«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2002-07-18 | #134, 2002-07-19 | #135, 2002-07-20


ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ ՍՆԿԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ

Լոռու մարզում տուժել է 33 մարդ

Լոռու մարզի ՆԳ վարչության տեղեկագրերում սնկային թունավորումների անհանգստացնող փաստեր են արձանագրվել։ Միայն վերջին տասնօրյակում Վանաձորում եւ Ստեփանավանի տարածաշրջանում գրանցվել են սնկային թունավորման 13 դեպքեր, 32 մարդ այդ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Այս փաստերի մասին տեղեկատվություն ստացանք նաեւ Վանաձորի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության մարզային կենտրոնի սննդի հիգիենայի բաժնի վարիչ Կամո Դիլբարյանից.

¬ Սնկային թունավորումների դեպքերը սեզոնային բնույթ են կրում եւ տարիների փորձը ցույց է տալիս, որ հուլիս-օգոստոս ամիսներին դրանք հաճախակի են դառնում։ Սակայն անհանգստացնող է այն փաստը, որ 2001 թ. Վանաձորում գրանցվել էր սնկային թունավորման 18 դեպք, տուժել էր 33 մարդ, մեկըՙ մահացել, այս տարի արդեն, հուլիսի 19-ի դրությամբ, գրանցվել է 18 դեպք, տուժածները 31-ն են, այդ թվումՙ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր այս ախտորոշմամբ մանկական բաժանմունք են ընդունվել 10 երեխա, ամենափոքրըՙ մեկ տարեկան։

Թվերը խորհելու տեղիք են տալիս, եւ եթե հաշվի առնենք, որ թունավորումները նոր են սկսվում, պարզ է, որ պատկերն առավել մտահոգիչ է։ Հիվանդները հիմնականում իրենք են հավաքել սունկը, շատերն արձանագրում են, որ ճանաչում են սնկատեսակները։

Հավանաբար բնակլիմայական փոփոխությունների պատճառով այն սունկը, որ նախկինում համարվում էր ուտելի, այժմ պարունակում է թունավոր բաղադրամասեր։ Ուստի բնակչությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ սնկի օգտագործումից. ոչ մի երաշխիք չկա, որ նախկինում ուտելի համարվող սունկն այժմ թունավոր չէ։ Անգամ ավանդական փորձամիջոցները (կարտոֆիլի փորձ, ջուրը մի քանի անգամ փոխել, նոր եփել եւ այլն) չեն օգնել, սա փաստում են թունավորվածները։

Թունավորման դեպքեր արձանագրվել են եւ՛ ծառի, եւ՛ հողի սնկից։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4