Հայաստանում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա VIII հազարամյակին։ Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրեւ «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր թրծումը եւ ամանների կոպիտ զարդանախշումը։ Մ. թ. ա. III հազարամյակում երեւան է գալիս գունազարդ խեցեղենը, որի դերն այնքան մեծ է եղել Միջին բրոնզե դարում (մ. թ. ա. III հազարամյակի I կես), որ այդ ժամանակահատվածն անվանել են «գունազարդ խեցու» դարաշրջան։
Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում զարդանախշի տեսակների բազմազանությամբ։ Հելլենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. III-I դդ.) Հին Հայաստանի խեցեգործությունը վկայում է «գունազարդ խեցու» վերածաղկումը։ IX-XIII դդ. Հայաստանի քաղաքները (Դվին, Անի) դառնում են խեցեգործական խոշոր կենտրոններ. այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները։ XIII-XVIII դդ. Սպահանի, Իկոնիայի հայ խեցեգործ վարպետները պատրաստում էին շինարարական գեղատես սալիկներ, հախճապակե ջնարակապատ խեցե իրեր։ XII դ., երբ խեցեգործությունը Թուրքիայում անկում էր ապրում, միակ կենտրոնը մնում էր Քյոթահիան (Կուտինա), որտեղ կային հայկական բրուտագործության ամբողջ թաղամասեր։ Քյոթահիայի հայ վարպետներն իրենց աշխատանքներում արեւելյան զարդանախշը լրացնում էին քրիստոնեական թեմատիկ եւ սիմվոլիկ պատկերներով, ինչպես նաեւ մակագրություններով, որոնք հավաստում էին հայ վարպետների ինքնությունը։ Այդ իրերը զարդարում էին եկեղեցիների ինտերիերներ, սուլթանի ապարանքը, արտահանվում Եվրոպա, որի շնորհիվ Քյոթահիան հռչակված էր իբրեւ «Արեւելքի Սեւր»։
Ավելի քան 80 տարի առաջ Քյոթահիայից Երուսաղեմ գաղթեցին հմուտ խեցեգործ վարպետների երեք ընտանիքներ, որոնց արվեստը մինչեւ այսօր մեծ ճանաչում է վայելում Իսրայելում։ Արվեստաբան Նուրիթ Քանան-Կեդերը երկար տարիներ է նվիրել նրանց արվեստի ուսումնասիրությանը եւ վերջերս հրատարակել է «Երուսաղեմի երեք սերնդի հայկական խեցեգործական արվեստը 1919¬2000 թթ.» գիրքը, որն առաջին եբրայերեն գիրքն է հայ արվեստի մասին առ այսօր։
Իսրայելում տիրապետություն հաստատած բրիտանացիները 1919 թ. Երուսաղեմի Հասալա տաճարի գմբեթի սալիկները նորոգելու նպատակով դիմում են Թուրքիայի Քյոթահիա քաղաքի հայկական համայնքի ղեկավարներինՙ խնդրելով Երուսաղեմ ուղարկել խեցեգործ վարպետներ։ Երուսաղեմ գնալու ցանկություն են հայտնում Դավիթ Օհանիսյանը, Նշան եւ Թագուհի Բալյանները եւ Մկրտիչ ու Աբգարիս Քարքաշյանները եւ այդ ժամանակվանից ի վեր դառնում Երուսաղեմի Հին քաղաքում ապրող հայկական համայնքի անդամները։ Մոտ երեք տարի նրանք միասին զբաղվում են տաճարի նախշազարդմամբ։ 1922 թվականից նրանք առանձնանում են եւ բացում իրենց սեփական արվեստանոցները. Բալյաններըՙ Արեւելյան Երուսաղեմում, իսկ Քարքաշյաններըՙ Հին Երուսաղեմում։
Գրքում արվեստաբանը ընդգծում է այն փաստը, որ Երուսաղեմի հայկական խեցեգործության վարպետները շարունակում են Քյոթահիայում ստեղծագործած իրենց հայրերի արվեստը եւ աշխարհում միակն են իրենց ուրույն տեսակով։ 1915 թ. թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հայերը փախչում են Քյոթահիայից եւ խեցեգործական արվեստն անցնում է թուրքերին, որոնք կենտրոնանում են թուրքական Իզնիկ քաղաքում։ Նրա բնորոշմամբ, հայկական խեցեգործական արվեստն առանձնանում է հարուստ գունագեղությամբ, բուսական ու կենդանական աշխարհի վառ նախշերովՙ մեռնող եւ հառնող թռչուններ (փյունիկ), ձկներ, աստվածաշնչյան պատկերներ։ Երուսաղեմի հայ վարպետները հավատարիմ են մնացել հայ խեցեգործական արվեստի ավանդական ձեւերինՙ գրավելով Իսրայելի հայտնի մարդկանց ու կոլեկցիոներների ուշադրությունը։ Վերջիններս վաղուց գնահատել են նրանց արվեստն ու արդեն ձեռք բերել բազմաթիվ նմուշներ։ Այսպես, Իսրայելի նախկին նախագահ Խայիմ Վայցմանի տանը կարելի է գտնել հայկական խեցե սպասքի հավաքածու, նրա գրասեղանը պատված է հայկական նախշազարդով։
Իսրայելում մինչ օրս բացվել է հայկական խեցեգործության երկու ցուցահանդես Թեվ Ավիվի « Էրեց Իսրայել» թանգարանում. մեկը 1986 թ.ՙ «Երուսաղեմի հայկական խեցեգործությունը», մյուսըՙ 2000 թ. «Դրախտի թռչունները» Մարի Բալյանի անհատական ցուցահանդեսը։
Երուսաղեմում հայկական խեցեգործական արվեստի նմուշները տեսնելու համար բավական է լինել Հին քաղաքի Սբ. Հակոբ եկեղեցում, որն, ի դեպ, 17-րդ դարում Քյոթահիայից հրավիրված վարպետների աշխատանք է, Դավթի ամրոցի այգում, «Ամերիկան քոլոնի» հյուրանոցում, Սբ. Անդրեաս շոտլանդական եկեղեցում, Ռոկֆելլերի թանգարանում, հայկական գերեզմանատան շիրմաքարերին, քաղաքի փողոցներում եւ շատ ու շատ այլ վայրերում։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ