Կանադահայ հայտնի սցենարիստ եւ կինոբեմադրիչ Ատոմ Եղոյանը, որի վերջինՙ «Արարատ» ֆիլմը մայիսին մրցույթից դուրս ցուցադրվեց Կաննի միջազգային կինոփառատոնում, շարունակում է արվեստասեր հասարակայնությանը զարմացնել ու հիացնել իր բազմակողմանի օժտվածությամբ։ Իր կոմպոզիտորական ձիրքը նա մարմնավորել է «Սալոմե» օպերայի մեջ։ Բացի դրանից, Եղոյանը գրում է լիբրետտոներ եւ նույնիսկ դիրիժորություն անում «Թեփիստրի մյուզիք թիեթր» երաժշտական թատրոնումՙ «Էլսյուհրլիս» օպերայի ներկայացումների ժամանակ։
Իր ստեղծագործ մտքի շնորհիվ Ատոմ Եղոյանը նաեւ արվեստի գործեր է կերտում զանազան սարքերից ու սարքավորումներից։ Այդ գործերի մի մասն արդեն ցուցադրվել է Վենետիկի բիենալեում, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաեւ Օքսֆորդի թանգարանում։ «Ֆրանս¬Արմենի» հանդեսը տեղեկացնում է, որ ներկայումս Եղոյանը պատրաստվում է աշնանը Մոնրեալի ժամանակակից արվեստի թանգարանում բացվելիք անհատական ցուցահանդեսին։ Այդ թանգարանն ամեն տարի մեկ արվեստագետ է ընտրում, որը պարտավոր է ցուցահանդես բացելՙ նպաստելով երկրի մշակութային կյանքի առաջընթացին։
Ատոմ Եղոյանի բավական տարօրինակ թվացող նախագիծը «Գործածությունից դուրս» անունն է կրում եւ ըստ մտահղացման լինելու է ավելին, քան զուտ տարածական արվեստի ցուցահանդես։ Եղոյանն ուզում է աշխատանքին մասնակից դարձնել Մոնրեալի եւ շրջանի բնակիչներին, որոնց խնդրել է իրեն տրամադրել տնային հնաոճ, բայց գործող ձայնագրիչներ։ Նա մտադիր է իր ցուցահանդեսում քննադատաբար ներկայացնել տեխնոլոգիայի ազդեցությունը մեր ժամանակակիցների կյանքի վրա։ Նա ուզում է ձայնագրիչների հետ կապված վերարթնացնել մոնրեալցիների հուշերը։ «Քանի որ թվային տեխնոլոգիան զավթում է մեր աշխարհը, ես ջանում եմ այս նախագիծը հուշարձան դարձնել դասական ձայնագրման առավել խոցելի հատկությունների եւ այն բանի համար, թե ինչպես հնացած տեխնոլոգիան կարող է արտահայտել հանրակցությունների զարգացմանն առնչվող հասկացություններ», պարզաբանում է արվեստագետը։
Պ. Ք.