«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2002-07-13 | #131, 2002-07-16 | #132, 2002-07-17


ԿԱՄԱՎՈՐ, ԱՅՍԻՆՔՆՙ ՊԱՐՏԱԴԻՐ

Այսպես են ապահովագրվում պետական համարանիշներով ավտոմեքենաները

Վանո Սիրադեղյանիՙ ավտոմեքենաներում կրակմարիչներ պարտադիր տեղադրելու պատմությունը դեռեւս թարմ է բոլորիս հիշողության մեջ։ Եվ դրա հիմնական պատճառն այն է, որ նախկին ներքգործնախարարի եւ քաղաքապետի ստեղծած «բարի» ավանդույթն այսօր էլ շարունակողներ ունիՙ հանձինս բարձրաստիճան պաշտոնյաների։ Վերջիններս վարպետորեն են յուրացրել պետական պաշտոնից առավելագույն շահ ստանալու ձեւերն ու մեթոդները։ Նման մի դեպքի հանդիպեցինք վերջերս։

Պետավտոտեսչության տեխզննման կետերից մեկում պետական մեքենաներին այդ գործընթացն ավարտելու մասին տեղեկանքը տալու հետ հրամցնում էին նաեւ ապահովագրության վկայականներ։ «Երրորդ անձանց հանդեպ ավտոտրանսպորտային միջոցների տերերի քաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրության» կամ ավելի հասկանալի լեզվով ասածՙ մեքենա վարողի կողմից որեւէ մեկին վրաերթի ենթարկելու կամ այլ վնաս հասցնելու դեպքում տրվող վկայագիրը գործում է վեց ամիս ժամկետով։ Պետական ավտոմեքենաները տեխզննման ներկայացնողներն իրենց կամքին եւ ցանկությանը հակառակ վերցնում էին «Պրայվիտ Ինշուրընս» ԱՓԲԸ-ի պատրաստած այդ փաստաթուղթըՙ փոխարենը վճարելով 6 հազար դրամՙ հաջորդ 5 ամիսներին եւս 6 հազարական դրամ վճարելու պայմանագիր ստորագրելով։ Փաստորեն, 36 հազար դրամ վճարելով, նրանք ապահովագրում էին 200 հազար դրամ։ Այս ամենը շատ լավ եւ ճիշտ կլիներ, եթե չբացակայեր մեկ «փոքրիկ» հանգամանքՙ ապահովագրությունն իսկապես կամավոր լիներ։ Մեր այս մտահոգությունը փոխանցեցինք «Պրայվիտ Ինշուրընսի» գործադիր տնօրեն Երեմյա Վարդեւանյանին։ Նա նախ հայտնեց, որ իրենք ապահովագրում են ոչ միայն պետական, այլեւ մասնավոր ավտոմեքենաները։ «Ինչո՞ւ հենց տեխզննման ժամանակ եւ ինչո՞ւ ստիպելու միջոցով պետք է ապահովագրությունը լինի» մեր հարցին տկն Վարդեւանյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ ստիպելու մասին, եւ եթե այդպես է եղել, ապա «չպետք է ստիպած լինեին»։ Նա ավելացրեց, որ վկայագիրը տրվում է ոչ միայն տեխզննման, այլեւ ավտոմեքենայի գրանցման ժամանակ։ Իսկ թե «ինչո՞ւ ընկերությունը հաճախորդներին գրավելու համար գովազդային գործունեություն չի ծավալում» մեր մյուս հարցի պատասխանն առավել քան տարօրինակ էր։ Պարզվում է, որ ընկերության տնօրենն անընդունելի է համարում «գովազդի միջոցով աշխատելը»ՙ փաստորեն մեկ անգամ եւս ապացուցելով, որ ապահովագրման միակ ձեւը խորհրդային տարիներին «պարտադիր-կամավոր» կոչվող սկզբունքով է կատարվում։ Ճիշտ է, տկն Վարդեւանյանը փորձում էր արդարացումներ գտնել, ասելով, որ նման պայմաններով ապահովագրումը շատ շահավետ է, սակայն նրա մտքով հավանաբար չէր էլ անցնում, որ նման եզրակացության պետք է հանգեն ընտրության հնարավորություն ունեցող կամավոր ապահովագրվողները։ Մինչդեռ վերջիններիս այդ հնարավորությունը չի տրվում։ Իսկ մեր եզրակացությունն այն է, որ «Պրայվիտ Ինշուրընսի» թիկունքում, մեղմ ասած, ղեկավար մարմիններին անհայտ մեկը չէ կանգնած։ Մնում է միայն մեկ հարցՙ ո՞վ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4