Լիսաբոնում Հայաստանն օգտվեց վետոյի իրավունքից, ինչը սակայն հավասար էր դիվանագիտական պարտության
Հուլիսի 19-ին Մամուլի ազգային ակումբում ասուլիս էր կազմակերպվել Դավիթ Շահնազարյանի հետ, որը լուսաբանել է նաեւ «Ազգը»։ Որպեսզի ընթերցողներին, նաեւ Դավիթ Շահնազարյանին ցույց տանք, թե որքան հետեւողական է պրն Շահնազարյանն իր կողմնորոշումներում, հայտարարություններում, մեկ այլՙ 1997 թ. սեպտեմբերի 18-ի ասուլիսից հատվածաբար մեջբերումներ անենք։ Ասուլիսը տեղի է ունեցել Արմենպրեսի մամուլի սրահում, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ։
Հիշյալՙ 1993 թ. ասուլիսում պրն Շահնազարյանն ասում էր, որ ԼՂ հիմնահարցի շուրջ լուրջ անհաջողություն արձանագրվեց հենց այն ժամանակ, երբ Հայաստանում լրջորեն վտանգվեց ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես ազատ եւ արդար ընտրությունների ապագան։ Այդօրինակ իրավիճակում, որը բնութագրվում էր «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն», երբ կանգ էր առել բանակցային գործընթացը, «պայթեց Լիսաբոնը», ընդգծել է Դավիթ Շահնազարյանը, նկատելով, որ «Լիսաբոնը պայթեց, իհարկե, սեպտեմբերյան իրադարձություններից հետո»։ «Լիսաբոնի պտուղները մինչեւ այսօր մենք քաղում ենք», եւ «սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվեց փակուղու առջեւ», Հայաստանը վերածվեց անկլավի, նկատել է Շահնազարյանը։ Իսկ ժողովրդավարության առումով Հայաստանն այսօր հետ է մնացել Վրաստանից, եւ չի բացառվում, որ առաջիկայում հետ կմնա նաեւ Ադրբեջանից։ Շահնազարյանը նշել է, որ «այսօր արդեն հասունացել ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հարցը», ցավով նկատել, որ արտասահմանյան մի կարեւոր պատվիրակության հետ ունեցած հանդիպման ժամանակ հանրապետության ղեկավարներից մեկը ղարաբաղյան հարցը ներկայացրել է որպես «Ադրբեջանի տարաձայնություն իր ազգային փոքրամասնության հետ»։ Ցավոք, Շահնազարյանը չի նշել այդ բարձրաստիճան պաշտոնյայի անունը։
1997 թ. սեպտեմբերի 18-ի ասուլիսում Շահնազարյանը նկատում է, որ սեպտեմբերից հետո միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Եվրոպայի աչքում Հայաստանը կորցրեց իր միջազգային հեղինակությունը հենց ժողովրդավարության վտանգման առումով։ Ինչի հետեւանքով էլ մեկուսացվեց Եվրոպայից եւ ԱՄՆ-ից։ Եթե առաջիկայում միջազգային հանրությունը Հայաստանի հետագա ժողովրդավարացման հեռանկարներ չստանա, ապա «ղարաբաղյան կարգավորման հարցում Լիսաբոնը կշարունակվի», ասել է Շահնազարյանը։
Հնգամյա վաղեմության այս ասուլիսի մասին առավել մանրամասն կարելի է կարդալ «Ազգում» (1997թ., 19 սեպտեմբեր), հրապարակման հեղինակն է Նարինե Մկրտչյանը։
Մեր կողմից ավելացնենք, որ «սեպտեմբերյան իրադարձություններ» ասելով պրն Շահնազարյանը նկատի է ունեցել 1996 թ. սեպտեմբերի 21¬26-ը ընկած ժամանակահատվածը։ Եթե հիշում եք, այդ օրերին ԱԺ ամբիոնի մոտ ծեծվեց Շավարշ Քոչարյանը, բանտարկվեցին մի քանի պատգամավորներ, ձերբակալված պատգամավորներին ջարդուփշուր էր անում բանտապետ Մուշեղ Սաղաթելյանը, որին այսօր հհշ-ական անկա՜խ մամուլն ատամներով պաշտպանում է։ Եթե հիշում եք, այդ օրերին մի մարդ, որի դեմ Հայաստանում խաղ չկար, տանկեր հանեց հայ ժողովրդի դեմ, հոխորտաց, թե «100 տոկոս էլ ձայն հավաքեք, Լեւոնն է նախագահ դառնալու»։ Եվ վերջապես, եթե հիշում եք, այդ օրերին Լեւոն Տեր¬Պետրոսյանը բացահայտ խաբեությամբ նշանակվեց ՀՀ նախագահ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ