Հայագիտության այսօրվա անկումային վիճակը կարիք ունի խորը եւ լուրջ վերլուծության։ Այս բնագավառի հուզող հարցերը հասարակության ուշադրության կենտրոնում պահելու նպատակով «Ազգը» պարբերաբար հանդիպումներ կունենա հայագիտության բնագավառի թե՛ վաստակաշատ, թե՛ երիտասարդ գիտնականների հետՙ ներկայացնելու կարեւորագույն խնդիրները եւ գտնելու դրանց լուծումները։ Ստորեւ ներկայացնում ենք պատմական գիտությունների դոկտոր Պարույր Մուրադյանին մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները։
¬ Ինչպե՞ս կբնութագրեք հայագիտության արդի վիճակը։
¬ Հայագիտությունն այսօր դժվար օրեր է ապրում։ Քայքայվեց 70 տարվա գիտության կազմակերպման եղանակը։ Այսօր, փաստորեն, չի գործում գիտության կազմակերպման ոչ մի եղանակ։ Հայագիտությունն էլ մեր ժողովրդի նման հազիվհազ գոյատեւում է։ Բազմաթիվ մասնագետներ, կարիքից ստիպված, հետազոտությամբ զբաղվելու փոխարեն նախընտրեցին դասավանդել մասնավոր համալսարաններում, մինչդեռ այսօր, ավելի քան երբեւէ, ընդլայնվել է հայագիտության շրջանակը, ուսումնասիրելի են դարձել նոր ասպարեզներ, որոնք արգելված էին խորհրդային տարիներին։ Ցավոք, պետությանը զբաղեցնում է ոչ այնքան բուն գիտությունը, որքան գիտականակերպ կեցվածքները։ Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության ժամանակ ծախսվեց 1 մլն դոլար, սակայն 5000 դոլար չգտնվեց Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» գիտաքննական բնագիրը հրատարակելու համար։ Անհրաժեշտ է անհապաղ հայագիտությանը հատկացվող միջոցները կենտրոնացնել եւ վերահսկելի դարձնել, այլապես մի շարք ճյուղեր կուսումնասիրվեն գերազանցապես Հայաստանից դուրս։
¬ Հատկապես ո՞ր ճյուղերն են զբաղեցնում օտարազգի հայագետներին։
¬ Առաջին հերթին ձեռագրագիտությունը։ Մատենադարանում ունենք շուրջ 15 հազար չնկարագրված ձեռագիր, մինչդեռ մասնագետներ պատրաստելու համար պետական համալսարանում չունենք ձեռագրագիտության բաժին։ Թերեւս այսօր ուսումնասիրման կարիք ունի մեր ազգային հոգեբանությունը։ Չենք կարողանում գիտական դպրոց ստեղծել, գոհանում ենք անհատներով, ընդսմինՙ հակված ենք ոչ թե աջակցելու, այլ խանգարելու, այսինքնՙ զարգանում է ոչ թե գիտության մշակի, այլ արհեստավորի հոգեբանությունը։
Պատմագրություն, կնքագիտություն, հայ մատենագրության պատմություն, մատենագիտություն ուսումնասիրող գիտական օղակներ փաստորեն գոյություն չունեն։ Չունենք գիտական ժառանգության, այսինքնՙ հայագետների աշխատությունների մատենաշարային հրատարակություն։ Վերջին ժամանակներս վերահրատարակվեցին կամ թարգմանաբար տպվեցին գիտական մի շարք հուշարձաններ, որոնց կազմի վրա տեղ գտան ոչ թե բնագրի իսկական աշխատասիրողների, այլ թարգմանիչների կամ վերակազմողների անունները։ Ցավալի փաստ է։
Պատմական Հայաստանի բազմաթիվ գավառներ կորցրեցինք, որոնց բարբառներն ու բանահյուսության նմուշները, ճարտարապետական ու վիմագրական հիշատակները մոռացության գիրկն անցան։ Պատմական աշխարհագրությամբ եւ տեղանվանաբանությամբ զբաղվող մեկ¬երկու պատմաբան ունենք։
¬ Ի՞նչ ելք եք առաջարկում այս վիճակից դուրս գալու համար։
¬ Հայագիտությունը միջազգայնացված գիտություն է, ուստի պետք է արագորեն վերակազմավորվի, այլապես այսպես շարունակելն աղետալի հետեւանքներ կունենա։ Պետք է առանց ժամանակ կորցնելու եւ դանդաղկոտություն ցուցաբերելու կազմել հայագիտության ծրագիր, ստեղծել վերահսկող խորհուրդ, վերացնել ներկայիս ըստ կարի յուրում զբաղվելը։ Հայագիտության ճակատագիրն այսօր հանձնված է գիտական օջախների տնօրենների խղճին, որոնք հաճախ լավ չեն պատկերացնում իրենց անելիքները, գործում են մեկը մյուսից անջատ եւ գաղափար անգամ չունեն, թե ինչ է ուսումնասիրվում ու հետազոտվում հարակից հայագիտական օջախում։ Անհրաժեշտ է փոխել գիտական կադրերի պատրաստման քաղաքականությունը։ Հիշենք, որ թեմական առաջնորդ Ներսես Աշտարակեցին 8 տարուց ավելի ոչ մի անգրագետ քահանայի չօծեց, միջոցներ հավաքեց Ներսիսյան դպրոց բացելու համար եւ սկսեց օծել գրագետ սպասավորների։ Նույնը հայագիտության բնագավառում է պետք կիրառելՙ ինքնուս հայագետներ չունենալու համար։ Ավանդական հայագիտությունը փլուզվեց, իսկ նոր խնդիրներ լուծող մասնագետների պատրաստում չունենք։ Բուհական ծրագրերը խիստ փոփոխության կարիք ունեն, հատկապես հայագիտական առարկաները, այդ թվումՙ գրաբարի դասավանդումը։ Չի դասավանդվում հայագիտության պատմություն, հայոց տնտեսական պատմություն, սովորութային պատմություն։ Օտար աղբյուրներն ուսումնասիրելու համար չունենք հին արամերենի, ասորերենի, արաբատառ օսմաներենի մասնագետներ։ Ասում ենՙ Թուրքիան այսօր իբր բացում է օսմանյան արխիվները, բայց մեր ո՞ր մասնագետը պիտի կարողանա այդ փաստաթղթերը կարդալ։ Ակադեմիայում ներկայացված չեն միջնադարյան արաբագիտությունը եւ իրանագիտությունը։ Եբրայագիտություն մեզանում ընդհանրապես գոյություն չունի, մինչդեռ կումրանյան եւ այլ նյութերի ուսումնասիրությունն անհրաժեշտ է հայագիտությանը։ Չեն ուսումնասիրվում Հին Հունաստանն ու Հռոմը։
Հայագիտության չափանիշները պետք է վերաձեւենք պատմական Հայաստանի ընդգրկումով եւ զորացնենք ու ամրացնենք մեր այնքան թուլացած ազգային գիտական ու պետական մտածողությունը։
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ