«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2002-07-10 | #128, 2002-07-11 | #129, 2002-07-12


ԴՈԿՏ. ՍԻԼՎԱ ԳԱՐԱՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Դոկտ. Սիլվա Գարայանն արժանացել է «American Association of College for Teacher Education» ուսուցիչներ պատրաստող քոլեջի ամերիկյան ասոցիացիայի մանկավարժության բնագավառում սահմանած ազգային առաջնության մրցանակին, հաղորդում է ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթը։

Մրցանակը, առաջինն ամբողջ Ամերիկայում, հայազգի գիտնականին պաշտոնապես հանձնել է վերոհիշյալ ասոցիացիայի նախագահ դոկտ. Դեյվիդ Իմեկըՙ կազմակերպության 54-րդ համագումարի ընթացքում, որը կայացել է Նյու Յորքի «Հիլթոն» հյուրանոցումՙ 800-ից ավելի համալսարանների նախագահների, գիտական բաժանմունքների պատասխանատուների, գիտաշխատողների եւ դասախոսների մասնակցությամբ։

Դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Գարայանը Լուտերն համալսարանի դասախոս է, մասնագիտական մանկավարժության տնօրեն եւ մագիստրոս տիտղոսի բաժանմունքի վարիչ։ Նա նաեւ այցելու դասախոս եւ գիտաշխատող է Կալիֆոռնիայի համալսարանում (Սանտա Բարբարա), որտեղից ստացել է իր դոկտորական տիտղոսը։ Սերտորեն գործակցում է Բերքլի եւ Ստենֆորդ համալսարանների գիտաշխատողների հետ։ Ստացել է բազմաթիվ պարգեւներ։ Հաճախ է հրավիրվում ամերիկյան եւ միջազգային մանկավարժական խորհրդաժողովներիՙ ներկայացնելու մանկավարժության եւ հոգեբանության բնագավառներում իր ինքնատիպ նորարարություններն ու կիրառական մեթոդները։ Նա թոռնուհին է տեր Ներսես Ա քահանա Պապայանի, որը 1920-ին եղել է Հալեպի Կիլիկյան վարժարանի հիմնադիրներից, եւ դուստրըՙ իր ազգային բեղուն գործունեությամբ ծանոթ Երվանդ Պապայանի, որ 45 տարի եղել է Բեյրութի Վ. Թեքեյան դպրոցի տնօրեն։

Իսկ մրցանակը շնորհող ասոցիացիան Ամերիկայի մեծագույն կազմակերպությունն է, որին մաս են կազմում ուսուցիչներ պատրաստող 760 համալսարաններ եւ քոլեջներ։

Երեկոյի վերջում դոկտ. Գարայանը, պատիվ համարելով նորաստեղծ այդ պատվաբեր մրցանակին արժանանալը, խորին շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի եւ իր ծառայած համալսարանի պատասխանատուներին, իր պաշտոնակիցներին եւ մանավանդ հորը, որ 89 տարեկանում դեռ շարունակում է քաջալերել իրեն։

«Ազգն» այս բացառիկ իրադարձության առթիվ շնորհավորում է եռանդուն գիտնականին եւ նորանոր հաջողություններ մաղթում։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4