«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2002-07-13 | #131, 2002-07-16 | #132, 2002-07-17


ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԳՈՐԾԱՐՔ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ «ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ» ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Հուլիսի 13-ի համարում, անդրադառնալով ինքնորոշման իրավունքի համատեքստում Ղարաբաղի հետ որոշակի նմանություններ ունեցող Ջիբրալթարի խնդրին, «Ազգ»-ը նշել է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Սթրոն Համայնքների պալատի խորհրդարանականների առաջ ելույթ ունենալով հայտարարել է, թե իր երկիրն ու Իսպանիան 12 ամսվա բանակցություններից հետո որոշակի համաձայնության են եկել սկզբունքային հարցերի շուրջ, մասնավորապես մեկի, որով նախատեսվում է տարածքը դարձնել իսպանա-բրիտանական համատիրություն։

Ինտերնետային տվյալները մանրամասներ են հաղորդում այդ մասին։ Սթրոն նշել է, որ Իսպանիայի հետ համատեղ ինքնիշխանության սկզբունքն առավել մեծ ներքին ինքնակառավարում է շնորհելու Ջիբրալթարին, որի բնակչությունը, պահպանելով իր ավանդույթներն ու ապրելակերպը, իրավունք է ունենալու բրիտանականին զուգահեռ բերելու նաեւ իսպանական քաղաքացիություն։

Ներկա կարգավիճակը, շեշտել է նա, կործանարար է ինչպես Ջիբրալթարի, այնպես էլ Բրիտանիայի համար։ Ջիբրալթարի, քանի որ երկիրը չի կարողանում բարգավաճել, քանի դեռ առկա է կոնֆլիկտը, եւ Բրիտանիայի, քանի որ կոնֆլիկտը խանգարում է Եվրամիության շրջանակներում Իսպանիայի հետ մարտավարական դաշինք կնքելուն։ «Ջիբրալթարի կայուն եւ բարգավաճ ապագայի ճանապարհը մեծապես կախված է Իսպանիայի հետ այդ կնճռոտ հարցի համընդհանուր եւ մշտական լուծում գտնելուց», ավելացրել է նա։

Սակայն սկզբունքայինից ավելի գործնական համաձայնության հասնել չի հաջողվել ուրբաթ օրն Իսպանիայի կառավարական շրջանակներում տեղի ունեցած փոփոխության հետեւանքով։ Իսպանիայի արտգործնախարար Ջոզեպ Պիկին փոխարինելու է եկել Անա Պալացիո Վալելերսունդին, որը ջնջել է այդ օրը նախատեսված հանդիպումը բրիտանացի գործընկերոջ հետՙ հավանաբար երկրի առաջ ծառացած ավելի հրատապ հարցեր քննարկելու պատճառով։

Սթրոն այդ մասին նշել է, թե երկխոսությունը կհետաձգվի ամենայն հավանականությամբ մինչեւ ամառվա վերջը, եւ որ իրենք առանց այն էլ չէին ակնկալում վերջնական համաձայնության հասնել այդ օրը։

Սթրոյի ելույթն ամբողջությամբ զայրացրել է պահպանողական կուսակցության անդամներին։ Ընդդիմադիր այդ կուսակցության ստվերային արտգործնախարար Մայքլ Անկրամն Իսպանիայի հետ նման գործարքը «խայտառակություն» է որակել։ «Երկար ժամանակ վախենում էինք այդ անազնիվ բանակցությունների արդյունքներից», ասել է նաՙ մեղադրելով նախարարներին զայրացուցիչ միջոցներով Ջիբրալթարի ժողովրդին գրգռելու մեջ։ «Դա հավասարազոր է վաճառքի։ Նրանք ի վերջո կթողնեն իրենց բրիտանական քաղաքացիությունը եւ կդառնան Իսպանիայի քաղաքացիներ», նշել է նաՙ դատապարտելով նույնիսկ նման հայտարարություն անելու Սթրոյի ընտրած օրըՙ ուրբաթը, երբ համեմատաբար քիչ պատգամավորներ են ներկա լինում Համայնքների պալատում։

Մյուս կողմից, Ջիբրալթարի գլխավոր նախարար Պիտեր Կարուանան ասել է, որ բանակցությունների ընդհատումը ձախողման նշան է եւ որ ընդհանրապես պետք է դադարեցվեն իր երկրի ինքնորոշման շուրջ Իսպանիայի հետ Բրիտանիայի գաղտնի գործարքները։ Նա կոչ է արել անորոշությանը վերջ դնել եւ թույլատրել իր ժողովրդին հանրաքվեի միջոցով արտահայտելու իր կամքը։ «Բրիտանական կառավարությունը պետք է ընդունի, որ երկխոսությունն Իսպանիայի հետ ձախողվել է եւ չշարունակի հարցը դամոկլյան սրի նման կախված թողնել Ջիբրալթարի ժողովրդի գլխին», ասել է նա։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 18-ին համաժողովրդական հավաք էր տեղի ունեցել երկրում, որի ընթացքում բազմահազար մասնակիցներ պահանջել էին անկախության եւ ինքնորոշման իրենց իրավունքների ճանաչում։

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4