Ընդունելության քննություններ Արցախում
Այս տարի Արցախի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 500-ով։ Թերեւս հիմնականում դրանով է պատճառաբանվում այն հանգամանքը, որ զգալիորեն նվազել է նաեւ բուհ դիմողների թիվը։ Ընդ որում, մի համոզիչ փաստ. Արցախի պետհամալսարանում նախատեսված 755 տեղի համար, որից 200-ըՙ պետպատվերի, 555-ըՙ վճարովի հիմունքներով, դիմել է ընդամենը 660 դիմորդ։ Նրանք կարող են հավակնել միայն 543 տեղի համար, քանի որ նախորդ տարիների նմանՙ ԱրՊՀ-ի նախապատրաստական բաժինը եւ վարժարանը մայր բուհում ընդհանուր առմամբ 129 տեղ են ամրագրելՙ ընդունելության արտոնյալ հիմունքներով։ Եվս 83 հոգի արդեն ԱրՊՀ են ընդունվել փորձարարական կարգովՙ միջնակարգի գնահատականների հաշվառումով։
Այս պայմաններում, անշուշտ, ուժեղ մրցույթ չի լինի, թեպետ որոշ մասնագիտությունների գծով տեղերի համար 1։2 հարաբերությունն առկա է։ Դարձյալ թափուր տեղեր են արձանագրվել ագրոարդյունաբերական մասնագիտությունների գծով բաժիններում։ Դիմորդները, ինչպես նախորդ տարիներին, սակավ հետաքրքրություն են ցուցաբերում առավելապես ագրոնոմիա, անասնաբուժություն, գինեգործություն, հիդրոէներգետիկա, անտառային ճարտարագիտական գործ, հողաշինարարություն մասնագիտությունների նկատմամբ։ Ագրարային մեծ հեռանկարներ ունեցող ԼՂՀ-ի համար այս կարգի մասնագիտությունների քարոզչությունն ու խրախուսումը, թվում է, այսօր խիստ անհրաժեշտ են։
Մասնագիտությունների ընտրության հարցում նույն բանն է դիտվում նաեւ ՀՀ պետական բուհերում Արցախին հատկացված տեղերի ցանկում։ Եթե բժշկականի 5 տեղի համար գրանցվել է 13 դիմորդ, ապա էլեկտրաէներգետիկական համակարգեր եւ ցանցեր, ջերմագազամատակարարում եւ օդափոխություն, ջրամատակարարում եւ ջրահեռացում, կիրառական գեոդեզիա մասնագիտությունների համար արցախցի ոչ մի դիմորդ չի դիմել։
Այսուհանդերձ, այս տարի ԱրՊՀ դիմած դիմորդներն ուսանող դառնալու մեծ հնարավորություններ ունեն, որովհետեւ դրական գնահատական ստանալու դեպքում իրենց ընտրությամբ կարող են հայտագրել եւ մասնակցել մինչեւ 4 անվճար եւ նույնքան էլ վճարովի մասնագիտությունների մրցույթինՙ այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները հանձնելով։
Ընդունելության քննությունները, ինչպես եւ Հայաստանի Հանրապետությունում, սկսվել են հուլիսի 20-ին։ Այս տարի դրանք անցկացվում են ոչ թե ԱրՊՀ ոսումնական շենքում, այլ մայրաքաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, ուր քննությունների թափանցիկությունն ապահովելու համար բոլոր պայմանները ստեղծված են։
«Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցներում թե՛ անկախ դիտորդները եւ թե՛ դիմորդների ծնողները իրենց գոհունակությունն արտահայտեցին այս քննաձեւից, նշելով, որ ներկա քննապայմանները մինչեւ վերջ պահպանելու դեպքում ամեն մի դիմորդ կարժանանա իր ունեցած գիտելիքներին համարժեք գնահատականի։
Ընդունելության քննությունները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 15-ը։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ