բայց հուսով ենք, որ կկարողանանք հաղթահարել եւ հասնել նախկին պայմաններին։ Փետրվարին սկսված վերափոխումների արդյունքում մեր ծառայությունները դասակարգել ենք 4 մասիՙ էկոնոմ, էկոնոմ պլյուս, բիզնես եւ առաջին կարգեր։ Դա շատ հաճախորդների է գրավում եւ դրական բազմաթիվ արձագանքներ ենք ստանում։ Այս ծառայությունները գործում են Հյուսիսատլանտյան (դեպի Ամերիկա) չվերթներում։ Նոր չվերթ ենք նախատեսում դեպի Կովկաս «Էրբաս-321» նոր ինքնաթիռով։ Այս տարածաշրջանի հետ մեր պարտավորվածությունը մնում է նույնը։ Այս տարածաշրջանը գրեթե միակն էր, դեպի ուր մեր թռիչքների վրա սեպտեմբերի 11-ը որեւէ ազդեցություն չթողեց։ Մեր բիզնեսն այստեղ շարունակում է զարգանալ։
¬ Վերջերս դեպի այս տարածաշրջան չվերթները սկսեցին կատարվել ավելի մեծ տարողությամբ ինքնաթիռներով։ Դա պայմանավորված է նշված գործոնո՞վ։
¬ Հիմնական պատճառն, այո, այն է, որ կովկասյան տարածաշրջանում մեր բիզնեսը վնասներ չունեցավ սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետեւանքով եւ շարունակում է զարգանալ։ Հունվարից հետո եւ հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում պահանջարկն այնքան մեծ էր, որ մենք ստիպված եղանք նոր «Էյրբասներ» մտցնել։ Դրանք 20 տոկոս ավելի նստատեղեր ունեն։ Շաբաթական երեք թռիչքներից երկուսը կատարում ենք այդ բոլորովին նոր ինքնաթիռներով։
¬ Հնարավո՞ր է, որ Լոնդոն-Երեւան ուղիղ չվերթ սկսի գործել, առանց Թբիլիսիում կանգառ անելու։
¬ Իմ Երեւան այցելության հիմնական նպատակներից մեկն էլ այդ թռիչքի պահանջարկն ուսումնասիրելն է։ Եթե մեծ պահանջարկ լինի, կմտածենք նաեւ դրա մասին։ Առայժմ նույն չվերթներն են մնում։ Չնայած Թբիլիսիում կանգառ ունենք, բայց ընդամենը 45 րոպե, որն ուղեւորներին մեծ անհանգստություն չի պատճառում։ Ժամանակի ընթացքում մենք Երեւան¬Լոնդոն ուղիղ չվերթ կբացենք, որովհետեւ գիտենք, որ մեր ուղեւորները դա պահանջում են, եւ մենք ցանկանում ենք բավարարել այդ պահանջը։ Ուղղակի առայժմ հայտնի չէ, թե դա երբ կլինի։ Մենք երկու հարցում արդեն ընդառաջ գնացել ենք ուղեւորներին։ Լոնդոնից ավելի վաղ ենք թռչում, իսկ Երեւանիցՙ ավելի ուշ։
¬ Իսկ հնարավո՞ր է, որ Երեւանը դիտարկվի որպես տարանցիկ կետ այլ չվերթների համար։
¬ Մենք Հայաստանը համարում ենք Անդրկովկասի կարեւոր երկրներից մեկը եւ ինչու չէ, հնարավոր է, որ դառնա տարանցիկ երկիր մեր չվերթների համար։ Իհարկե, ուրախ կլինեմ իրագործված տեսնել ուղեւորների այդ պահանջը, բայց նախ եւ առաջ կցանկանայի, որ ավելի շատ մարդիկ այցելեն եւ տեսնեն Հայաստանը, ինչպես նաեւ Հայաստանից ավելի շատ մարդիկ այցելեն Անգլիա։
¬ Արդյոք դեպի Կովկաս չվերթների պահանջարկի աճին չնպաստե՞ց «Հայկական ավիաուղիների» թռիչքների դադարեցումը դեպի Ֆրանկֆուրտ եւ Ամստերդամ։
¬ Իհարկե, դա ազդել է, եւ դեպի Ամերիկա թռչողները Ամստերդամի ու Ֆրանկֆուրտի փոխարեն գալիս են Լոնդոն։
¬ Կցանկանայինք իմանալ, թե ինչո՞ւ «Բրիտանական ավիաուղիները» չունի VIP սպասարկման սրահներ։ Դա հետաքրքրում է Հայաստանի առավել ունեւոր բնակիչներին։
¬ Սպասասրահում մենք փոքր անձնակազմ ունենք։ Դա է պատճառը։ Իսկ ստուգումից հետո ուղեւորները կարող են օգտվել VIP ծառայությունից։
¬ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում «Զվարթնոց» օդանավակայանը լիազորագրային կառավարման հանձնելու պայմանագրին։ Դա նպաստավո՞ր կլինի ձեզ համար, թե՞ ոչ։
¬ Առայժմ վաղ է այդ մասին խոսելը, բայց պետք է նշեմ, որ մենք եւս մեծապես ոգեւորված ենք այդ ծրագրով։ Հուսով ենք, որ կկարողանանք համագործակցել օդանավակայանի նոր ղեկավարության հետՙ ապահովելու համար ուղեւորների անվտանգությունն ու հանգիստը։
¬ Հարցազրույցի սկզբում նշեցիք վերափոխումների մասին։ Արդյոք ավիաընկերությունում կատարված կառուցվածքային փոփոխություններն այդ վերափոխումների՞ արդյունք են։ Պրն Դագլասի տեղափոխումը Ալմաթի եւ մեր տարածաշրջանային կառույցի ընդլայնումը նո՞ւյնպես այդ ենթատեքստում է։
¬ Այդ վերակառուցումն ամբողջ ավիաընկերությանն է վերաբերում։ Դագի Դուգլասի նոր նշանակումը նույնպես այդ գործընթացի մաս է։ Նպատակահարմար գտանք, որ Կենտրոնական Ասիայով զբաղվի կոնկրետ մեկը, եւ ամենահարմար թեկնածուն նա էր։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ