«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2002-07-19 | #135, 2002-07-20 | #136, 2002-07-23


ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ

Հայաստանի աքիլլեսյան գարշապարը

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված խորաթափանց հրապարակումներ, ավաղ, այնքան էլ շատ չեն հանդիպում։ Այս առումով հաճելի բացառություններից էր մեր երկրում Միջազգային արժութային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Կարպիս Իրադյանի «Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը եւ հետագա խնդիրները» հոդվածը («Ազգ», 19 հուլիսի), ուր բանիմաց տնտեսագետի սթափ հայացքով կատարված դառն ու հաճախ դաժան դիտարկումները, մատը մեր իրականության ցավոտ խնդիրների վրա դնելու հեղինակի անաչառ կեցվածքը նրա սկսած խոսակցությունը շարունակելու ցանկություն առաջացրին։

Իր վերլուծության մեջ պրն Իրադյանը, տնտեսագիտորեն բացահայտելով երկրի շոշափելի տնտեսական աճի պայմաններում բնակչության լայն զանգվածների կենսամակարդակի վրա այդ իրական աճի թողած գրեթե զրոյական ազդեցության պարադոքսը, դրա պատճառներից մեկը համարում է կոռուպցիան։

Իրոք այդպես է, դա արդեն գիտակցվում է ամենաբարձր մակարդակով։ Համենայն դեպս, «Ազգի» ընթերցողներին հայտնի է, որ կառավարությունը, Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, անկախ փորձագետների ներգրավմամբ մշակում է կոռուպցիայի նվազեցման հատուկ ռազմավարական ծրագիր։ Հուլիսի 2¬3-ը Թեքեյան կենտրոնում գումարվել էր այդ ծրագրի միջանկյալ հավեշտվությունըՙ հասարակությանը հրամցնելու սեմինար, որին ես էլ էի մասնակցում։ Քննարկումներն իրոք հետաքրքրական էին, միջազգային փորձագետների ներկայացրած երաշխավորություններըՙ ուշադրության արժանի։ Ամենահետաքրքրականը... կոռուպցիայի սահմանումն էր։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պարզունակ պատկերացմամբՙ կոռուպցիան ընդամենը պաշտոնական դիրքի չարաշահմամբ կաշառաշորթումն է։ Միջազգային փորձագետները, սակայն, գտնում են, որ կոռուպցիոներ է ոչ միայն կաշառք շորթող պաշտոնյան, այլեւՙ կաշառք տվող քաղաքացին։ Սովետական իրավագիտությունը կաշառք տալը նույնպես հանցանք էր դիտում, սակայն, անկեղծ լինենք, կաշառատուն ամենեւին կոռուպցիոներ չէր համարվում։ Այս նրբերանգը, կաշառատուին կոռուպցիոներ համարելը, հարկադրում է միանգամայն նորովի նայել մեր ողջ հասարակական կյանքին, գիտակցել, որ Հայաստանն իսկապես հետխորհրդային շրջանի ամենակոռումպացված երկրներից մեկն է, եւ դրանում շատ մեծ չափով մեղավոր է ո՛ղջ հասարակությունը, եւ ոչ միայն «անիծյալ» չինովնիկությունը։ Չակերտներ եմ դրել, քանզի առանց չինովնիկության պետություն չի լինում, առանց մեծ ու փոքր պաշտոնեության որեւէ պետական մեխանիզմ գործել չի կարող։ Հետեւաբար, եթե այդ պաշտոնեության մի խոշոր հատվածը կաշառաշորթող է, ապա դրանում մեղքի իր որոշակի բաժինն ունի նաեւ հասարակությունն ինքը, իր իսկ կազմած ինստիտուցիոնալ հաստատություններով, իր քվեներով ձեւավորված իշխանության մարմիններով, իր ընտրյալների ընդունած օրենքներով։ Այո՛, առաջին հերթինՙ օրենքներով։ Քանզի ակնհայտ է, որ կոռուպցիայիՙ կաշառաշորթման եւ կաշառատվության հիմնական պատճառներից մեկը հենց այն է, որ երկրի օրենքների անկատարությունը, շատ դեպքերում նաեւ անարդարացիությունը, բառացիորեն հարկադրում է կաշառքի միջոցով շրջանցել այդ օրենքները։ Քանի դեռ օրենքի պահանջները կատարելը ձեռնտու չէ քաղաքացուն, մանավանդՙ տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացուն (այլ կերպ նրան անվանում են «տնտեսվարող սուբյեկտ»), նա պե՛տք է ձգտի... կաշառք տալ։ Ահա՛ չարյաց արմատը։ Ահա այն թաքուն զսպանակը, որը պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի ծաղկման համար։ Ասել կուզեմ, հանցագործ է ոչ միայն այն պետական պաշտոնյան, որն ի չարն է գործադրում զբաղեցրած դիրքըՙ օրենքով քաղաքացուն վերապահված իրավունքից օգտվելը նրա համար դարձնելով անմատչելի, որպեսզի վերջինս ճարը կտրած իրեն կաշառք տա, այլեւ այն քաղաքացին, որը կաշառք վերցնելու գայթակղության առաջ է կանգնեցնում տվյալ պաշտոնյային։ Մերկապարանոց չլինելու համար առարկայական օրինակ բերեմ։ Իմ անմիջական շրջապատում, ծանոթ-բարեկամներիս մեջ, քիչ չեն այսպես կոչված միջին եւ մանր ձեռներեցությամբ զբաղվող մարդիկ։ Անկեղծ զրույցների ժամանակ նրանցից շատերը միաբերան հայտարարում են, որ եթե ազնվաբար կատարեն պետության առաջ ունեցած իրենց ամենաբազմազան հարկային ու մաքսային պարտավորությունները, ապա անվերապահորեն կսնանկանան, չեն կարողանա պահել իրենց ընտանիքները եւ հատկապեսՙ ընդլայնել բիզնեսը։ Ահա եւ դիմում են ամենազոր կաշառքի օգնությանըՙ ամեն ամիս որոշակի «նալոգ» են վճարում հարկային տեսուչներին, մաքսավորներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, թաղապետարանների զանազան «բոռերին»... Ինչպե՞ս փրկվել այս աղետաբեր «կարուսելից»։ Պարզեցնել օրենքները, նվազեցնել հարկերը, երկրում ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որի պայմաններում կաշառք տալն այլեւս շահավետ չլինի՛։

Ընդունա՞կ է ներկայիս Ազգային ժողովն այդպիսի օրենքներ ընդունելու։ Հազի՛վ թե։ Նախ, պատգամավորների որոշակի մասի մտավոր կարողությունն այս տարրական բանը հասկանալու հույսեր չի ներշնչում, երկրորդՙ նույն այդ պատգամավորների մի ոչ պակաս խոշոր մասը ներգրավված է ուղղակի տնտեսական գործունեության մեջ, կապված է այս կամ այն տնտեսական կլանին եւ օրենքների նախագծերն ԱԺ-ով անց է կացնում նրանց շահերի հաշվառմամբ, երրորդՙ ԱԺ-ում ներկայացված պատգամավորների հաջորդ խումբը կառավարման համակարգի կոռումպացված մասի շահերի արտահայտիչն է, իսկ այդպիսիներին բնավ ձեռնտու չէ ունենալ այնպիսի օրենքներ, որոնք շրջանցելը շահավետ չլինի տնտեսվարող սուբյեկտին։ Հակառակըՙ այդպիսիները մինչեւ այժմ, գիտակցաբար թե անգիտակցաբար, միշտ ձգտել են ընդունել այնպիսի օրենքներ, որոնց շրջանցումը բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր սուբյեկտի համար պարզապես դառնա կենսական անհրաժեշտություն։ Քանզի կաշառք կարելի է վերցնել միայն եւ միմիայն այն քաղաքացուց, ով շահագրգռված է օրենքը շրջանցելու մեջ (օրինապահն ինչո՞ւ պիտի կաշառք տա)։

Ըստ իսՙ սա՛ է մեր երկրի աքիլլեսյան գարշապարը։ Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում մենք դարձյալ ԱԺ «գործուղենք» այսօրվա կարգի վայ-օրենսդիրների, ապա եւս 4 տարով երկարաձգելու ենք երկրի օրենսդրական դաշտի առողջացման, հետեւաբար նաեւՙ կոռուպցիան նվազեցնելու հեռանկարը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4