«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2002-07-09 | #127, 2002-07-10 | #128, 2002-07-11


«27»-Ը ՍՐԱՆՑ (ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ) ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷՐ, ԿԱՐԾՈՒՄ Է ՆԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Նախորդ օրը կաթողիկոսի ընտրության օրն էր, եւ ես տուն գնացի բավական ուշ, ուստի չկարողացա նորմալ քնել», «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության երեկվա նիստում իր ցուցմունքն այսպես սկսեց նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։

Տուժողը շարունակեց, որ այդ պատճառով խորհրդարան է եկել քիչ ուշացումով, իր տեղում նստած տեսել է կրթգիտնախարար Էդուարդ Ղազարյանին։ Նստել է վերջին շարքում, բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի կողքին եւ խնդրել պրն Վարդանյանինՙ արթնացնել, եթե որեւէ հարց վերաբերի իրեն, ցանկանալով «աչք կպցնել»։

«Դրանից հետո սկսվեց այդ դժոխքը։ Հետո ոնց հատակին հայտնվեցի, վեր կացա, նորից պառկեցիՙ ոչ մի բան չգիտակցեցի», շարունակեց ՆԳ նախկին նախարարը։ 2-րդ անգամ վեր կենալուց հետո առաջին տպավորությունն այն է եղել, թե երկիրը գրավելու դեսանտ է իջել։ «Ինձ համար առաջնային խնդիր էր այդտեղից դուրս գալը, քանի որ ես քաղաքում մնացած ուժային միակ նախարարն էի», հայտնեց Սուրեն Աբրահամյանը։ Եվ երբ դահլիճում ահաբեկիչները սկսել են փնտրել Սուրեն Աբրահամյանին, վերջինս, ըստ իրեն, որոշ պատգամավորների դրդմամբ, օգտվել է վիրավորներին դուրս տանելու առիթից եւ դուրս եկել դահլիճից։

Դահլիճից դուրս գալիս պրն Աբրահամյանն առաջինը նկատել է ՆԳ հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներին։ Այդ ժամանակ ՆԳ նախարարն առաջինը փորձել է պարզել, թե ինչ է կատարվում քաղաքում։ Նախարարին զեկուցել են, որ հանցագործների թիվը սահմանափակվում է դահլիճում գտնվողներով։ Զեկուցել են նաեւ, որ հանրապետության նախագահը Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում է, ուր եւ գնացել է Սուրեն Աբրահամյանը։

Այդ ընթացքում պրն Աբրահամյանը ՊՆ է ուղարկել իր տեղակալ Հայկ Հարությունյանին, քանի որ, իր ստացած տեղեկության համաձայն, ինչ-որ զորք է շարժվել դեպի Երեւան։

Ապա Սուրեն Աբրահամյանը նույնպես գնացել է ՊՆ։

Պատասխանելով մեղադրող կողմի հարցերինՙ տուժողը նշեց, որ ահաբեկիչների մուտքը չի տեսել, սպանությունների մասին իմացել է դուրս գալիս։ Իրեն փնտրելն էլ «Սուրեն Աբրահամյանի ճակատը համբուրելու համար» չէր, այլՙ սպանելու։

Ահաբեկչությունը որակելով որպես պետությունը վարկաբեկելուն ուղղված գործողությունՙ տուժողը նշեց, որ արվածն ահաբեկիչների «խելքի բանը չէր»։

Հարցերի զգալի մասը վերաբերում էր ԱԺ անբավարար պահպանությանն ու դահլիճից դուրս կատարվող գործողությունների ղեկավարմանը։ Առաջին մասով տուժողը պատասխանեց, որ մեզանում գերատեսչությունների պահպանությունն ընդհանրապես տնավարի էր։ Երկրորդ մասի կապակցությամբ պրն Աբրահամյանը նշեց, որ ղեկավարումը մեկի կողմից չէր։

Հետագա հարցերը, հատկապես Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւինը, վերաբերում էին ՌԴ «Ալֆա» ջոկատի հետ կապված հանգամանքներին։ Իր տեղեկության սահմաններում տուժողը նշեց, որ այդ առնչությամբ որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, իր, իր տեղակալների, նախագահի աշխատակազմի ղեկավարի, ինչ-որ պատգամավորների մասնակցությամբ։

«Ալֆայի» ղեկավարությունը պայման է դրել, որ իրավիճակին ծանոթանալուց հետո իրենք գնահատական կտան եւ խորհրդատվություն, բայց եթե գործողությունների կարիք լինիՙ կիրականացնեն հայաստանյան ուժերը։

Նման բովանդակությամբ մի քանի հարցից հետո դատավորը դիտողություն արեց Յունոշեւին, որ վերջինս հարցեր է տալիս անջատված մասով եւ ոչ թե ամբաստանյալների։ Պրն Յունոշեւը պարզաբանեց, որ իրեն հետաքրքրում է, թե ով է խոչընդոտել «Ալֆայի» մարտական գործողություններ իրականացնելը։ Յունոշեւը չնշեց, սակայն, թե որտեղից իրեն նման տեղեկություն։ Տուժողը պատասխանեց, որ նման ինֆորմացիա չունի։ Նա ավելացրեց նաեւ, որ տեղական ուժերը պատրաստ են եղել ուժային գրոհի։

Աշոտ Սարգսյանի այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ պրն Աբրահամյանը մեկուսացած է եղել, ըստ էության, պատասխան չտրվեց։ Մյուս հարցերին տուժողը պատասխանեց, որ մինչեւ ահաբեկչությունը եղել է Արցախում, հանդիպել պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին, որը տարաձայնություններ է ունեցել ԼՂՀ նախագահի հետ։

Հաջորդ հարցերին, որ վերաբերում էին Մուշեղ Մովսիսյանի եղբայր Առաքել Մովսիսյանի (Շմայսի), Վահրամ Խորխոռունու սպանությանը առնչություն ունենալուն, պրն Աբրահամյանը պատասխանեց, որ Վազգեն Սարգսյանին ինքը նման բան չի զեկուցել։ Ուստի Մուշեղ Մովսիսյանն էլ չէր կարող վարչապետից լսել, թե նշված գործը պարզվում էՙ նաեւ Շմայսի մասով։

Տուժողը հայտնեց, սակայն, որ Մուշեղ Մովսիսյանի կողմից Վազգեն Սարգսյանին ուղղված հայհոյանքների եւ դժգոհության մասին տեղեկություն ունեցել է։

Ընդհանուր տպավորությունն, այնուամենայնիվ, այնպիսին էր, կարծես թե ՆԳ նախկին նախարարը, որն աշխատել էր մի քանի ամիս եւ ահաբեկչությունից անմիջապես հետո հրաժարական տվել, չէր հասցրել ծանոթանալ համակարգին, համակարգն էլՙ իրեն։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4