ԼՂՀ նախագահական թեկնածուներ
Արցախում ավարտվում է հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման փուլը։ Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, թեկնածուներն առայժմ 4-ն ենՙ ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱրՊՀ դասախոս, ԼՂՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Թովմասյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալբերտ Ղազարյանը եւ «Միասնություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար Գրիգոր Աֆանասյանը։
Եթե առաջին երկուսն առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ, ապա վերջին երկու թեկնածուներըՙ իրենց իսկ կազմակերպության կողմից։ Ընդ որում, նախորդՙ 1997 թ. նախագահական ընտրապայքարին այս 4 թեկնածուներից մասնակցել էին երկուսըՙ Արկադի Ղուկասյանն ու Արթուր Թովմասյանը։ 1997 թ. ընտրություններում նրանք հավաքել էին ձայների, համապատասխանաբար, 89, 32 եւ 5.35 տոկոսը։ Եվ այս համադրության ենթադրելի հարաբերությունը հազիվ թե հիմա էական շեղումներ ունենա Ա. Թովմասյանի օգտին։ 1997-ին Ա. Թովասյանի վարած բարձրագույն պաշտոնը թույլ էր տալիս նրան ընտրապայքարում լուրջ ակնկալումներ ունենալ, սակայն դա տեղի չունեցավ։ Իսկ վերջին հինգ տարում նրա քաղաքական ակնհայտ պասիվությունն ավելի դժվարին ու անմատչելի է դարձնում դեպի նախագահական աթոռ տանող ուղին։
Փոքր-ինչ այլ է մյուս երկու թեկնածուների պարագայում։ Նրանցից ոչ մեկը երբեւէ ղարաբաղյան իշխանական կառույցներում լուրջ պաշտոն չի ունեցել, թեպետ Գ. Աֆանասյանը տխրահռչակ ԼՂԻՄ Կազմկոմիտեի գործունեության ժամանակաշրջանում, Պոլյանիչկոյի իշխանությանն այլընտրանքային զուգահեռությամբ, ինքնակոչ փոխպրեզիդենտ էր եւ նույնիսկ աշխատասենյակ ուներ նախկին մարզգործկոմի շենքում։
ՔԴԿ առաջնորդ Ալբերտ Ղազարյանը, որը վերջերս է ստանձնել այդ կուսակցության ղեկավարությունը, երբեւէ ավելի համեստ պաշտոններ վարելովՙ դեռեւս ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովից մինչեւ այսօր պահպանել է իշխանությունների հանդեպ իր անհանդուրժողական անփոփոխ վերաբերմունքը։
Թե՛ Ա. Ղազարյանը եւ թե՛ Գ. Աֆանասյանը, դատելով վերջին շրջանում նրանց քաղաքական գործունեությունից, թերեւս կփորձեն ընտրողների վստահությունը շահել ընդդիմադիր կեցվածքով, մասնավորապես մնալով հարազատ կազմակերպության դավանած սկզբունքների շրջանակներում։ Սակայն նրանց հետագա միավորումը ընտրապայքարում նվազ հնարավոր է։ Քիչ հավանական է նաեւ ԼՂՀ-ում գործող մյուս կուսակցությունների սատարումն այս երկու թեկնածուներին։
Արդեն հստակ է, որ ԺԱՄ-ը, Կոմկուսը, Արմենական կուսակցությունը եւ տակավին վերջերս կողմնորոշված ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում կպաշտպանեն Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։
Վերոհիշյալ կուսակցություններն են հենց հիմնականում ներկայացնում ԼՂՀ քաղաքական ներկապանակը, եւ նրանց միասնական վերաբերմունքը վճռորոշ կդառնա առաջիկա ըտրություններում։
Բայց այս բոլորն, անշուշտ, ընդամենը ենթադրություններ են, որովհետեւ գործնական առումով դեռեւս վերջնականորեն պարզ չէ, թե թեկնածուներից ովքեր կկարողանան պաշտպանել իրենց առաջադրումը։ Թեկնածուների գրանցումը տեղի կունենա հուլիսի 17¬22-ը, իսկ մինչ այդ տեղերում կստուգվի հավաքված ստորագրությունների ու անկետային տվյալների իսկությունը։ Համաձայն ընդունված կարգի, մեկ կեղծված ստորագրության դիմաց չեղյալ կհամարվի 20 ստորագրությունՙ ստուգման ներկայացված ընդհանուր թվից։
ԿԸՀ-ից մեզ տրամադրված տվյալներով, առ այսօր որեւէ այլ թեկնածուի մերժման դեպք չի արձանագրվել։ «Ազգի» թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը եւս առաջադրվի ԼՂՀ նախագահի թեկնածու, ԿԸՀ նախագահ Սերգեյ Դավթյանը պատասխանեց, որ իրենք օրենքով պահանջվող համապատասխան փաստաթուղթ դեռեւս չեն ստացել, իսկ ստանալու դեպքումՙ կդնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը, որն էլ օրենքից բխող որոշում կկայացնի։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ