«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2002-07-17 | #133, 2002-07-18 | #134, 2002-07-19


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԻ ԴՐԵԼ

Նախկին արտգործնախարար Արզումանյանը հակառակն է պնդում

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Հայկական ժամանակ» (18 հուլիս) օրաթերթում ասում է. «Նախապայմաններից պետք է հրաժարվի ոչ միայն Հայաստանը, այլեւ Թուրքիան։ Վերջինս պետք է հաղթահարի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված իր կոմպլեքսները։ Միայն նախապայմանների բացակայության դեպքում է հնարավոր երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը»։

Պրն Արզումանյանը կանգնած է Հայաստանի արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության ստեղծման ակունքներում. 1990¬98 թթ. հերթականորեն զբաղեցրել է ԱՄՆ-ում եւ Կանադայում ՀՀ մնայուն եւ լիազոր ներկայացուցչի, ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի եւ վերջապես Հայաստանի արտգործնախարարի պաշտոնները։ Իշխանափոխությունից հետո մնացել է ակտիվ քաղաքականության մեջ, այժմ ՀՀՇ-ի ղեկավարն է, վստահաբարՙ տեղյակ է, որ պաշտոնական Երեւանը Թուրքիայի հետ հարաբերություններում երբեք նախապայմաններ չի դրել։ Ի տարբերություն Անկարայի, որը ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին դնում է վեց նախապայմաններ. ա) չհիշատակել Հայոց ցեղասպանությունը, բ) պաշտոնապես հրաժարվել պահանջատիրությունից, գ) կասեցնել սփյուռքահայության հակաթուրքական գործունեությունն աշխարհում, դ) ստիպել ԼՂ հայությանըՙ ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, ե) ազատել գրավյալ տարածքներըՙ ներառյալ Լաչինն ու Շուշին, զ) Լաչինի դիմաց փոխանակել Մեղրին։ Այս նախապայմաններից Թուրքիայի համար կարեւորագույնը, թերեւս, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, ներառյալ Լաչինն ու Շուշին, հեռանալն է։

Լեւոն Տեր-Պետրոսյանի գահակալության տարիներին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չհաստատեց, իսկ առաջին նախագահի հրաժարականի լուրն ակնհայտ ցավով ընդունեց։ Կամՙ երբ 1992 թ. ամռանը Տեր-Պետրոսյանը Հայաստանից վտարեց Հրայր Մարուխյանին, երկու տարի անց կասեցրեց ՀՅԴ-ի գործունեությունը, մեկ օրում փակեց 12 թերթ, Թուրքիան ողջունեց Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը։ Եվ մեկ օրինակ. դեռ 1991 թ. վերջերին, երբ մահափորձ կատարվեց Բուդապեշտում Թուրքիայի դեսպանի նկատմամբ, եւ պատասխանատվությունը ստանձնեց ԱՍԱԼԱ-ն, ԱՄՆ-ում եւ Կանադայում ՀՀ մնայուն եւ լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը դատապարտեց «վայրագության այս գործողությունը Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչի դեմ», հույս հայտնելով, որ «հունգարական իշխանություններին ի վերջո կհաջողվի բացահայտել հանցագործների ինքնությունը եւ ձերբակալել նրանց»։

Այս օրինակները հիշեցնում ենքՙ ցույց տալու, որ Տեր-Պետրոսյանի վարչակազմն արեց ամեն բան, որպեսզի հաստատվեն հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն ամեն անգամ Երեւանը հանդիպում էր թուրքական պատինՙ նախապայմաններին։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք բերել այլ օրինակներՙ ցույց տալու Թուրքիայի հանդեպ որդեգրած Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղմ քաղաքականությունը։ Թուրքիան Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու «պատրաստակամություն» հայտնելուց զատ որեւէ գործնական քայլ չարեց։

Ալեքսանդր Արզումանյանն ասում է. «Նախապայմաններից պետք է հրաժարվի ոչ միայն Հայաստանը, այլեւ Թուրքիան»։ Վատ չէր լինի, եթե պրն Արզումանյանը հիշատակեր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հայկական նախապայմանները։ «Ազգ»-ը խոստանում է դրանք տպագրել, եթե, անշուշտ, նման նախապայմաններ կան։ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմն Անկարայի հետ հարաբերություններում որեւէ նախապայման չի դրել, արտգործնախարար Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող նախապայման լինել։

Մենք կարծում ենք, որ պրն Արզումանյանը, տարբեր առիթներով շեշտելով «հայկական նախապայմանները», փորձում է ձեւավորել հասարակական կարծիք, թե իբր Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանն առաջադրում է նախապայմաններ, ինչպես Թուրքիան։

«Միայն նախապայմանների բացակության դեպքում է հնարավոր երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը», ասում է պրն Արզումանյանը։ Միանգամայն համաձայն ենք։ Մնում է Թուրքիան հրաժարվի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններից։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4