Չորս տարի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը ղեկավարելուց հետո Թամար Հովհաննիսյանը վերջերս հրաժարական է տվել ընտանեկան, անձնական պատճառներով, հաղորդում է ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթը։
Նրա փոխարեն թատերախմբի նոր բեմադրիչ է նշանակվել Երեւանի թատերական ինստիտուտի շրջանավարտ, արդեն ինը տարի Նյու Ջերսիում հաստատված Վարդան Հովհաննիսյանը։
ԹՄՄ-ի այս թատերախումբը իր անցյալ հինգ ներկայացումներով եւ Բոստոն ու Լոս Անջելես կատարած շրջապտույտներով արդեն մեծ ժողովրդականություն է վայելում, եւ Թամար Հովհաննիսյանն անկասկած արժանացել է բոլորի ջերմ գնահատականին։ Նոր բեմադրիչը ծանոթանալով թատերախմբում ընդգրկված արվեստագետների հետ, մտադիր է շարունակել բարի ավանդույթները եւ պահպանել թատերախմբի վարկը։ Նախատեսվում է աշնանը ներկայացնել Կարլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» պիեսըՙ Պերճ Ֆազլյանի թարգմանությամբ։
Թերթը, սակայն, ափսոսանքով նշում է, որ մոտ 40 անդամներ ունեցող թատերախումբը ցարդ իրեն հատկացված կենտրոնը չունի եւ ստիպված է օգտվել կորեացիների բարյացակամությունիցՙ զբաղեցնելով նրանց եկեղեցու ներքնահարկը։ Ամոթանքի բառերով թերթը նյույորքցիներին կոչ է անում «մտածել նոր շենքի համար միջոցներ գտնելու» մասին։
Հ. Ծ.